Մայր Աթոռ Ս. Էջմիածինը արձագանքել է Հայոց Եկեղեցու եւ Գարեգին Երկրորդի հասցէին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հնչեցրած մեղադրանքներին
Մայր Աթոռում մեկնաբանել են Ալահշուքիւր Փաշազադէի յայտարարութիւնները.
«Արցախեան հակամարտութեան պատմութեան ողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ Հայ Եկեղեցու մնայուն յորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է եւ շարունակում է մնալ՝ յարգել սեփական պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացւած արդար իրաւունքը։ Շէյխ ուլ Իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն հաւանաբար Հայ Եկեղեցու այս կեցւածքն է թիւրիմացաբար բնութագրում որպէս ռեւանշիզմ։
Հայ Եկեղեցու հասցէին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարէն պատշաճ պիտի լինէր, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականութեանը եւ տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառւած ագրեսիային, 2020թ․ սանձազերծած պատերազմին, Արցախի բռնազաւթմանն ու հայաթափմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազաւթմանը, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելուն, պետական մակարդակով իրականացւող հայատեացութեան լայնամասշտաբ քարոզչութեանը եւ հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման ու իւրացման փաստագրւած դէպքերին։
Պատշաճ պիտի լինէր, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը, ունկնդիր լինելով Հայ Եկեղեցու կոչերին, իր հոգեւոր հեղինակութեամբ համապատասխան քայլեր ձեռնարկէր՝ կասեցնելու ցեղասպան գործողութիւններն ու հրէշաւոր բարբարոսութիւնները եւ նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղութեան հաստատմանը»։
Ալահշուքիւր Փաշազադէն, մասնաւորապէս, ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «արժանի չէ, որ ես նրան հրաւիրեմ Բաքու»: Նա պնդել է, որ «այսօր Հայկական եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ, ռեւանշիզմ է քարոզում ողջ աշխարհում»։
«Մեդիամաքս»