Աւետիք Իշխանեան. «Ինձ չէք ահաբեկի»
Ի գիտութիւն, վարչապետ կոչեցեալին եւ նրա գրպանային «իրաւապահներին»․-Ինձ չէք ահաբեկի: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ անդրադառնալով իր գրառումների հետ կապւած քրէական գործերին:
«ԻՆՁ ՉԷՔ ԱՀԱԲԵԿԻ
Երէկ (դեկտ. 17-ԽՄԲ.), «Առաւօտ»-ը տեղեկացրեց, որ վարչապետ կոչեցեալը չի բաւարարւել սեպտեմբերի 19-ի գրառման համար յարուցւած գործով իմ դէմ առաջադրւած մեղադրանքով եւ յանձնարարել է իր գրպանային ԱԱԾ-ին նոր գործեր պեղել եւ գտնել։ Նոր քրէական գործն առնչւում է սեպտեմբերի 20-ի գրառումներին։ Ինչպէս նախորդ քրէական գործի դէպքում, այս անգամ նոյնպէս յայտարարում եմ, որ չեմ զղջում գրառումներիս բովանդակութեան համար, ինչպէս նաեւ հրաժարւում եմ որեւէ ցուցմունք տալուց պատւէր կատարող քննիչներին։ Ինչպէս յայտարարել եմ, «ցուցմունք» կը տամ, որպէս հերետիկոս դատարանում։ Եւ «ցուցմունքս» ուղղւած կը լինի ոչ թէ դատաւոր-ինկւիզիտորին, այլ իմ համախոհներին։ Իսկ թէ ինչ կորոշի դատաւոր-ինկւիզիտորը, ներեցէք՝ թքած ունենամ։
Յ․Գ․- Ի գիտութիւն, վարչապետ կոչեցեալին եւ նրա գրպանային « իրաւապահներին»․
-Ինձ չէք ահաբեկի։ Այսուհետեւ շատ աւելի խիստ եմ քննադատելու վարչապետ կոչեցեալին եւ նրա ստրուկներին»,- գրել է նա։
Յիշեցնենք, որ իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանի նկատմամբ քրէական հետապնդում է յարուցւել «Ֆէյսբուք»-եան գրառման համար: