Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հիմա ի՞նչ ուղերձ են յղում քաղաքացիները կառավարութեանը

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Անցած տարւայ սկզբին, երբ ծնելիութիւնը Հայաստանում մի պահ աւելացել էր, Նիկոլ Փաշինեանն առիթը չկորցրեց ու յայտարարեց, թէ սա քաղաքացիների ուղերձն է կառավարութեան կողմից իրականացւող քաղաքականութեանը։

Ուզում էր ասել՝ ի հեճուկս հոռետեսների, քաղաքացիները վստահում են կառավարութեան իրականացրած քաղաքականութեանը, Հայաստանում տեսնում են ապագայ, դրա համար էլ սկսել են աւելի շատ երեխաներ ունենալ։

«2023 թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնւել է 11926 երեխայ, ինչը 1401-ով աւելի է, քան 2022 թ. առաջին չորս ամիսներին, 532-ով աւելի է, քան 2021 թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով աւելի է, քան 2020 թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով աւելի է, քան 2019 թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով աւելի է, քան 2018 թ. առաջին չորս ամիսներին:

Այս թւերը ես ընկալում եմ՝ որպէս քաղաքացիների կողմից կառավարութեանը հասցէագրւած ուղերձ, որոնք յաճախ չեն հնչում ամբիոններից, բայց ունեն վճռորոշ նշանակութիւն:

Եւ առաջիկայ մեր քաղաքականութիւնները հիմնւած են լինելու այս ուղերձների վրայ»,- յայտարարեց Նիկոլ Փաշինեանը։

Համարենք, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինեանը ճիշտ էր ընկալել քաղաքացիների ուղերձը։ Այդ դէպքում հարց է առաջանում՝ այժմ ի՞նչ ուղերձ են յղում քաղաքացիները կառավարութեանը, երբ հակառակն է տեղի ունենում՝ ծնելիութիւնը նւազում է։

Եւ ինչո՞ւ միայն ծնելիութիւնը. բնակչութեան բնական շարժի բոլոր հիմնական ցուցանիշերը վատացել են։

Ոչ միայն ծնելիութիւնն է նւազել, այլեւ մահերն են աւելացել։ Բնակչութեան բնական յաւելաճն է կրճատւել, այն էլ՝ բաւական մեծ տեմպով՝ 2,4 անգամով։

Պաշտօնական տւեալներով, տարեսկզբի առաջին երկու ամիսներին ծնելիութիւնը Հայաստանում 7,4 տոկոսով պակասել է։

Եթէ նախորդ տարի ծնւել էր 5914 երեխայ, այս տարի ծնւել է 5477-ը՝ 437-ով քիչ, քան անցած տարի։

Գուցէ ասի Նիկոլ Փաշինեանը, թէ հիմա սրանով ի՞նչ ուղերձ են յղում քաղաքացիներն իշխանութիւններին ու իր կառավարութեան իրականացրած քաղաքականութեանը, արդեօք վստահո՞ւմ են երկրի ապագայի վերաբերեալ իրենց տեսլականին, թէ՞ չեն վստահում, հաւատո՞ւմ են, որ Հայաստանում ապագայ կայ, թէ՞ չեն հաւատում։ Եթէ հաւատում են, ինչո՞ւ է Հայաստանում կրճատւել ծնելիութիւնը, ինչո՞ւ են մարդիկ խուսափել աւելի շատ երեխաներ ունենալ։ Դրանով ի՞նչ ուղերձ են փոխանցում կառավարութեանը։ Ծնելիութեան կրճատումը կառավարութեան իրականացրած քաղաքականութեան նկատմամբ վստահութեա՞ն, թէ՞ անվստահութեան արտայայտութիւնն է։

Այս հարցերին, բնականաբար, Նիկոլ Փաշինեանը չի անդրադառնալու։ Բայց առանց դրա էլ շատ բան վաղուց այլեւս պարզ է, քաղաքացիները վստահութիւն չունեն Նիկոլ Փաշինեանի իշխանութեան ու կառավարութեան կողմից իրականացւող քաղաքականութեան նկատմամբ։

Դրա վկայութիւններից մէկն էլ վերջերս հրապարակւած սոցիոլոգիական հարցման արդիւնքներն են, որոնց համաձայն՝ կառավարութեան ղեկավարի վստահութիւնը հասել է պատմական մինիմումի։

