Foreign Affairs Magazine. Բաքւի նկրտումների նոր ալիքը՝ Կովկասում
«Հայաստանը՝ անդունդի եզրի՞ն»
«ԱԼԻՔ» – Դիտարկումներն ու ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ Կովկասում ադրբեջանական կողմն աւելի բարձր դիրքում է Թուրքիայի եւ Իսրայէլի ռազմական աջակցութեան եւ սպառազինութիւնների շնորհիւ, քան հայկական կողմը: Սա Բաքւին տալիս է հնարաւորութիւն աշխարհագրական շրջանակը ընդլայնելու հետ մէկտեղ, համարւել պոտենցիալ սպառնալիք Հայաստանի համար, միաժամանակ զսպելով համընթաց շահերով պետութիւններին:
Eghtesad-news վերլուծական կայքը գրել է, որ 2020 թւականի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում աշխարհն ականատեսը եղաւ հայկական ուժերի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պատերազմի: Երեք տասնամեայ լարւածութիւնից ու հակամարտութիւնից յետոյ, Ադրբեջանը վերջապէս իր աշխարհագրութեանը կցեց այս տարածաշրջանը։ Սակայն, այսօր Բաքւի նոր նկրտումներն ու յայտարարութիւնների տեսքով թելադրանքները մեծացրել են տարածաշրջանում նոր լարւածութեան հաւանականութիւնը։ «Սա այն դէպքում, երբ դիտորդների խումբն անկարող գտնւեց լուծելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ բոլոր խնդիրները։ Այս երկու հարեւանները երբեք դիւանագիտականյարաբերութիւններ չեն հաստատել, կամ առեւտրա-տնտեսական կապեր չեն ունեցել: Նրանց քաղաքացիները եւս չեն կարող ազատ այցելել հարեւան երկիր։ Այս կապակցութեամբ Foreign Affairs-ը եւս արձանագրութիւն ունի կազմած: Eghtesad-news-ն այս արձանագրութիւնների պարսկերէն թարգմանութիւնը վերահրապարակելով, իր լրահոսում այն ներկայացրել է երկու մասով, որի առաջին հատւածին եւս անդրադառնում է «ԱԼԻՔ»-ը:
Հայաստանը հերթական ճակատամարտի շեմի՞ն
Վերը նշւած իրավիճակից բացի, վտանգի տակ յայտնւած այլ խնդիրներ եւս կան: Իսրայէլի, Թուրքիայի եւ շահախնդիր այլ երկրների հետ աւելի քան մէկ տասնամեակ զէնքի առեւտրից յետոյ ադրբեջանական բանակը շատ աւելի մարտունակ է դարձել, քան հայկական կողմը: Բաքուն կարող է մի քանի ժամում վերահսկողութեան տակ առնել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատւածներ։ Դիտորդները նշում են, որ Ադրբեջանը կարող է նախապատրաստել եւս մէկ ռազմական գործողութիւն, նպատակ ունենալով Նախիջեւանի հետ ցամաքային կապը ապահովել: Այս միջանցքի ստեղծման համար ռազմական գործողութիւնը կարող է վերջնականապէս յանգեցնել Հայաստանի կազմաքանդմանը, հարիւր հազարաւոր մարդկանց տեղահանութեան պատճառ դառնալով։ Իսկ այսօր, նման իրավիճակում Հայաստանը չի կարող յոյսը դնել Ռուսաստանի վրայ, որը ներքաշւած է Ուկրաինայում եւ Մերձաւոր Արեւելքում, կամ նոյնիսկ այլ արտաքին ուժերի վրայ։
Հնարաւոր պատերազմը կանխելու լաւագոյն միջոցը միջազգային տէրութիւնների, այդ թւում՝ ԱՄՆ-ի եւ նրա արեւմտեան դաշնակիցների կողմից ճնշում գործադրելն է, որով Հայաստանին եւ Ադրբեջանին ստիպելու են վերադառնալ բանակցային գործընթացի եւ անյապաղ վերսկսել խաղաղ բանակցութիւնները: Առաջարկ, որը վերջին անգամ ներկայացւել է ամռանը: Սակայն փաստ է, որ այն չի կրկնւել երկրորդ անգամ, երբ հանդիպումներից հրաժարւելու Բաքւի որոշումն արձանագրւեց։
Միեւնոյն ժամանակ, դիտորդների կարծիքով, Լեռնային Ղարաբաղին առնչւող հարցերը պէտք է մի կողմ թողնել՝ ի նպաստ մի շարք մշտական վէճերի լուծմանը, յատկապէս սահմանների եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի հետ կապւած։ Արեւմտեան տէրութիւնները փորձել են ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ նրան ներքաշելով երկկողմ առեւտրային գործարքների եւ շահաւէտ այլ նախագծերի մէջ։ Սակայն դեռ գերական մնում է պատերազմով աւելի հեշտ գոյացող առաւելութիւնները՝ բանակցութիւններում սպասւող համաձայնագրերի փոխարէն:
