Բագրատ Սրբազան. «Այս գործողութիւնները տեղի են ունենում ադրբեջանական կողմի թելադրանքով»
«ԱԼԻՔ» – Շատ յստակ է, որ այս գործողութիւնները տեղի են ունենում ոչ թէ ադրբեջանական կողմի հետ բանակցութիւններով, այլ թելադրանքով, հրամայականով ու հարկադրանքով: Տաւուշում տեղի ունեցածը շօշափելի արտայայտութիւնն էր մնացած բոլոր ոլորտներում տեղի ունենալիք իրադարձութիւնների: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին երէկ՝ յունիսի 7-ին, Սուրբ Աննա Եկեղեցու բակում օրն ամփոփելու ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի նախօրէնի կատարած յայտարարութեանը, թէ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքումը, եթէ Հայաստանի գործող Սահմանադրութիւնը մնայ անփոփոխ, ուղղակի անհնար է»:
«Այս մարդիկ խաբելով հասցրել են այստեղ, հիմա սա էլ են խաբելու, փորձելու են ինչ-որ ձեւով շրջանցել, անատամ յայտարարութիւններ անելով, փորձելով ցոյց տալ, որ ինչ-որ կերպով արձագանգում են»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յաւելելով, որ ժամ առաջ պէտք է իշխանափոխութիւն լինի. «Բաւական է՝ քո աթոռը պահելու պատճառով անընդհատ յանձնես, անընդհատ զիջես, անընդհատ գտնւես հրամանի ներքոյ, այն էլ՝ թշնամական կողմից հրամանի ներքոյ»,- նշել է Սրբազանը՝ խօսքն ուղղելով Փաշինեանին։
Նրա խօսքով՝ «Տաւուշը յանուն Հայրենիքի» նախաձեռնութեան պայքարը երկու ուղղութեամբ է՝ ներքին եւ արտաքին։
«Մեր ուղերձն է Ալիեւին եւ նրա կողքին գտնւող բոլոր այն շահառուներին, որոնք խնդիր ունեն մեզ հետ․ ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածէք, թէ ինչ էք անելու։ Ցաւում եմ, որ իմ պետութեան իշխանաւորների մասին այդպէս եմ խօսում, բայց նրանք այլ նկարագիր չունեն, քան ծառայ լինելը։ Մեր շարժման ողջ բովանդակութիւնն ու էութիւնը Հայաստանի Հանրապետութեան շահն է եւ մեր հայկական օրակարգը։ Այն չի՛ կարող լինել որեւէ ազդեցութեան, որեւէ թելադրանքի ներքոյ, որեւէ ուղղորդմամբ եւ թելադրանքով։ Հետեւաբար, մեր կեանքին ու կենսագրութեանը նայող առաջին թշնամուն յստակ կերպով մեր պատգամն է՝ ո՛չ դու, ոչ էլ քո գործընկերները, Հէյդարի որդի՝ Իլհամ, որեւէ կերպով չէք կարող պարտադրել այն, ինչն ամբողջութեամբ հակառակ է մեր կամքին, մեր կենսագրութեանը եւ մեր գոյութեանը։ Հայութիւնն իր խօսքը դեռ ամբողջական իմաստով չի ասել»,- յաւելել նա։
Այցելութիւն գինու փառատօն
Աւելի ուշ, Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների ուղեկցութեամբ այցելել է Սարեան փողոց, որտեղ երէկ մեկնարկել է գինու փառատօն:
«Այսօր մեկնարկել է գինու փառատօնը: Մենք շատ ժամանակ մերժել ենք տարբեր միջոցառումներ, բայց այս մէկը գնահատելի է: Նախ գինին, որպէս հոգեւոր արժէք, երկրորդը գնահատելու այն արտադրողներին, որոնք նաեւ տնտեսական առումով նպաստում են մեր կեանքի զարգացմանը։ Վստահ եմ, որ մեր այցելութիւնը սիրով կընդունեն։ Բացի այդ, այնտեղ շատ մարդիկ կան, որ աջակցում ու մասնակցում են մեր շարժմանը: Միաժամանակ մեր կնիքը կը դնենք, որ դա մեր միջոցառումն է»,- Սուրբ Աննա Եկեղեցու բակում ասել է նա։
Բագրատ Սրբազանն իր ուղեկիցների հետ շրջել է տաղաւարներով, որտեղ քաղաքացիները ողջունել են նրանց: