Հայաստան - Արցախ

Աւետիք Իշխանեան. «Փոքրիկ մարդուկի մեծ բարդոյթները»

Մասնագէտ չլինելով, երբ հետեւում եմ վարչապետ կոչեցեալի այցերը դէպի մարզեր, մեծագոյն տհաճութեամբ նայելով նրա դէմքի արտայայտութեանը, նոյն տհաճութեամբ լսելով նրա խօսքերը, ափսոսում եմ որ հոգեբան չեմ եւ չեմ կարող գիտական, ճշգրիտ բնորոշում տալ, թէ հոգեբանական ինչպիսի համախտանիշով (սինդրոմ) է հիւանդ այդ անձը։ Սակայն, փորձեմ իմ դիտարկումներով, սիրողական ձեւով ներկայացնել, թէ ինչպիսի հոգեբանական համախտանիշեր են բնորոշ վարչապետ կոչեցեալին եւ նրա հպատակներին։

Այսօրւայ վարչապետ կոչեցեալի հետ ծանօթ եմ 90-ականների վերջերից։ Մեր ծանօթութիւնն այդպէս էլ մնաց, որպէս լոկ ծանօթութիւն, երբեք չվերածւելով աւելի ջերմ ընկերութեան կամ գործընկերութեան։ Այսպիսի դիպուկ խօսք կայ։ Մէկը միւսին հարցնում է․

-Ինչպիսի՞ն է քո եղբայրը։

Հետեւում է պատասխանը․

-Չգիտեմ, նրա հետ ընկերութիւն չեմ արել։

Երբեմն, ինչպէս Ա1+ հեռուստաընկերութեան համար պայքարում, եղել եւ գործել ենք, կարծես որպէս համախոհներ, բայց նորից եմ կրկնում՝ նրա հետ ընկերութիւն չեմ արել։

Նրա «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր եղած ժամանակ, շատ բացասական բաներ եմ լսել նրա՝ փողապաշտութեան, անազնւութեան, բանսարկութիւնների մասին, բայց այդ պատմութիւնները հալած իւղի տեղ չեմ ընդունել։ Առաջին լուրջ հիասթափութիւնս եղաւ 2008 թւականին, ոչ այն պատճառով, որ նա իրեն, այո՝ ձեւացնում էր, որպէս Լեւոն Տէր-Պետրոսեանի թիւ մէկ երկրպագու։ Շատերն, այդ թւում իմ ընկերներից ոմանք նոյնպէս 2008 թւականին աջակցում էին Լեւոն Տէր-Պետրոսեանին, որի պատճառով մեր ընկերութիւնը չխաթարւեց։ Իսկ, այսօրւայ վարչապետ կոչեցեալից հիասթափւեցի նրա ագրեսիւ կեցւացքի եւ արցախցիների հասցէին հայհոյանքներ տեղալուց յետոյ։

Հետագայում, ինձ, միամիտիս թւաց, որ Արցախի հարցում նա փոխել է իր տեսակէտը եւ տարանջատւել Լեւոն Տէր- Պետրոսեանից։ Ինչպէս ինձ, այնպէս էլ շատերին, նա մոլորեցրեց, նախ գրելով «Մեծ խառնակչութիւն» յօդւածաշարը, հետագայում Արցախի հարցում մի քանի անգամ միակողմանի տարածքային զիջումների դէմ ելոյթներով։

