Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արծւիկ Մինասեան. «Լաւրովն իրաւունք չունի վերջնագրերի լեզւով խօսելու Հայաստանի հետ»

Սերգէյ Լավրովը այնպիսի սխալ յայտարարութիւնների հեղինակ է, այդ թւում նաեւ Արցախի հետ կապւած՝ կիրառելով նոյն Նիկոլ Փաշինեանի խօսքերը, որ ես չեմ էլ ուզում անդրադառնալ իր արտայայտութիւններին: Այս մասին, մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, ըստ էութեան, յայտարարել է, որ Հայաստանը պէտք է կողմնորոշւի, կամ մեզ հետ էք, կամ մեզ հետ չէք, ընդդիմադիր պատգամաւորն ասաց. «Այդպիսի հարցադրումները պէտք է ուղղակի մերժւեն: Հայաստանը օբիեկտիւօրէն չի կարող այս տարածաշրջանում անտեսել ՌԴ-ի դերակատարութիւնը։ Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել նոր արհաւիրքների համար, ոչնչացնել Հայաստանը: Եւ, ոչ թէ Լաւրովի ասած ուլտիմատումի լեզւով եմ ուզում արձագանգելն, այլ նա ինքը իրաւունք չունի ուլտիմատում դնի, ինքն էլ պէտք է հասկանայ, որ ՌԴ-Հայաստան յարաբերութիւնները անձով պայմանաւորւած չէ։ Նիկոլ Փաշինեանը կամ իր խմբակն է իշխանութեան, թէ ոչ:

Ո՞նց կարող է Հայաստանի կամ հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնի Նիկոլ Փաշինեանից։ Ես կարծում եմ, որ սա նաեւ Ռուսաստանի համար ճիշտ մօտեցում չէ։ Ի՞նչ է նշանակում, կողմնորոշւէք՝ կա՛մ…, կա՛մ…։

Երբ Լաւրովը հիմնաւորում է այս իշխանութիւնների դաւաճանական գործողութիւնները, դրանով ինքը հայ ժողովրդին օգնո՞ւմ է, թէ՞ չէ»,-ասել է Մինասեանը՝ նշելով, թէ անընդունելի են Լաւրովի այն յայտարարութիւնները, թէ Հայաստանն անվերադարձ կորցրել է Արցախը:

Մեզ դեռեւս չի յաջողւել հանրային գիտակցութեան մէջ այնքան վստահութիւն ներշնչել, որ կարողանանք այս իշխանութիւններից ձերբազատւել. ասել է Արծւիկ Մինասեանը:

«Երեւի դա է պատճառներից մէկը, որ շարունակւում է այս իշխանութեան ապազգային, հակահայկական վարքագիծը»,-ասել է պատգամաւորը։

Մինասեանի խօսքով՝ այն, ինչ անում են իշխանութիւնները, ուղղակի խայտառակութիւն է. «Հայաստանի անվտանգութիւնը եւս մէկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալութեան դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմերից Հայաստանը հարւածներ է ստանում։ Ուղղակի թշնամացնել դաշնակցին եւ, առհասարակ, զրոյացնել Հայաստանի անվտանգութեան արտաքին համակարգերը, նշանակում է, որ այս մարդիկ եւս մէկ անգամ ցոյց են տալիս, որ ոչ միայն կապ չունեն պետական կառավարման հետ, այլեւ ոնց որ թէ բացարձակ կապ չունեն նաեւ հայ ժողովրդի անվտանգութեան նւազագոյն երաշխիքներ ստեղծելու հետ»։

Այն, ինչ անում է ՀՀ իշխանութիւնը, ուղղակի խայտառակութիւն է, Հայաստանի անվտանգութիւնը եւս մէկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալութեան դաշտ, որ ցանկացած պահի Հայաստանը բոլոր կողմերից հարւածներ է ստանում,- ասել է Արծւիկ Մինասեանը:

«Նրանք ուղղակի թշնամացնում են դաշնակցին, աւելին եղած անվտանգութեան համակարգն աշխատեցնելուն ուղղւած աւելի դաշնակցային մօտեցումը փոխարինել թշնամական մօտեցումով եւ առհասարակ զրոյացնել Հայաստանի անվտանգութեան արտաքին համակարգերը, սրանով այս մարդիկ եւս մէկ անգամ ցոյց են տալիս, որ ոչ թէ բացարձակ կապ չունեն պետական կառավարման հետ, այլ նաեւ կապ չունեն հայ ժողովրդի անվտանգութեան նւազագոյն երաշխիքներ ստեղծելու հետ»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամաւորը։

Հարցին, թէ ի՞նչ վատ բան կայ, որ Հայաստանը զուգահեռաբար յարաբերութիւնները խորացնի նաեւ ԵՄ-ի հետ, Արծւիկ Մինասեանն պատասխանել է. «Չկայ նման բան: Հայաստանը երկար տարիներ GSP+ համակարգի արտօնութիւնների համակարգում գործող պետութիւն է: Մենք այստեղ ունենք լուրջ սահմանափակումներ եւրոպական շուկաներում: Եւրոպական տարբեր ստանդարտները, նաեւ միջազգային խոշոր խաղացողներն ուղղակի ճանապարհ չեն թողնում, որ հայկական ապրանքները կամ ծառայութիւններն ազատօրէն մուտք գործեն այդ շուկաներ: Այսօր Հայաստանի շրջանառութեան հսկայական հատւածը կապւած է Ռուսաստանի հետ: Մոռանալ, անտեսել այս ամէնը եւ սին յոյսեր փայփայել եւրոպականացման գործընթացի մէջ, նշանակում է ուղղակի չհասկանալ, ապրել միայն սեփական բարեկեցիկ աշխատասենեակում, սեփական փոքր խմբի հետ վայելքների մէջ: Սա նշանակում է, որ ոչ մի բանի դիմաց դու փոխարինում ես քո քիչ, թէ շատ եղած անվտանգութեան համակարգերը»,-ասել է Մինասեանը:

Նիկոլ Փաշինեանի խմբակն ամէն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հարցերի լուծման ուղղութեամբ. ասել է Արծւիկ Մինասեանը:

«Սա ամենավտանգաւոր գործընթացն է: Չի կարելի արհեստականօրէն ստեղծել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը Հայաստանին դիտարկի որպէս թշնամի, կամ Իրանը Հայաստանին դիտարկի որպէս ոչ վստահելի հարեւան պետութիւն եւ այլն:

Հայաստանի իշխանութիւնը սկուտեղի վրայ մատուցել է Հայաստանը որպէս երկու կենտրոնների վէճի հարթակ, դաշտ:

Սրանից պէտք է դուրս գանք: Ինչո՞ւ ես արհեստականօրէն տանում մի տեղ, որտեղ շանս չունես փրկւելու: Լինելով շախմատիստ, մտնում ես բոքսի հրապարակ ու փորձում ես բոքս կպնել, այն էլ մերկ ձեռքերով: Իր խօսքերով, ցլերի դէմ ենք դուրս գալիս: Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դէմ»,-ասել է նա:

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button