Կարէն Իգիթեան. «Ադրբեջանը Հայաստանի սահմանների մօտ դիրքեր է կառուցում. պատրաստւում են ռազմական գործողութիւնների»
Օրերս Եւրոպայի խորհրդի նիստում ԵՄ առաջնորդները, դիմելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին, կոչ արեցին բարեխղճօրէն մասնակցել բրիւսէլեան ձեւաչափով բանակցութիւններին եւ գործընթացը մինչեւ տարեվերջ հասցնել աւարտին:
Ուշագրաւ է, որ, թէեւ բանակցութիւններից արդէն երկրորդ անգամ հրաժարւում է մասնակցել ադրբեջանական կողմը (Ալիեւը նախ չմասնակցեց Գրանադայում կայացած հանդիպմանը, ապա հրաժարւեց նաեւ հոկտեմբերի վերջին Բրիւսէլում նախատեսւած հանդիպումից), սակայն, ԵՄ-ն կոչ արեց ոչ թէ հասցէական Ադրբեջանին, այլ՝ նաեւ Հայաստանին՝ յոյս ունենալով մինչեւ տարեվերջ հասնել որեւէ փաստաթղթի ստորագրման։
«168 TV»-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Տարածաշրջանային հարցերով փորձագէտ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարէն Իգիթեանն անիրատեսական համարեց Ադրբեջանի հետ որեւէ փաստաթղթի ստորագրումն ու խաղաղութեան հաստատումը, որովհետեւ, ըստ նրա, Ադրբեջանը Արցախի սահմանին կանգնած իր զօրքը, Արցախն ամբողջութեամբ օկուպացնելուց յետոյ, տեղակայում է Հայաստանի հետ սահմանին եւ ցանկանում Հայաստանը մաս-մաս ուտել։
«Ադրբեջանը Հայաստանի սահմանների մօտ զօրամասերի համար դիրքեր է կառուցում։ Նրանք պատրաստւում են ռազմական գործողութիւնների՝ ընդդէմ Հայաստանի։ Ալիեւը բրիւսէլեան հարթակից ստացել է այն, ինչ ուզում էր՝ Փաշինեանն Ադրբեջանի մաս է ճանաչել ինչպէս ամբողջ Արցախը, այնպէս էլ՝ Հայաստանից, այսպէս կոչւած, անկլաւները, ուստի դա անելով՝ Ալիեւին տւել է առիթ ինչ-որ ժամանակ անց յայտարարել, թէ իր տարածքներն է սկսում ազատագրել՝ ցոյց տալով Փաշինեանի յայտարարութիւնները՝ որպէս ագրեսիան արդարացնող հիմնաւորում։ Ի դէպ, Ալիեւը չի բաւարարւելու միայն այդ տարածքներով»,- ասաց Իգիթեանը՝ շեշտելով՝ ռազմական գործողութիւնները կանխարգելող գործօն չի կարող լինել մինչեւ տարեվերջ խաղաղութեան պայմանագրի ստորագրման ձգտող Եւրոմիութիւնը նաեւ այն պատճառով, որ նա իր դիտորդներին պատերազմի ժամանակ պարզապէս ռազմական գործողութիւնների վայրից կը հեռացնի։
Իգիթեանը յիշեցրեց, թէ ինչպէս ԵՄ-ն ՄԱԿ մանդատով օժտւած խաղաղապահներին հեռացրեց Սիրիայից, երբ Սիրիայում ահաբեկիչներն անցան ռազմական գործողութիւնների։
Տարածաշրջանային հարցերով փորձագէտի խօսքով՝ ի տարբերութիւն ԱՄՆ-ի կամ աշխարհաքաղաքական այլ կենտրոնի, որոնք ունեն յստակ ազգային շահեր եւ Հայաստանի հետ յարաբերւում են՝ ելնելով իրենց ազգային շահերից, Փաշինեանն անում է ճիշտ հակառակը՝ Հայաստանի շահերը մաս-մաս ծախում է այդ կենտրոններին՝ յանուն սեփական իշխանութեան պահպանման։
«Փաշինեանի կառավարութիւնը շատ վատ ճանապարհ է ընտրել, Հայաստանի ինքնիշխանութիւնը մաս-մաս ծախում է, իսկ սա տանում է դէպի Հայաստանի սիրիացում… Սիւնիքում պատերազմի վտանգը մեծ է։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց նպատակները, եւ դրանք ամրագրւած են Ալեքսանդրապոլի եւ Բաթումի պայմանագրերով, ուստի պէտք է հասկանալ, որ գործելու են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ մնացած երկրները լինելու են արձագանգողի դերում՝ փորձելով իրենց օգուտները քաղել այդ վիճակից»,- ասաց Իգիթեանը։