Բագրատ Սրբազան. «Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները գտնւում են ճգնաժամի մէջ»
«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները գտնւում են ճգնաժամի մէջ: Ինչպէս յայտնում է Yerevan.today-ը՝ այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ միջազգային լրատւամիջոցների հետ ասուլիսում յայտարարել է «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։
«Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը պայմանագրային-իրաւական յարաբերութիւններ ունի Ռուսաստանի Դաշնութեան հետ, թէեւ այսօր այդ յարաբերութիւնները, մեղմ ասած, լաւ վիճակում չեն, եթէ չասենք, որ դրանք ամբողջութեամբ կամ էապէս խաթարւած են։
Չնայած՝ մենք շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց յարաբերութիւնները պէտք է հասցւեն համապատասխան պայմանագրային պայմանաւորւածութիւնների մակարդակին եւ նորմալ հունի մէջ դրւեն»,- նշել է Սրբազանը։
Ըստ նրա՝ հայ-ռուսական յարաբերութիւնները պահանջում են չափազանց խորը երկխօսութիւն եւ փոխըմբռնում։
«Այս փուլում մենք յարաբերութիւնների բացակայութեան վիճակում ենք գտնւում։ Խնդիրները շատ են, բայց մենք պէտք է պատրաստ լինենք այդ բոլոր հարցերը լուծել փոխըմբռնման ու երկխօսութեան մակարդակով»,- ասել է նա։