Հայաստան - Արցախ

Ճանաչենք Հայոց աշխարհը

Բեխի կամ Տանձափարախի անապատը ուշ միջնադարի Սիւնիքի ճարտարապետութեան արժէքաւոր մշակութային յուշարձաններից է։

Գտնւում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ. հարաւարեւելք։

XVII դ. Պատմիչ Առաքել Դաւրիժեցու վկայութեամբ` եկեղեցին հիմնովին վերակառուցել է Տաթեւի Մեծ անապատի վանահայր Արիստակեսը՝ XVII դ. 20-ական թւականներին:

Այդ իսկ պատճառով՝ անապատը յայտնի է նաեւ Արիստակեսի կամ Տանձափարախի անապատ անւանումով:

Համալիրից պահպանւել են եկեղեցին եւ սեղանատունը, իսկ միւս շինութիւններից՝ միայն հետքերը:

* * *

Հալիձորի բերդը հայկական ճարտարապետական համալիր է Սիւնիքի մարզում, Ողջի գետի ափին։

Կառուցւել է 17-րդ դարի 1-ին կէսին որպէս անապատ։ 18-րդ դ. Դաւիթ Բէկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիւ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխաւոր ամրոցը:

Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու եւ կից երկյարկ շինութիւնների վերին յարկի կտուրները հաւասարեցւել են՝ ստացւած հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։

~~~

Ըստ աւանդութեան՝ այստեղ ժամանակին ամրացած է լինում Դաւիթ Բէկը։ Պարսից շահի զօրքերը ինչքան կռւում են, չեն կարողանում գրաւել։ 

Շուն-Ֆրանգիւլը պարսիկներին յայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը եւ պաշարւածները ծարաւից թուլանում են։ 

Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից, իսկ պարսից շահը հարձակւելով գրաւում է դատարկ բերդը։

Նիւթը՝ տրամադրել է Սօսէ Խուդավերդեանը

 

Related Articles

Back to top button