Նիկոլ Փաշինեանի աշխատանքից լիովին գոհ է հարցւածների ընդամէնը 8 տոկոսը։

Մէկ տարի առաջ գոհերի քանակը 16,2 տոկոս էր. կրկնակի կրճատւել է։

Նոյնիսկ նախկին «թալանչի» եւ «ոչ ժողովրդավար» ղեկավարները երբեւէ այդպիսի ցածր ռէյտինգ ու վստահութիւն չեն ունեցել, ինչպիսին, այս հարցման արդիւնքներով, ունի Նիկոլ Փաշինեանը։

Ծնելիութեան կրճատումը եւս կառավարութեան ու կառավարութեան ղեկավարի իրականացրած քաղաքականութեան նկատմամբ քաղաքացիների անվստահութեան արտայայտութիւններից մէկն է։ Մարդիկ չեն հաւատում երկրի ապագայի վերաբերեալ կառավարութեան քաղաքականութեանը։

Եւ ինչպէ՞ս պէտք է հաւատան ու վստահեն, երբ տեսնում են, թէ ինչ է կատարւում։ Չկայ անվտանգութեան ոչ մի երաշխիք, երկրի տարածքները քայլ առ քայլ յանձնում են թշնամուն։

Թշնամին աւելի է մխրճւում Հայաստանի խորքերը՝ ստեղծելով նոր ռիսկեր անվտանգութեան առումով։

Այս ամէնը քիչ է, երկիրը ներքաշել են աշխարհաքաղաքական մեծ խաղերի մէջ։ Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխութիւնների պայմաններում՝ ժամանակ են գտել կողմնորոշումները վերանայելու համար։

Ամէն ինչ այնպէս են խառնել, որ ոչ մեկը չի կարող ասել, թէ ինչ կը լինի վաղը։ Ոչ մի բանի վրայ վստահութիւն ու երաշխիք չկայ։ Մարդիկ չեն կարող անգամ մի քանի օրւայ կտրւածքով պլանաւորել իրենց ապագան։ Համատարած բացասական սպասումներ են ու բացարձակ անորոշութիւն, ինչին, անշուշտ, ադեկւատ է նաեւ քաղաքացիների ուղերձն ու վերաբերմունքը կառավարութեան իրականացրած քաղաքականութեանը։

Այսպիսի պայմաններում բնակա՞ն չէ, որ մարդիկ հակւած չեն լինելու հեռահար նպատակներ դնել, ոչ միայն իրենց, այլեւ իրենց երեխաների ճակատագիրը կապել մի երկրի հետ, որի ապագան այս իշխանութիւնների ձեռքով դարձել է անկանխատեսելի, անորոշ ու անյայտ։

Ահա, թէ ինչի պատճառով է, որ ծնելիութիւնը նւազել է։

Փոխարէնը՝ մահերն են աւելացել։

Պաշտօնական տւեալներով՝ այս տարւայ առաջին երկու ամիսներին Հայաստանում 4914 քաղաքացի է մահացել։

Սա 363-ով կամ 8 տոկոսով աւելին է, քան անցած տարի էր։

Անցած տարւայ նոյն ժամանակահատւածում 4551 քաղաքացի էր մահացել։

Մի կողմից՝ ծնունդներն են կրճատւել, միւս կողմից՝ մահերն են աւելացել։

Արդիւնքում՝ բնակչութեան բնական յաւելաճն անցած տարւայ 1363-ից նւազել է մինչեւ 563-ի։

Կրճատւել է նաեւ ամուսնութիւնների քանակը։

Այս ամէնը քաղաքացիների ուղերձն է՝ ուղղւած իշխանութիւններին ու կառավարութեան քաղաքականութեանը։ Ու երբ Նիկոլ Փաշինեանն անցած տարի յայտարարում էր, որ առաջիկայ իրենց քաղաքականութիւնները հիմնւած են լինելու քաղաքացիների ուղերձների վրայ, ապա սրանից հետեւութիւնն աներկբայ է՝ քաղաքացիները չեն վստահում իշխանութիւններին ու կառավարութեան քաղաքականութեանը։

Ի դէպ, չնայած անցած տարւայ սկզբին Նիկոլ Փաշինեանը խօսում էր վերջին տարիների կտրւածքով ծնելիութեան բարձր ցուցանիշերի ու դրանով քաղաքացիների կողմից կառավարութեանն ուղղւած ուղերձի մասին, տարեվերջին արձանագրւեց ծնելիութեան կրճատում։

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button