«Մայր Հայաստան»-ը դիմում է միջազգային կառոյցներին
«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆէյսբուքեան էջում կոչով դիմել է տեղական եւ միջազգային իրաւապաշտպան կառոյցներին․
«Յունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շէնքի մօտ տեղի ունեցած հաւաքի մասնակիցների դէմ ոստիկանութեան, յատկապէս կարմիր բերետաւորների, սադրանքների ու բռնութիւնների, այնուհետեւ անհամաչափ ուժի եւ յատուկ միջոցների ապօրինի օգտագործման արդիւնքում տուժել են աւելի քան 100 քաղաքացիներ, կան ձերբակալւածներ։ Տուժածների թւում կան նաեւ լրատւամիջոցների ներկայացուցիչներ։
Հաւաքին մասնակցող քաղաքացիների հետ տեղի ունեցածը հրահանգւած էր Նիկոլ Փաշինեանի կողմից։ Նա բախումների ժամանակ ԱԺ ամբիոնից քաջալերում էր ապօրինութիւնները։
Փաշինեանը խորհրդարանում փաստացի յայտարարեց, որ ուժային կառոյցների գործողութիւնները պէտք է վեր լինեն օրէնքից եւ իրաւունքից՝ իր այդ միտքը քողարկելով պետականութեան պաշտպանութեան մասին կեղծ թէզերով։
Փաշինեանի այս վարքագիծը ոստիկանութեանը նոր յանցագործութիւնների մղելու, ԶԼՄ ներկայացուցիչներին վախեցնելու եւ խօսքի, հաւաքների ազատութիւնը ճնշելու, ՀՀ-ն հրէշաւոր ոստիկանապետութեան վերածելու քաղաքականութեան վկայութիւնն է։
Մենք կոչ ենք անում տեղական ու միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին, ժողովրդավարութիւնը որպէս գերագոյն արժէք հռչակած երկրների դիւանագիտական ներկայացուցչութիւններին, ՄԱԿ-ին, ԵԽԽՎ-ին եւ Մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող բոլոր կառոյցներին չառաջնորդւել երկակի ստանդարտներով եւ յստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինեանի վարած այս քաղաքականութեանը, ՀՀ ոստիկանութեան ապօրինի գործողութիւններին»,- ասւած է հրապարակւած կոչում: