Հայաստան - Արցախ

Արման Թաթոյեան. «Ներքին Հանդը 3 կողմից շրջապատւած է ադրբեջանական 2 տասնեակից աւելի դիրքով․ պատկերացնո՞ւմ էք մարդկանց վիճակը»

Ադրբեջանական զինծառայողները ներկայ լինելով թէ՛ մեր բնակավայրերի հարեւանութեամբ, թէ՛ ճանապարհներին` ամբողջութեամբ անհնարինութեան են վերածել մարդկանց կեանքը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյեան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյեանը։

«Ադրբեջանական զինւած ծառայողներն անօրինական տեղակայումներ ունեն մեր համայնքների անմիջական հարեւանութեամբ եւ համայնքներն իրար կապող ճանապարհներին։ Այդ անօրինական, յանցաւոր տեղակայումները 2 տեսակի են․ տեղակայումներ, որոնք Հայաստանի Հանրապետութեան անմիջական սահմանից ներս են եւ դրանք օկուպացւած տարածքներն են, այնտեղ իրականացնում է նաեւ ամրացման շարունակական աշխատանքներ, եւ կան հատւածներ, որոնք չեն գտնւում ՀՀ ինքնիշխան տարածքի մէջ, բայց քանի որ բնակավայրերի հարեւանութեամբ են եւ ադրբեջանական զինծառայողների սպառնալիքներով ու վերահսկողութեամբ թոյլ չեն տալիս, որ մարդիկ օգտագործեն իրենց պատկանող հողատարածքները, նորմալ կեանք վարեն եւ այլն։ Նրանց ներկայութիւնով վտանգւած է մարդկանց առողջութիւնն ու կեանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, վաստակել ընտանիքի եկամուտը։ Որոշ դէպքերում ադրբեջանական զինծառայողների ներկայութեան պատճառով վտանգն այնքան է մեծ, որ մարդիկ կանգնած են էքզիստենցիալ հարցերի առաջ՝ կամ մնալ, կամ ապրել տառապելով»,- ընդգծել է Թաթոյեանը։

Արման Թաթոյեանը պատմել է, որ Ներքին Հանդում մարդիկ գետի ջուր են խմում, որովհետեւ ադրբեջանական կողմն օկուպացրել է նաեւ ջրի ակունքները․ «Ոչ միայն խոհանոցում, կերակուր պատրաստելիս եւ այլն, նաեւ խմում են այդ ջուրը։ Մարդիկ չեն կարողանում մշակել իրենց այգիները։ Մարդիկ քուն ու դադար չունեն, որովհետեւ անզէն աչքով ադրբեջանական դիրքերը երեւում են։ Ներքին Հանդ գիւղի դպրոցը ադրբեջանական դիրքերի անմիջապէս առաջ է։ Պատկերացրէք մեր երեխաների իրաւունքների վիճակը․ նրանք դաս են անում պատուհանից ադրբեջանական զինծառայողների զինւած դիրքը կարող է հանգիստ հետեւել՝ դպրոցում ինչ է կատարւում»։

Նա նշել է, որ միայն Ներքին Հանդը 3 կողմից շրջապատւած է ադրբեջանական 2 տասնեակից աւելի դիրքով.

«Պատկերացնո՞ւմ էք մարդկանց վիճակը, երբ այսպիսի պատկեր է։ 2700 հա միայն Ներքին Հանդից գտնւում է ադրբեջանական օկուպացիայի ներքոյ։ Ներքին Հանդում ծնողը երեխային չի կարողանում դպրոց տանել, այս դէպքում պատկերացնո՞ւմ էք խաղաղութիւն։ Ներքին Հանդում մարդիկ չեն կարողանում գնալ եկեղեցի, գերեզմանոցներ։ Մարդիկ պարբերաբար ականների պայթիւնների ձայներ են լսում։ Մարդկանց ողջ կեանքը վերածել են անհնարինութեան։ Այս պայմաններում, երբ կայ ադրբեջանական այս աստիճանի անօրինական ներկայութիւն, մարդկանց իրաւունքների կոպիտ խախտումներ, ո՞վ ընդհանրապէս կարող է խօսել Ադրբեջանի խաղաղ մտադրութեան մասին։

Ներքին Հանդի ուղղութեամբ սադրանքի ողջ դիսկուրսն այն մասին էր, որ մեղայ գալու տոնայնութեան մէջ այսպիսին էր՝ տեղի է ունեցել միջադէպ, հայկական կողմը քննելու է միջադէպը, նաեւ կառաջանան իրաւական հետեւանքներ հայ զինծառայողների համար։ Այսիքնքն՝ ադրբեջանական զինծառայողներն ամէն օր մարդկանց կեանքն անհնարինութեան են վերածել, նրանք ամէն օր ցոյց են տալիս յանցաւոր վարքագիծ, նրանք մեր տարածքի ներսում են։ Սա նշանակում է նաեւ, որ մեր զինծառայողների պաշտպանութեան բացարձակ լեգիտիմութիւն կայ։ Դրա համար էլ այդ օպերացիայի անունը փորձում է դնել «հատուցում», մոռանալով, որ ինքն ամէն րոպէ այդպիսի յանցանքներ է գործում մեր ժողովրդի նկատմամբ»։

Related Articles

Back to top button