Այս անաuնական իրավիճակի դէմ կենսական հակաթոյնը ճշմարտութիւնն է
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
Հասկանում եմ, որ էմոցիաները շատ են՝ յունիսի 12-ից յետոյ եւ շարժման ապագայի շուրջ, եւ դա բնական է, բայց առաջ պէտք է գնալ ռացիոնալ փաստարկների վրայ յենւելով։
– Հայաստանում ձեւաւորւել է ինքնատիպ իշխանութիւն. դա պետութեա՛ն իշխանութիւն չէ, դա պետութեան անկման մի փուլում հայկական ռեզերւացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը եւ նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դէմ պէտք է լինի։
– Պարագլուխը յայտարարում է «ուժեղ իշխանութեան» վճռականութեան մասին։
«Ուժեղ իշխանութեան» տակ հասկացւում է. ամէն ինչի պատրաստ կարմիր բերետաւորներ, Կարէն Քոչարեանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխւած գեստապոյ, «ուժեղ» քննչական կոմիտէ եւ դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրայ քրէական գործ յարուցել ու կալանաւորել։
Այս իշխանութիւնն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանութիւն եւ բաւարարել հարեւանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանութեան զէնքերն են սուտը, բերետը եւ իրենց արդարացնողները։ Հէնց այս կոնստրուկցիան պէտք է կարողանանք քանդել։ Հակազէնքը պէտք է ճիշտ գտնել։
Սուտը
Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բաւարարւում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականութեան եւ ստիպում, որ մարդիկ հաւատան իրենց ստեղծած այդ «անիրականութեանը»։ Եւ հէնց մարդիկ դրան հաւատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։
Մենք գտնւում ենք հէնց այս վիճակում, եւ պարտութիւնը որպէս յաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հէնց այս տրամաբանութեան մէջ է։
Բերետը
Ես ունեմ խոր մտավախութիւն հետեւեալի շուրջ. ինչպէս Երեւանը հանգիստ վերաբերւեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպէս էլ մի օր հանգիստ վերաբերւելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երեւանի այս կամ այն հատւածում։ Սա էպատաժային ձեւակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երեւանի, միասնական հասարակութեան ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծւել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երեւանը չվիրաւորւեց, Երեւանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրայ ՄԵԿ-ի ցուցումով զէնք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երեւանն ընդվզի, եթէ այդ զէնքը կիրառի ա՛յլ պետութեան ՄԷԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։
Արդարացնողները
Այս իշխանութեան նեղ խմբի լեգիտիմութեան ամենամեծ աղբիւրը նրանց արդարացնողներն են։ Յաջորդիւ այս իշխանութեանը «լեգիտիմութիւն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խօսում են սրանց հեռացման անհրաժեշտութեան մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգութիւններով, բայց այլ միջավայրերում, պարզւում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտւում են հնարաւոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդէն սոցիալական շերտ է։
Նրանք մենթալ խոպանի մէջ են. լինել կուշտ, հնարաւորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պէտք է սա, իհարկէ ցաւով, ընդունենք, որպէսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։
Շարժման շարունակութիւնը
Սկզբնական փուլում այս շարժումը ստացաւ կարեւոր բնորոշում՝ ճշմարտութեան շարժում։ Եւ դրա շնորհիւ այն թափ հաւաքեց։ Բայց հաւաքեց կիսաթափ, որովհետեւ ասւում էր կիսաճշմարտութիւնը (տարբեր պատճառներով)։
Աւելի մեծ թափի համար, աւելի լայն համախմբման համար աւելի շատ ճշմարտութիւն է պէտք։ Ուրիշ ճանապարհ չկայ։ Այս անասնական իրավիճակի դէմ կենսական հակաթոյնը ճշմարտութիւնն է։
Ինձ չմեղադրէք տեսական դաշտ մտնելու մէջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ եւ մասնակիցը։ Պարզապէս ճշմարտութեան շարժումը իմ կարծիքով ամենազօրեղ զէնքն է երկրում էական փոփոխութիւններ անելու համար։ Մենք պէտք է այս շարժման բովանդակութիւնը վերափոխենք ճշմարտութեան եւ արդարութեան շարժման: