Վարդան Ոսկանեան. «Բաքւի բարբարոսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում յանգեցնելու է նոր պահանջի եւ նախապայմանի»
«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութեանը եւ առաջ քաշած նոր պահանջներին.
«Անիմաստ պատրանքը, թէ թշնամու հետ հնարաւոր է իրական խաղաղութիւն, մեր պետութիւնը ստորացուցիչ ստրկացման եւ կործանման տանող ուղիղ ճանապարհ է։
Հակառակ ուղին մէկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը եւ պետութիւն-ամրոցի կերտումը, որն ունակ կը լինի կոտրելու հանդգնացած ու լկտի այն բարբարոսի ձեռքը, որը համարձակւում է բռունցք թափ տալ մեզ վրայ։
Այո՛, Հայաստանը պէտք է դառնայ ամրոց, այլ ոչ թէ գինարբուքների կազմակերպման մառան, քանզի հակառակ դէպքում՝ Երեւանի կենտրոնական փողոցներով կը հոսի մեր արիւնը, այլ՝ ոչ թէ գինին»,- գրել է նա։
Յիշեցենք, որ նախօրէին Իլհամ Ալիեւն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացներին՝ նշել է, որ դրանց հետ կապւած դեռ մի քանի բաց հարցեր կան:
Նա, հերթական անգամ միջամտելով Հայաստանի ներքին գործերին, դժգոհութիւն է յայտնել Հայաստանի Սահմանադրութեան հետ կապւած, որն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։
Ընդորում, նա լռել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի անթաքոյց տարածքային հաւակնութիւնների մասին, որոնք հանգում են, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի» հռետորաբանութեանը։
Աւելին, նա փորձել է վստահեցնել, որ Բաքուն, իբր, երբեք տարածքային պահանջներ չի ունեցել եւ չունի որեւէ երկրի, այդ թւում՝ Հայաստանի նկատմամբ։
Ալիեւը նաեւ յայտարարել է, որ առանց Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան, խաղաղութեան պայմանագիրը չի ստորագրւի։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքումը, եթէ Հայաստանի գործող Սահմանադրութիւնը մնայ անփոփոխ, ուղղակի անհնար է»,- եզրափակել է նա։