Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Միկոյեան. «Սա պետականութեան հանդէպ ծաղր է»

«ԱԼԻՔ» – «Սա ծաղր է պետականութեան հանդէպ: Յուսանք, մի օր այն կաւարտւի»: «Փաստ»-ի հետ զրոյցում նկատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի կողմից նախօրէին հրապարակւած «փաստաթղթերին»: Խօսքը, յիշեցնենք, ըստ Փաշինեանի՝ Արցախի հիմնախնդրի կարգաւորմանն առնչւող բանակցային փաստաթղթերի ցանկի մասին է: Բայց դա ինչ-որ ծաղկաքաղային փաստաթղթերի ցանկ էր, որի մէջ նաեւ «Հայկական ժամանակ»-ում 2008-ին տպագրւած հրապարակում կար:

«Իսկապէս ողբերգական է, որ լուրջ աշխարհաքաղաքական խաղացողների հետ փոխկապակցւած նման հարցին, այ, այսպիսի, չգիտեմ էլ, թէ ինչ բառով բնորոշեմ, վերաբերմունք է դրսեւորւում: Ու նման գործելակերպը ուղիղ կերպով բերել է այս հետեւանքներին»,-նկատել է Բագրատ Միկոյեանը:

Էական է Միկոյեանի այն ընդգծումը, որ Փաշինեանը չի հրապարակել Քի Վեսթի բանակցութիւնների փաստաթուղթը: Ի դէպ, երէկ էլ նա նշեց, թէ իրենց ձեռքի տակ չկայ նման փաստաթուղթ: Ի դէպ, այն ուղղակիօրէն կապ ունի նախագահ Քոչարեանի թէ՛ պաշտօնավարման, թէ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան միջնորդութեամբ վարած բանակցութիւնների բովանդակութեան հետ: «Այդտեղ (հրապարակւած ցանկում) չկայ Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցութիւնների սեղանին,-նշում է Միկոյեանն ու յաւելում,- փոխարէնը դրել են երբեւէ պաշտօնապէս չբանակցւած ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակւել է «Հայկական ժամանակում»: Փաշինեանը յղում է անում 2008 թւականի իր թերթում տպւած ինչ-որ հրապարակման ու անւանում է դա փաստաթուղթ»։

Մինչդեռ, եթէ ինքը Քի Վեսթի փաստաթուղթը հրապարակէր, Բագրատ Միկոյեանի կարծիքով, յօդս կը ցնդէր այն քարոզչական առասպելը, թէ Մեղրին տալիս էին:

Բագրատ Միկոյեանը կարծում է, որ այդ հրապարակումները լաւ առիթ են, որպէսզի համեմատւի, թէ 1998-ին բանակցային սեղանին ինչ էր դրւած, եւ դրանից տարիներ անց ինչ էին «Մադրիդեան սկզբունքները»: Ու համեմատութեան մէջ ակնյայտ կը դառնայ կատարւած դիւանագիտական աշխատանքը, բանակցային աշխատանքը:

Բագրատ Միկոյեանի առաջարկած մէկ այլ համեմատութեան տարբերակ, կարծում ենք, աւելի հետաքրքրական է: «Մի փաստաթուղթ կայ, որին մեր հանրութիւնը պէտք է իսկապէս ուշադրութիւն դարձնի. 2019 թւականի առաջարկների փաստաթուղթը, որը մերժել է Փաշինեանը, ու այդ հրաժարումը բերել է այս արհաւիրքին: Այդ հրաժարւելուց յետոյ էր, որ յայտարարեց, թէ՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», թէ՝ իր զրոյական կէտից է բանակցում»:

Իսկապէս կարելի է ինքնուրոյն դնել ու համեմատել. ի՞նչ են 2019 թւականին առաջարկել Փաշինեանին, ինչի՞ց է հրաժարւել, եւ ի՞նչ ունենք այսօր, աւելի ճիշտ՝ ինչեր չունե՛նք այսօր:

«Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նւաստացում, ամէն ինչի համաձայնեցում Փաշինեանի կողմից, դրա փոխարէն կարող էր լինել այն, ինչը գրւած է 2019 թւականի թղթի մէջ, որը, ի տարբերութիւն, այսպէս կոչւած, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակի» յօդւածի, պաշտօնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»,- ասում է Բագրատ Միկոյեանը:

Related Articles

Back to top button