Այսօր վաղ առաւօտից մեկնարկել են անհնազանդութեան ակցիաները, Երեւանի մի շարք փողոցներ փակ են
![](/wp-content/uploads/2023/09/MHM0153711-780x470.jpg)
Այսօր՝ վաղ առաւօտից Երեւանի տարբեր հատւածներում մեկնարկել են անհնազանդութեան ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթւածահար արել որոշ հատւածների երթեւեկութիւնը։
Առաւօտեան ժամը 07։45-ի դրութեամբ Երեւանի Սարեան փողոցն արդէն փակ էր։ Փակ է նաեւ Ռուբինեանց փողոցն ու Տէրեան-Մոսկովեան խաչմերուկը, ինչպէս նաեւ Բարեկամութեան մետրոյի խաչմերուկը՝ բոլոր ուղղութիւններով։
Երիտասարդական մետրոյի հատւածից արգելափակւած է Աբովեան փողոցով մեքենաների երթեւեկութիւնը։ Բացի այդ երթեւեկութիւնն արգելափակւած է նաեւ Կիեւեան կամուրջի սկզբնամասում, Կոմիտաս-Գիւլբենգեան խաչմերուկում, Գարեգին Նժդեհի հրապարակի մօտ եւ Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու մօտ։
Այս ամենի ֆոնին Հանրապետութեան հրապարակում ոստիկանութիւնն ուժեր է կուտակում, իսկ մայրաքաղաքի որոշ հատւածներում սկսել են բերման ենթարկել անհնազանդութեան ակցիաների մասնակիցներին։
Անհնազանդութեան ակցիաներից տեսանիւթերն ու լուսանկարները՝ «Tert.am»-ի «Տելեգրամ»-եան ալիքում։
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հանրապետութեան հրապարակում Ազգային կոմիտէի անդամ Վազգէն Մանուկեանը յայտարարել էր, որ առաւօտեան ժամը 08։00-ից անհնազանդութեան ակցիաները մեկնարկելու են։
«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մօտակայ երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացւելու է։ Առաւօտեան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանութեան յենարանը մնացել է ոստիկանութիւնը»,- ասել էր Մանուկեանը։