Հայաստան - Արցախ

Արցախի ղեկավարներին ազատ արձակելու հարցը կախւած է միայն Ալիեւից

Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալւած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան խնդիրը շարունակում է մնալ մտահոգ քաղաքացիների ուշադրութեան կենտրոնում, չնայած այն բանին, որ ՀՀ իշխանութիւնները բաւարար միջոցներ չեն գործադրում, որպէսզի վերջիններս ազատ արձակւեն։ Միեւնոյն ժամանակ Ադրբեջանը ձգտում է նման կերպ լրացուցիչ ճնշումներ գործադրել Հայաստանի վրայ՝ լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով։

Յիշեցնենք, որ Արցախի Հանրապետութեան նկատմամբ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած վերջին ագրեսիայից յետոյ Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալւել եւ Բաքու են տեղափոխւել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը եւ Արայիկ Յարութիւնեանը, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը, իսկ նախկին ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանն ինքնակամ էր ներկայացել Շուշի եւ յանձնւել ադրբեջանցիներին։

Oragir.News-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանից հետաքրքրւեց, թէ կուսակցութիւնն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն ազատ արձակելու ուղղութեամբ։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն Հայկական իրաւական կենտրոնի միջոցով արդէն երկու տարի է, ինչ ՄԻԵԴ-ում աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն, այլ նաեւ Ադրբեջանում պահւող բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու նպատակով։

Կիրօ Մանոյեանն ընդգծեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան 8 ներկայացուցիչների խնդիրն աւելի շատ քաղաքական է, քան իրաւական, եւ այդ նպատակով քաղաքական տարբեր շրջանակների հետ աշխատանքներ կատարւում են՝ հիմնականում միջազգային ուղղութեամբ։ Նրա խօսքով՝ երաշխաւորւած չէ, որ այս աշխատանքները դրական արդիւնք կունենան, քանի որ դա կախւած է մէկ անձից՝ Իլհամ Ալիեւից։

Անդրադառնալով ադրբեջանական լրատւամիջոցներում տարածւող այն տեղեկութիւններին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը սպասւում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում եւ արդեօք հնարաւո՞ր կը լինի վերջիններիս ազատ արձակել կալանքից՝ մեր զրուցակիցը նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան 8 ներկայացուցիչներին առաջադրւած մեղադրանքները տարբեր են։ Նա ասաց, որ յատկապէս ծանր են Արայիկ Յարութիւնեանին ներկայացւած մեղադրանքները։

«Արայիկ Յարութիւնեանին ներակայացւել են մեղադրանքներ, որոնք միւսների դէպքում չկան, քանի որ Արցախեան 44-օրեայ պատերազմի ժամանակ նա հրապարակային յայտարարեց, որ Գեանջան իր հրամանով է հրթիռակոծւել, այդ տեսանիւթը նոյնպէս առկայ է։ Բայց կարծում եմ՝ ինչ էլ որ լինի, վերջում քաղաքական որոշում է կայացւելու»,- եզրափակեց նա։

ԴԱՒԻԹ ԳՈՒՅՈՒՄՋԵԱՆ

Related Articles

Back to top button