Փաստօրէն, նա յանուն իշխանութեան հասնելու, ստեց եւ խաբեց բոլորին։

Ինչեւէ, դառնալով վարչապետ եւ ի պաշտօնէ, լինելով բոլորի ուշադրութեան կենտրոնում, նա բացայայտեց իր իրական կերպարը։ Առաջին ծիծեռնակը, հանրապետութեան փողոցների ողողումն էր նրա «իմաստուն» խօսքերով։ Սա մի կողմից, ժողովրդին հաճոյանալու փորձ էր, բնորոշ շատ բռնակալների, միւս կողմից ինքնահաստատման առաջին փորձը։ Երկրորդը, մաքսատան աշխատողին հրապարակային նւաստացումն էր։ Սա արդէն, ինքնահաստատման առաջին քայլն էր, ուրիշին նւաստացման հաշւին, որն էլ ցոյց է տալիս նրա փոքրոգութիւնը, դաժանութիւնն ու մարդկային, աւելի ճիշտ՝ հակամարդկային բարդոյթները։ Մեծ համարձակութիւն չէ, լինել երկրի թիւ մէկ պաշտօնեան, շրջապատւած թիկնապահներով եւ հիստերիկ տոնով գոռգոռալ մաքսատան շարքային աշխատողի վրայ, ինչ է որ իրեն՝ ամենագէտ վարչապետին չի ճանաչել եւ զգաստ չի կանգնել իր առջեւ։ Հետագայում, այս գործելաոճն իր շարունակութիւնն ունեցաւ, նպատակասլաց կերպով, ժողովրդին նւաստացնելու հաշւին՝ ինքնահաստատւել։ Յիշենք, վարչապետ կոչեցեալի ոտքերը համբուրող տատիկին, ցեղասպանութեան յիշատակի օրը վարչապետ կոչեցեալին օրհնող պապիկին, Արցախում, վարչապետ կոչեցեալի մեքենայի յետեւից ջուր ցանողին, «մեզ մենակ չթողնես» կնոջը եւ այլ նման բեմադրութիւններ։ Այս բոլոր ներկայացումների հերոսներ՝ տատիկ-պապիկ-կանայք-տղամարդիկ-երեխաները խաղացին իրենց առաջադրւած երկրորդական դերերը, համապատասխան վարձատրութեան դիմաց։ Նա եւ իր կողակից, լեդիմակբէթեան համախտանիշով վարչապետուհին, չխորշեցին անգամ, իրենց իսկ հրահրած եւ պարտւած պատերազմի զոհերի ծնողներին նւաստացնելուց։ Եւ ցաւօք, այս անգամ էլ, շատ զոհերի հարազատներ տրւեցին փողի գայթակղութեանը եւ ժպիտները դէմքերին լուսանկարւեցին վարչապետուհու կողքին։

Հետագայում պարզւեց, որ վարչապետ կոչեցեալն իրականում չունի որեւէ մտերիմ ընկեր, գործընկեր, համախոհ։ Նա իր բոլոր կուսակից, նախարար, մարզպետների հետ վարւում է, որպէս իր հպատակ՝ նազիր-վեզիրներ-ներքինիների։ Այդ են վկայում, նրա պարտադրանքը, որ բոլոր վերոնշեալ գործիչներն իրենց առանձնասենեակներում փակցնեն իր դիմանկարը, ոտքի կանգնեն իր յայտնւելուն պէս, նոյնիսկ պաշտօնից հեռացման դէպքում՝ հրապարակային շնորհակալութիւն յայտնեն։ Եւ այդ «ընկերները» հաշտւել են իրենց դերերի հետ, որը կոչւում է՝ նւաստացում, յանուն փողի։ Իսկ ընկերների, համախոհների հետ այդպէս չեն վարւում։ Ընկերութիւնը բարձր հասկացողութիւն է, որը ենթադրում է ընկերների միջեւ հաւասարութիւն, նւիրւածութիւն եւ ոչ մի դէպքում՝ ընկերոջ շահագործում, օգտագործում եւ նւաստացում։ Ակամայից յիշեցի Ալեքսանդր Դիւմայի «Երեք հրացանակիրներ» եւ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր», ընկերութեանը նւիրւած ձօն-վէպերը։

Վարչապետ կոչեցեալը, նոյն ինքնահաստատման համար, իր ընդդիմախօսներին փորձում է նւաստացնել, հրահանգ տալով իրեն ենթակայ իրաւապահ մարմիններին քրէական գործեր սարքել եւ մեղադրանքներ առաջադրել նրանց կամ նրանց հարազատների դէմ։ Ցաւօք, պէտք է արձանագրել, որ այս հարցում, նա երբեմն յաջողում է։ Շատ գործիչներ, մեղադրանքներից յետոյ, «իջան ջրի յատակը» եւ այլեւս ձայն-ծպտուն չեն հանում։ Ոմանք, ինչպէս ասում են՝ «կրօնը փոխեցին», դառնալով նրա հպատակներից, ինչպէս երդւեալ ԲՀԿ-ական Սերգէյ Բագրատեանը եւ արդարադատութեան նախարար Գրիգոր Մինասեանը։ Ոմանք էլ, յարմարւեցին իրավիճակին, «մոռանալով» իրենց բանտային տառապանքները, ինչպէս Գորիսի եւ Քաջարանի քաղաքապետեր Առուշ Առուշանեանը եւ Մանուէլ Փարամազեանը։ Այս անձինք, իմ կարծիքով կրկնակի նւաստացման ենթարկւածներ են։ Ի դէպ, անազատութեան մէջ գտնւելը, որպէս նւաստացում չեմ որակում, այլ պայքար, եթէ նրանք ազատւելուց յետոյ կամովին չնւաստանային վարչապետ կոչեցեալի կամ վարչապետուհու առջեւ։ Որեւէ արդարացում, թէ «բա ո՞նց աշխատենք, չէ՞ որ նա վարչապետն է», չեմ ընդունում։ Եթէ իսկապէս հնարաւոր չի, մի կառչիր պաշտօնից, ունեցիր արժանապատւութիւն, հրաժարական տուր, բայց մի խոնարհւիր դահճիդ առջեւ։

