ԹեհրանՀամայնք

«Թունեան» հայոց ազգային աղջկանց տարրական դպրոցի նախաձեռնութեամբ եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի համագործակցութեամբ՝ Տեղի ունեցաւ «Մի Գիշեր դպրոցում» աշակերտական ներկայացումը

«Թունեան» հայոց ազգային աղջկանց տարրական դպրոցի նախաձեռնութեամբ եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի համագործակցութեամբ իրականացած «Մի Գիշեր դպրոցում» աշակերտական ներկայացումը համախմբել էր մեծ թւով հանդիսատեսի եւ հրաւիրեալների, որոնք նոյեմբերի 27-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում, եկել էին դիտելու ներկայացումը:

Նոր սերնդի մօտ մշակոյթի հասկացութեան փոխանցման եւ հայկականութեան ու ազգային ոգի սերմանելու կարեւորութիւնից ելնելով էր նման մի ներկայացում բեմադրւել: Տէրունական աղօթքով մեկնարկած ներկայացման բացման խօսքի ընթացքում «Թունեան» դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանը կարեւորելով բեմադրութեան նպատակը ընդգծեց. «Մշակութային ծրագրերի կարեւորութիւնից ելնելով մենք հաւատացած ենք, որ դասը միայն դասագրքերում եւ դպրոցի դասարաններում նստելով չի, որ փոխանցւում է, այլ նման կատարումներով, որին մասնակցում են հէնց իրենք աշակերտները, որոնք ծանօթանում են մեր ազգի եւ ինչու չէ աշխարհի կարեւոր իրադարձութիւններին»:

Անդրադառնալով ներկայացմանը նա նշեց, որ ներկայացումը մաս է կազմում դպրոցական տարեվերջի հանդէսի եւ ընդգծեց. «Երկրորդ անընդմէջ տարին է ինչ մենք մեր տարեվերջի հանդէսի բեմական ներկայացումը երկու գիշեր բեմադրում ենք Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում եւ մէկ գիշեր Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում, իհարկէ միութեան հրաւէրով եւ մեր ցանկութեամբ»: Իսկ անդրադառնալով դպրոցում իրականացւող բեմադրութիւններին նշեց. «Իւրաքանչիւր տարեմուտից յետոյ, այն աշակերտները ովքեր ցանկութիւն ունեն մասնակցելու աշխատանքներին արձանագրւում են պատկան դասարաններին՝ երգի, պարի դասընթացներին եւ այդ ոլորտի մասնագէտ ուսուցիչներով նրանք պատրաստւում են ամբողջ տարին, իսկ տարեվերջին այդ բոլորի հանրագումարը փորձում ենք մի պիէսով, որի թեման առաջարկում են հէնց մեր աշակերտները եւ դրանք համադրաբար ներկայացնում բեմական կատարմամբ: Դերակատարները մեր աշակերտներն են առաջին դասարանից մինչեւ 6-րդ,նաեւ մասնակցում են անցեալում դպրոցի սաներ եղած, եւ այժմ բարձրագոյն ուսումը շարունակող աշակերտները, որոնք կամ յաճախում են «Թունեան-Թովմասեան» ազգային միջնակարգ աղջ. դպրոցը կամ արդէն համալսարանների ուսանողներ են: Ես նաեւ շնորհակալութիւն եմ յայտնում «Թովմասեան» դպրոցի տեսուչին եւ փոխտեսչուհուն, որոնք չեն խնայել ոչինչ: Նաեւ մեզ հետ համագործակցում են «Նայիրի-Սողոմոնեան» ազգային տղայոց միջնակարգ դպրոցից աշակերտներ, որոնց համար եւս շնորհակալ ենք դպրոցի տնօրինութեանը եւ բոլոր ծնողներին ու ծնողական խորհուրդներին»: Նա անդրադառնալով ներկայացման թեմային նշեց, որ մի քանի աշակերտներ պատահաբար փակւում են դպրոցի գրադարանում, կորցնում դպրոցի արշաւին մասնակցելու հնարաւորութիւնը, իսկ առիթը օգտագործելով ցանկանում են իմանալ թէ՝ իրենց դպրոցում գիշերւան ինչ է տեղի ունենում եւ այսպիսով սկսւում է նրանց շրջապտոյտը իրական եւ երեւակայական աշխարհում:

Բացման խօսքին յաջորդեց ներկայացումը, որի առաջին իսկ բաժնում աշակերտները, որոնք փակւել էին գրադարանում նախ փնտրում են բանալի գրադարանից դուրս գալու համար եւ գտնելով բանալիների մի խուրձ թէեւ փորձում են դուրս գալ գրադարանից, սակայն իւրաքանչիւր դուռ բացելով, նրանց դիմաց բացւում է մի նոր աշխարհ, լինի դա պատմական իրադարձութիւն, ինչ որ ցանկութիւն, ներկայ թէ՝ ապագայ, կամ երեւակայութիւն, եւ բեմի վրայ յայտնւում էին համապատասխան զգեստներով պատկան դերակատարները: Պատմաութեան էջերը թերթելով, բեմադրութեան ընթացքում ներկայանում էին հայոց եւ միջազգային ճանաչում ունեցող եւ իրենց հայրենիքի համար դրական քայլեր ձեռնարկած թագուհիներ եւ կանայք, աստղագէտ-գիտամշակութային դէմքեր, ինչպէս՝ Անանիա, Շիրակացին, Գալիլէն, ներկայացւեց Կոմիտաս վարդապետը այն բաժնում երբ խօսւում էր Հայոց Ցեղասպանութեան մասին, երեւակայական աշխարհում բեմ բարձրացան ռոբոտները, Հարի Փաթերը, իսկ վեջում բոլորին միաւորեց միասնական հայ ժողովուրդը Հայաստանի եւ Արցախի դրօշներով:

Յատկանշական է, որ սկզբում աշակերտները գրադարանում նախ հայոց պատմութեան մի գիրք վերցնելով սկսում են մանրամասն ծանօթանալ Հայոց Ցեղասպանութեանը, օսմանցի այն դահիճներին, որոնք ծրագրեցին Հայոց Ցեղասպանութիւնը: Ապա Ցեղասպանութիւնից վերյառնած հայ ժողովրդին, հայկական ազատագրական շարժման հերոսներին եւ այսպէս մինչեւ մեր օրերը ներկայացւեց ներկան եւ ապագայի տեսլականները: Այս բոլորը իրականացւում էին համապատասխան բեմայարդարմամբ ու հագուստներով, որը խօսում էր ամիսների աշակերտ, ծնող, ուսուցիչ եւ Ծնողական խորհուրդ համատեղ ու տքնաջան աշխատանքի մասին: Բեմականացումը զուգորդւած էր ասմունքներով, անգիր երկարաշունչ տեքստերի կատարմամբ, պարերով, մեներգերով եւ աշակերտական երգչախմբի կատարումներով: Աւարտին ներկաները բուռն ծափողջոյններով դիմաւորեցին վեց տասնեակի հասնող աշակերտներին,որից յետոյ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախագահ Ադրինէ Կիրակոսեանի ձեռամբ դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանին յանձնւեց բոլոր աշակերտների համար պատրաստւած գնահատագրերը:

Բեմադրութեան իրականացման գործում իրենց անվերապահ համագործակցութիւնն էին բերել՝ Անի Նազարեանսը, Ալմարա Շամիրեանը, Ժիլբերտ Կարապետեանը, ծրագրի ընդհանուր պատասխանատու Շաքէ Աւետեան:

Միջոցառման աւարտին բեմայարթակ հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը գնահատելով ներկայացումը ընդգծեց, որ հրաշալի համադրութիւն կար անցեալի, ներկայի եւ ապագայի, երեւակայութեան եւ իրականութեան, նաեւ հետաքրքրութեան միջեւ, որը ապացուցում էր աշակերտների լայն աշխարհայեացքը, եւ ուսուցիչ, ծնող ու Ծնողական խորհուրդ համագործակցութիւնը:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, խորհրդի անդամներ, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, ազգային մարմինների, պատկան դպրոցների տեսչական ու ուսուցչական կազմերի ներկայացուցիչներ եւ մեծ թւով ներկաներ:

Իսկ վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Լուսանկարը՝ ԷՄԻԼԻ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ

Related Articles

Back to top button