Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանի՝ Եւրոխորհրդարանում ելոյթի 10 րոպէն բացառապէս իր աթոռի պաշտպանութեան մասին էր

Միայն սեպտեմբերի 19-20 դէպքերով շուրջ 60 անձի ապօրինի ձերբակալութիւնից յետոյ այս պահին 37 անձ ՔԿՀ-ներում է՝ տարբեր ժամկէտներով կալանքի տակ։ Այս մասին հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը։

Նշենք, որ այժմ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի որդու՝ Լեւոն Քոչարեանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին միջնորդութիւնը։

«Այս իշխանութիւնների կողմից սա արդէն տրադիցիա է դարձել․ թէ՛ Լեւոն Քոչարեանի, թէ՛ այս պահի դրութեամբ 700 բերման ենթարկւածների մասով ուղղակի իրաւական աննորմալութիւն է կատարւում․ սա քաղաքական պատւէր է ու դրան հլու հնազանդ իրաւապահ համակարգ։ Այս մարդիկ թքած ունեն Սահմանադրութեան, օրէնքների, իրաւունքի գերակայութեան սկզբունքների վրայ։ Երբ ծանօթանում ես գործի նիւթերին, բացարձակ որեւէ հիմք չկայ, այն հիմնւած բացառապէս ոստիկանների ցուցմունքների վրայ, այլ նաեւ չկայ որեւէ փաստագրւած ապացոյց, որ որեւէ կոնկրետ անձ բռնութիւն է գործադրել ոստիկանների նկատմամբ, հակառակը ունենք բազմաթիւ դէպքեր, երբ ոստիկանները ինչպիսի բռնութիւններ ու դաժան վերաբերմունք են ցոյց տալիս իրենց դժգոհութիւնն արտայայտող մեր հայրենակիցների նկատմամբ ու ոչ մի պատասխանատւութիւն այդ անձանց նկատմամբ»,- նշեց Արծւիկ Մինասեանը։

Պատգամաւորի խօսքով՝ իշխանութիւնն ամէն ջանք գործադրելով փորձում է ցոյց տալ, որ «իր դէմ խաղ չկայ»․ «Ինքը պատրաստ է անցնել բոլոր սահմանները եւ կիրառել ցանկացած մեթոդ, որպէսզի Նիկոլի աթոռին յանկարծ որեւէ ձեւով վտանգ չսպառնայ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ Եւրոխորհրդարանում ելոյթին, Մինասեանն ասաց, որ նրա ելոյթի 10 րոպէն բացառապէս իր աթոռի պաշտպանութեան մասին էր. «Մենք երէկ այդ ամբիոնից լսեցինք մի մարդու խօսք, որը բացայայտ արհամարհում էր մեզանից իւրաքանչիւրի մտածողութիւնը, տեսածը, պատկերացրածը։ Նա խօսում է 2021 թւականի ընտրութիւնների մասին, երբ մուրճը ձեռքը իր ամենաայլանդակ բառապաշարով, իր ճնշման, լծանկերի միջոցով մարդկանց ուղղակի ահաբեկում էր, ու այդ մարդը խօսում էր ժողովրդավարութեան մասին ու յոտնկայս ծափ են տալիս այս ստախօսին»։

«Arfd.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button