Վահէ Դաւթեան. «Երեւանը կարող է անցնել Թուրքիայից եւ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի գնումներին»

«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտութիւնների ակադեմիայի Չինաստանի եւ ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասեան հետազօտութիւնների սեկտորի աւագ գիտաշխատող Վահէ Դաւթեանը «Հարաւային Կովկասի էներգետիկան եւ տրանսպորտը աշխարհաքաղաքական հեռանկարում» կլոր սեղանի շրջանակներում Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Հայաստանի կողմից նոր ԱԷԿ-ի նախագծի ընտրութեան հետ կապւած իրավիճակը:
«Ժամանակը բաւականին քիչ է։ Կարծում եմ՝ հիմա արդէն անհրաժեշտ է սկսել նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, որպէսզի մինչեւ 2036 թւականը, երբ գործողը դուրս կը բերւի շահագործումից, նոր բլոկը պատրաստ լինի եւ համաժամանակեայ միացւի ցանցին։ Ցաւօք, այսօր Հայաստանի կառավարութիւնը յայտարարում է, որ փոքր մոդուլային ատոմային ռեակտորի կառուցման որոշումն ընդունւել է, այսինքն՝ մոդելի վերաբերեալ որոշումը վերջնական է։ Բայց չկայ որոշում այն մասին, թէ ում հետ է Հայաստանը պատրաստւում անցնել այդ ճանապարհը՝ Ռուսաստանի Դաշնութեան, թէ ԱՄՆ-ի։
Զուգահեռաբար մենք տեսնում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնից, Ֆրանսիայից, Կորէայի Հանրապետութիւնից ստացւող առաջարկների մասին պարբերական յայտարարութիւններ։ Սակայն միանգամայն ակնյայտ է, որ ներկայումս առաւել առարկայական է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի առաջարկը, որը ներկայացրել է երկու տարբերակ՝ 1200 ՄՎտ հզօրութեամբ խոշոր ատոմային էներգաբլոկ եւ «ՌԻՏՄ-200Ն»՝ 50-60 ՄՎտ հզօրութեամբ փոքր մոդուլային ռեակտոր։ Ռուսական կողմը պատրաստակամութիւն է դրսեւորում համագործակցել Հայաստանի հետ ինչպէս կոնւենցիոնալ աւանդական ատոմային էներգետիկայի, այնպէս էլ փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում։
Հաշւի առնելով, որ Հայաստանի առջեւ դրւած է «Հիւսիս-Հարաւ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձեւաւորման ռազմավարական խնդիրը, անհրաժեշտ են խոշոր գեներացնող հզօրութիւններ՝ արդիւնաւէտ արտահանմանն ուղղւած էներգետիկ քաղաքականութիւն կառուցելու համար։ Փոքր մոդուլային ռեակտորը չի կարող ծածկել այն արտահանման կարիքները, որոնք Հայաստանն ի սկզբանէ դրել է իր էներգետիկ ռազմավարութեան հիմքում»,- յայտարարել է Դաւթեանը:
Նա նաեւ մեկնաբանել է մի շարք փորձագէտների կարծիքը, որոնք հաւանական են համարում, որ Հայաստանում նոր ԱԷԿ-ն ընդհանրապէս չի կառուցւի, ինչը Երեւանին կը հարկադրի անցնել էլեկտրաէներգիայի լայնածաւալ գնումների, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցութեան։
«Ես հիպոթետիկօրէն դա չեմ բացառում։ Նախ, հայկական էլեկտրաէներգիայի շուկան ազատականացւել է 2022 թւականի փետրւարի 1-ից։ Ազատականացւել է նաեւ արտաքին էլեկտրաէներգետիկ առեւտուրը։ Սա նշանակում է, որ առանձին սուբիեկտներին համապատասխան լիցենզիաներ տրամադրող Հայաստանն ունի աւելի էժան շուկաներից էլեկտրաէներգիայի ազատ ներկրման հնարաւորութիւն։ Պէտք է ընդունել, որ Հայաստանում գեներացւող էլեկտրաէներգիան ինքնարժէքով բարձր է եւ անմրցունակ՝ համեմատած վրացականի հետ, իսկ հեռանկարում՝ նաեւ թուրքականի հետ։
Ինստիտուցիոնալ ճարտարապետութեան տեսանկիւնից շուկան պատրաստ է դառնալ զուտ ներմուծող: Երկրորդ հերթին, պէտք է հաշւի առնել Հայաստանի իշխանութիւնների հռետորաբանութիւնն այն մասին, որ 2030 թւականին դրւած 1000 ՄՎտ ֆոտովոլտային հզօրութիւնների ստեղծման ռազմավարական խնդիրները լուծւել են չորս տարի շուտ։ Ինքը՝ Փաշինեանը, յայտարարել է, որ կառուցւել են արեւային էլեկտրակայաններ, որոնց հզօրութիւնը գերազանցում է երկու ատոմային էներգաբլոկների հզօրութեանը։ Սա վկայում է հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկէտ զարգացման որոշակի վերաիմաստաւորման մասին։
Ուստի, նման ռիսկ, իհարկէ, գոյութիւն ունի։ Եւ հարցն արդէն հանգում է աշխարհաքաղաքական իրողութիւններին, քանի որ, եթէ խօսենք տեխնիկատնտեսական մակարդակից, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը պէտք է սկսւէր առնւազն 2019 թւականին»,- նշել է Դաւթեանը։



