Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան․ «Հայկական դիւանագիտութեան ամօթի օրը․ անգրագէտների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիւանագիտութեան ողջ աշխատանքը»

Մարտի 2-ին, երբ թուրքական Անթալիայում Հայաստանի արտգործնախարարն ու ընկերակիցները դիֆերամբներ էին ձօնում հայ-թուրքական չգործող յարաբերութիւնների, ընթացքի ու ապագայի մասին, Հայաստանում, Կառավարութեան 2012 թ.-ի որոշմամբ, պաշտօնապէս նշւում էր Հայ դիւանագէտի օրը։ Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

«Ցաւօք, մասնագիտական տօնին չեղած շնորհաւորանքներին զուգահեռ Անթալիայում ու դրանից առաջ էլ Բեռլինում հերթական անգամ նորանկախ Հայաստանի դիւանագիտութեան երեսնամեայ պատմութիւնն իջեցնում էին շրիշակից էլ ցածր մակարդակի։

Միայն մի քանի փաստի արձանագրում.

Նիկոլական իշխանութիւնը գլխատեց հայկական դիւանագիտական ընտանիքը, տասնեակ փորձառու դիւանագէտներ ոչ միայն դուրս են մնացել համակարգից, այլեւ՝ հրապարակային ընդդիմանում են ներկայիս վիճակին։

Բեռլինում, Ադրբեջանի հետ բանակցութիւններին նստած հայկական թիմում եղածներից որեւէ մէկը չունի դիւանագիտական փոքր ի շատէ երկարատեւ փորձառութիւն։

Աւելին՝ Արարատ Միրզոյեանի ընկերները՝ փոխնախարար (ծառայութիւնից խուսափած) Արարատ Կոստանեանն ու Դաւիթ Կարապետեանը նրա հետ ճանապարհորդում են 2018-ի ցոյցեր-փոխվարչապետ-ԱԺ նախագահ-ԱԳ նախարարութիւն երթուղով։

Դէ, Ռուբէն Ռուբինեանն ու Գերմանիայում ներկայիս դեսպանն էլ՝ ոնց պատահի, ոնց Նիկոլը յանձնարարի։

Անփորձների այս շրջանակում դիւանագիտական համակարգային յիշողութեան բացակայութեան պայմաններում է, որ Ռուբինեանը անցեալից անտեղեակ յայտարարութիւններ է անում ու փոշիացնում անգամ անցնող երեսնամեակի դիւանագիտական ձեռքբերումները։

Փառամոլութեամբ աննախադէպ յայտարարում, թէ 2023-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 30-տարւայ մէջ առաջին անգամ բացւեց հայ-թուրքական սահմանը։ Չգիտենալով, որ այդ սահմանը պարբերաբար բացւել է, անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների համար։

Անգրագիտութիւնն այնքան է իշխում, որ Ռուբինեանն Անթալիայում չի էլ գիտակցում, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց չկայ, Անկարան է 1993 թւականին փակել սահմանը եւ իրենք պէտք է բացեն։

Այնքան անգրագէտ են գործել, որ փոշիացնելով հայկական դիւանագիտութեան ողջ վաստակը, անցնող տարիներին թոյլ են տւել ու հիմա էլ ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարի շուրթերով ու որոշմամբ համաձայնւում են տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրքի պաշտօնականացմանը։

Անգրագէտների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիւանագիտութեան ողջ աշխատանքը եւ համակերպւել ու ընդունել է, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները ամբողջովին փոխկապակցւած են Թուրքիայի հետ յարաբերութիւնների հետ, ընդունում են թուրքական նախապայմանները եւ պատրաստ են հնազանդօրէն խաղի այդ կանոններով քարշ գալ։

Դեռ որքան դիւանգիտական ջանք ու աշխատանք է պահանջւելու, որ հնարաւոր լինի (եթէ հնարաւոր կը լինի) ուղղել սխալները։

Սիրելի դիւանագէտ ընկերնե՛ր, շնորհաւորում եմ ձեր տօնը։

Այսօր խոստացէք, որ անգրագէտների հեռացումից յետոյ, Հայրենիքի կանչով, նեղացւածութիւնը մի կողմ էք դնելու ու նորից շարք էք վերադառնալու, որ ներքին թշնամու ու անգրագէտի աւերը շտկէք, շտկենք միասին:

Յ.Գ. լուսանկարներում՝

  • 1992 թ. մարտի 2, Նիւ Եօրքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց պաշտօնապէս բարձրացւում է Հայոց Եռագոյնը:
  • 2018 թ. յունիսի 29, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մօտ ԱՄՆ-ում 1918-1920 թւականներին Հայաստանի առաջին դեսպան Արմէն Գարոյի (Գարեգին Փաստրմաջեան) կիսանդրիի բացման արարողութիւնը»:

Related Articles

Back to top button