Բագրատ Սրբազան. «Նեռն իր էութեանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին»
«ԱԼԻՔ» – Մարզային այցերի շրջանակում, Բագրատ Սրբազանն ու Սրբազան պայքարի ակտիւիստները երէկ՝ օգոստոսի 3-ին այցելել են Գեղարքունիքի մարզ, ուր հանդիպել են Մարտունի եւ Սեւան քաղաների բնակիչների հետ:
Մարտունիում ժողովրդական հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրոյցի ընթացքում Բագրատ Սրբազանը կրկին անդրադարձել է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին՝ յիշեցնելով, որ շարժումն առաջին իսկ օրւանից ասել եւ ահազանգել է, որ ամբողջ գործընթացը սուտ է, խաբէութիւն է, հակասահմանադրական է. «Եւ մեր պայքարը հէնց այդ ստի մասին է»,- նշել է նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի Բերքաբեր գիւղ այցին, Բագրատ Սրբազանն ասել է. «Բերքաբերցիները դիմում են ո՞ւմ, նեռի՞ն են դիմում, նրա՞ն որ իրենց կեանքը կործանել է, դիմո՞ւմ են որ ինչ անեն: Ես ասել եմ, այլեւս նեռին դիմելու խնդիրը չէ, նրա տիրոջը՝ Ալիեւին դիմելու խնդիր է, այլեւս դիրքերը զիջւել են, դուրս են եկել մերոնք, թշնամին գնացել նստել է այնտեղ, դա է իրականութիւնը: Նեռն իր էութեանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպէս Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նոյն ձեւով սուտը շարունակւելու է։ Ոմանք դարձեալ խաբւելու են։ Բայց էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցիների խնդիրը չէ։ Մենք պէտք է այս պայքարն այնպիսի բովանդակութեամբ եւ ուղղութեամբ առաջնորդենք, որ, ի վերջոյ, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»:
Բագրատ Սրբազանը նշել է, որ այս այցերի ընթացքում ինքը զգում է, որ մարդկանց մեծամասնութիւնը փոփոխութիւն է ուզում, սակայն նաեւ վախի մթնոլորտ կայ երկրում:
Մեծ հաւաք՝ սեպտեմբերի 4-ին
Մարտունիում կայացած հանդիպման ընթացքում Սրբազանը նշել է, որ Սրբազան շարժումը մտադիր է սեպտեմբերի 4-ին մեծ հաւաք անց կացնել Երեւանում:
«Հաւաքի ընթացքում կուղենշենք արդէն, թէ ինչ ճանապարհով ենք մենք ընթանում, որքան հնարաւոր է տեղեկատւութեան իմաստով մանրամասներ փոխանցել: Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը։ Մենք բոլորս գործիքներ ենք թէ՛ Աստծոյ, թէ՛ մեր պատմութեան ձեռքին։ Իմ ամբողջ զգացումը, ապրումն այն է, որ երբ Աստւած կանչի՝ հեռանալու այս կեանքից, ասեմ՝ Տէր Աստւած, ինչ որ տւել ես ինձ, աւելիով Քեզ եմ վերադարձնում։ Օրհնւած գնամ այս կեանքից, ոչ թէ նզովւած, խեղճ վիճակում․ուրիշ մտածում այս կեանքում չունեմ ես»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նաեւ յաւելել է, որ պէտք է գնահատել ժողովրդին, որն այսքան հալածանքներից յետոյ չի ընկրկում:
«Մեր պայքարն այլընտարանք չունի, պէտք է յաղթենք, որ կոտրենք այս կորուստների շղթան: Մենք ընտրել ենք շատ դժւար ու բարդ, բայց հասնելու ճանապարհը»,-ասել է նա:
«Դժւար ու բարդ է, որովհետեւ աշխարհաքաղաքական ուժերին թոյլ չենք տւել գնալ ու ինչ-որ բան մուրալ մեզ համար։ Եթէ լինելու են յարաբերութիւններ, ուրեմն լինելու են արժանապատիւ։ Մենք բազմաթիւ ուղերձներ ու հրաւէրներ ենք ստացել, բայց բոլորին ասել ենք՝ ոչ։ Այսօր եթէ գնացինք որեւէ տեղ որեւէ բան խնդրելու, վաղը պատասխան ենք տալու դրա համար՝ ինչպէս այս նեռը եւ իր որդիները: Այսօր ամէն տեղ մուրում են, որ իրենց պաշտօնն ու փողը մնայ»,- յայտնել է Սրբազանը:
Նա կրկին յիշեցրել է, որ այս պայքարը հայկական օրակարգով է, որեւէ գոյն չունեցող պայքար է:
Պայքարի նոր մեթոդաբանութիւն
Բագրատ Սրբազանը խօսել է նաեւ պայքարի առաջիկայ փուլի մեթոդաբանութեան մասին.
«Այս պայքարի շարունակութիւնը լինելու է այլ մեթոդաբանութեամբ, այլ գործողութիւններով, հնարաւորինս անհպում կերպերով, որովհետեւ յունիսի 12-ին տեսել ենք արիւն տենչացող նեռ եւ դրա վրայ կողքից խաղացողներ։ Մտածել ենք մարտավարութիւնը փոխելու մասին»,- ասել է նա։
Նա նաեւ խօսել է պայքարը մաքրելու, զտելու մասին եւ ասել, որ շարժումը զտւում է ընթացքում, մաքրւում:
50 մլն. դոլար՝ շարժման դէմ հակաքարոզչութեան համար
Սեւան քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, Բագրատ Սրբազանը տեղեկացրել է, որ ՀՀ գործող իշխանութիւնները շուրջ 50 մլն. դոլարին հասնող գումար են ծախսել տեղեկատւական համակարգի վրայ:
«Միայն փորձել ոչնչացնել, սեւացնել, ամենավերջին խօսքերն ասել, գիտէք, որ Կանադայում ես 4 հատ տուն ունեմ արդէն, մի երկու հատ բիզնես ունեմ, եթէ ունենայի լաւ արած կը լինէի, բացարձակ չէի ամաչի: Փաստերը ստուգող հարթակ կայ, թող գնան, ստուգեն, եղե՞լ է, թէ՝ չէ: Կամ 1000 դոլարանոց տնակի համար 50 հազար դոլար են տւել, որտեղից են տւել, թող բացայայտեն, չէ որ ասում են՝ թափանցիկ են աշխատում: Մարդկանց փչացնում են՝ փող են տալիս, որ մարդը երեսը թաքցնի, կեղծ պրոֆիլ բացի, ինքն այլեւս մարդ չլինի եւ ամենավերջին բառերով պախարակի բոլորին, ովքեր որեւէ բառ կասեն այս նեռի իշխանութեան մասին։ Կեղծ պրոֆիլներով «մարդիկ», որոնք այլեւս մարդ չեն, փողով գնւած են»,-ասել է նա։