Այժմ անդրադառնանք, վարչապետ կոչեցեալի մարզային այցերին։ Այստեղ մենք գործ ունենք բոլոր մասնագիտութիւնների՝ շինարարութիւն, կրթութիւն, գիտական տարբեր ճիւղեր, մշակոյթ, սպորտ՝ հզօրագոյն գիտակ անձնաւորութեան հետ։ Նրա սուր, մասնագիտական աչքերից չեն վրիպում, ոչ ջրափոսերը, ոչ բասկետբոլի վահանակը, ոչ կախիչները, մի խօսքով ոչ մի մանրուք։ Իրականում, այս հերթական էժանագին ներկայացումները ծիծաղելի կը լինէին, եթէ տեղի ունենային մէկ այլ երկրում։ Իսկ մեր պարագայո՞ւմ․․․

Նայում ես, թէ ինչպէս են շարք կազմած պատիւ առնում, ողջունում տարբեր պաշտօնեաներ, Արցախն ուրացած, ցեղասպանութեան ենթարկած, հազարաւոր զոհեր տւած, վարչապետ կոչեցեալին, չգիտես թէ ամօթից ուր կորչես։ Վարչապետ կոչեցեալը, միանգամայն «լուրջ եւ խիստ» դէմքի արտայայտութեամբ շրջում է մարզադահլիճով, նրա մասնագիտական աչքից չի վրիպում ոչ մի թերութիւն։ Նա խորաթափանց հայեացքով նայում, նկատում է, կատաղում, ջղաձիգ գոռգոռում։ Նրան ուղեկցող թափօրից որեւէ մէկը չի համարձակւում հակաճառել, բոլորը հիանում եւ հաւանութիւն են տալիս, իրենց հասցէին հնչած վիրաւորանքներին։ Օրինակ, նայում ես, վարչապետ կոչեցեալին մշտապէս ուղեկցող ԿԳՄՍ նախարարուհու հնազանդութիւն եւ միաժամանակ անհանգստութիւն արտայայտող դէմքին ու խղճում․ «Արժէ՞ արդեօք, այդ աստիճան նւաստանալ, յանուն փողի»։

Ամփոփում

Այսպիսով, մենք գործ ունենք եւ աւելի քան հինգ տարի հանդուրժում ենք, ուրիշների տառապանքների ու նւաստացումների հաշւին ինքնահաստատւող, իրականում՝ թերի բարձրագոյն կրթութեամբ, կիսագրագէտ, Յովհաննէս Թումանեանին Նար-Դոսից չտարբերող մի անձնաւորութեան հետ։ Ինչպէս վերը նշեցի, չեմ կարող ճշգրիտ, մասնագիտական, հոգեբանական ախտորոշում տալ նման երեւոյթին։ Սիրողական մակարդակով, այն կը բնորոշեմ, որպէս փոքրիկ մարդուկի մեծ բարդոյթները համախտանիշ։ Դժւարանում եմ ասել, թէ այս բարդոյթն ի ծնէ՞ է, թէ՞ ձեռք բերովի։ Ենթադրում եմ՝ եւ, եւ։ Չգիտեմ, համաշխարհային պատմութեանը յայտնի՞ է մէկ այլ երկրի նման ղեկավար, որը լինի բարդոյթաւորւած, երկիրը պարտութեան մատնած, բայց եւ իշխանութեան աթոռին կառչած անձնաւորութիւն։ Թւում է, որ ոչ։ Բայց համաշխարհային գրականութեան մէջ նման հակահերոսիգոյութիւնը, խօսում է նրա իրական նախակերպարի մասին։

Նկատի ունեմ 18-19-րդ դարերի գերմանացի գրող Էռնեստ Հոֆմանի «Պստիկ Ցախեսը» այլաբանական հեքիաթի հերոսին։ Չներկայացնեմ հեքիաթի հիմնական բովանդակութիւնը, ընթերցողին հնարաւորութիւն տալով, վայելել Հոֆմանի հանճարեղ ստեղծագործութիւնը։

Ինչ վերաբերում է, վարչապետ կոչեցեալի հպատակներին, որոնք կամովին իրենց զրկել են սեփական կարծիք ունենալուց, արժանապատւութիւնից եւ հլու-հնազանդ կատարում են իրենց տիրակալի բոլոր քմահաճոյքները, թութակի պէս կրկնելով նրա խօսքերը, ապա նրանք նման են «Ստոկհոլմեան համախտանիշով» տառապող պատանդներին։ Չեմ բացառում, որ ապագայում, այն կը կոչւի որպէս «Հայկական համախտանիշ»։

Yerkir.am

Related Articles

Back to top button