Ինչո՞վ է պայմանաւորւած Մոսկւայի լռութիւնը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտութիւնը պարբերաբար բռնկւում է շուրջ մէկ դար, սակայն Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հանդէս եկան որպէս անկախ պետութիւններ, առճակատումներն աւելի մահացու դարձան: Սկզբում Ռուսաստանը վերահսկողութեան տակ էր վերցրել տարածաշրջանը երկու երկրների ղեկավարների հետ կանոնաւոր դիւանագիտական շփումների միջոցով։ 2022 թւականի փետրւարին, երբ Ռուսաստանը թիրախաւորեց Ուկրաինան եւ նրա ողջ ուշադրութիւնը կենտրոնացաւ դրա վրայ, Կովկասում եւս հաւասարումները խախտւեցին։ Ադրբեջանը հասկացաւ, որ Մոսկւան այլեւս չի կարող գերիշխող դեր խաղալ տարածաշրջանում։ 2022 թւականի մի քանի ամսւայ ընթացքում ադրբեջանական ուժերը գերակշռում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ներսում, այլեւ՝ Ադրբեջանի հետ սահմանի հայկական հատւածում։ 2022 թւականի դեկտեմբերին ադրբեջանական ուժերը փակելով 40 մղոնանոց Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհը ոչ եւս դարձրեցին հայկական կողմի համար։
2022 թւականի գարնանից սկսած ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձել են քայլեր ձեռնարկել խնդրի կարգաւորման ուղղութեամբ: Նրանք տասնամեակներ շարունակ աշխատել են Ռուսաստանի հետ՝ կայունացնելու իրավիճակը Հարաւային Կովկասում: Սակայն ուկրաինական պատերազմի ֆոնին, Կրեմլի եւ Արեւմուտքի յարաբերութիւնների վատթարացման պատճառով, դրանից յետոյ Արեւմուտքն իրեն տեսնելով աւելի մեծ դերակատարողի դիրքում փորձեց նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցութիւններին՝ կանխելու լարւածութեան հետագայ սրումը: ԵՄ-ն 2023 թւականի փետրւարին դիտորդական առաքելութեամբ խումբ տեղակայեց՝ երկու երկրների միջեւ պաշտօնական սահմանին հայկական առաջնագծում անցուդարձերի ու միջադէպերի մասին արձանագրութիւն կազմելու համար: Նոյն կապակցութեամբ պէտք է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանութիւնների եւ Լեռնային Ղարաբաղի տեղական հայ ղեկավարների միջեւ խորհրդակցութիւններ իրականացնելու Արեւմուտքի գլխաւորած ջանքերն անյաջող ելք ունեցան, իսկ այս բանակցութիւնները (Արեւմտեան նախաձեռնութեամբ բանակցութիւնները-ԽՄԲ.) կանխելով՝ Մոսկւան կարող է ակամայ նպաստել տարածաշրջանի օկուպացմանը։ Ադրբեջանը որոշել է փոխել իրողութիւնները, տեղում հարցերը մէկ հարւածով լուծելու տարբերակով, յոյսը դնելով զէնքի վրայ, ոչ թէ երկխօսութիւնների…
Դամոկլեան սուրը
Հայաստանն անհանգստանալու բազմաթիւ պատճառներ ունի: Երկրի հարաւային հատւածի շուրջ նոր հակամարտութիւնը ռազմական տեսանկիւնից նման է լինելու Լեռնային Ղարաբաղի վերջին օպերացիային, բայց աւելի լայնածաւալ եւ անհամեմատ մեծ նշանակութեամբ։ Ընդամէնը մի քանի ժամ է պահանջւելու, որպէսզի ադրբեջանական զինուժը գրաւի Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող շատ ենթակառուցւածքներ, յատկապէս այս երկրի հարաւային շրջաններում: Լարւած իրավիճակ, որը կը յանգեցնի խաղաղ բնակիչների տեղահանմանը: Նման իրավիճակում Հայաստանին այլ ելք չի մնայ, քան յանձնւել եւ ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները:
Տարածքներից մէկը, որտեղ Հայաստանն առաւել խոցելի է, Ջերմուկի մերձակայքում գտնւող բարձունքներն են: 2022 թւականի սեպտեմբերին Ադրբեջանը գրոհի անցնելով Հայաստանի հետ իր 120 մղոնանոց սահմանի երկայնքով՝ զօրքը մտցրեց հարեւան երկրի տարածք, այդ թւում՝ դիրքաւորւելով Ջերմուկի մերձակայքում։
Ռազմական փորձագէտների կարծիքով՝ ադրբեջանական զօրքերին, հաւանաբար, ընդամէնը երկու օր կը պահանջւի «նեղուցն» անցնելու համար: Իրավիճակ, որը փաստօրէն կտրելու է Հայաստանի հարաւային շրջանը՝ կենտրոնից, Սիւնիքը՝ երկրի մնացած տարածքից: Անցեալ տարի հակամարտութիւնը բռնկւելուց յետոյ Հայաստանը պահանջել էր, որ ադրբեջանական զինուժը դուրս բերւի իր տարածքից եւ խնդրագիր ներկայացրել՝ զէնքերը սահմանափակելու եւ սահմանի երկայնքով տեղակայւած զինւած ուժերի միջեւ տարածութիւնը մեծացնելու վերաբերեալ։ Հայաստանը պնդում էր, որ այս միջոցով հնարաւոր է կանխել այն փոխհրաձգութիւնները, որոնք կարող են արագ վերաճել լայնամասշտաբ պատերազմի: Բայց Ադրբեջանը, լինելով համեմատաբար ամուր դիրքերում, չի համաձայնւել նման միջոցների կիրառմանը։ Երկու տարուց աւելի երկու երկրները փորձում են երկկողմանի քննարկել իրենց ընդհանուր սահմանի սահմանազատման հարցը՝ արեւմտեան իշխանութիւնների մասնակցութեամբ։ Սահմանային երթուղու մասին համաձայնագիրը տեսականօրէն կարող է հեշտացնել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Հայաստանից։ Բայց շարունակւող գործընթացի հետ կապւած, առայժմ, յաջողութեան հասնելու մեծ յոյսեր չպէտք է կապել: