Հայաստան - Արցախ

Վրթանէս Սրբազան. «2024 թ.-ի մեր կարգախօսը պիտի այդպիսին լինի՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽ»

Երեւանի Սուրբ Երրորդութիւն եկեղեցու դահլիճը իր յարկի տակ էր համախմբել մի քանի տասնեակ արցախցի փոքրիկների` իրարից կարօտն առնելու։ Փոքրիկները Արցախի Վաղուհաս, Քոլատակ, Շահմասուր գիւղերի կիրակնօրեայ դպրոցների սաներն էին` իրենց հոգեւոր հովիւ արժանապատիւ Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանի առաջնորդութեամբ:

Հանդիպմանը ներկայ էր Արցախի թեմի առաջնորդ Տ7 Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը: Միջոցառումը մեկնարկել է աղօթքով։

Արցախի թեմից Yerkir.am-ին յայտնում են, որ հանդիպման նպատակը համախմբւածութիւնն ամուր պահելն է։ Միջոցառումն առանց ամանորեայ անակնկալների չի անցել. 60 երեխաների սպասում էին տօնածառի տակ դրւած նւէրները։

Սրբազան Հայրն իր խօսքում շեշտել՝ պիտի արժեւորենք այն կարեւորը, որ մեզ տւեց Աստւած՝ կեանքը․ «Պէտք է հաստատուն պահենք մեր վերադարձը Արցախ եւ այն ամրագրենք որպէս յաղթական վերադարձ։ 2024 թւականի մեր կարգախօսը պիտի այդպիսին լինի՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽ։ Այդ գաղափարը պիտի դառնայ ապրելակերպ»։

Վրթանէս Սրբազանը յաւելել է՝ այդ գործում մեծ դեր ունեն նաեւ երեխաները։ Նա յորդորեց բոլոր արցախահայերին չարտագաղթել Մայր Հայաստանից. «Այստեղ կարող ենք համախմբւած, միասնական լինել մինչեւ տուն վերադառնալը»։

«Մենք կորցրինք մեր չքնաղ Արցախը՝ մեր հայրենիքը, բայց չկորցրինք յոյսը, որ պիտի վերադառնանք»,- ընդգծել է Տէր Յովհաննէսը, ով Սուրբ Յակոբավանքի վանահայրն էր։

Տէր Յովհաննէսը կոչ է արել երեխաներին՝ յաճախել իրենց համայնքներում գործող եկեղեցիների կիրակնօրեայ դպրոցներ։ Միեւնոյն ժամանակ ներկաներն ընդգծել են Արցախի թեմի կիրակնօրեայ դպրոցները պահպանելու անհրաժեշտութիւնը, որը նաեւ համախմբող դեր ունի։

Հանդիպմանը դրամական օգնութիւն է ցուցաբերւել պատերազմի ժամանակ զոհւած հայորդիների ընտանիքներին։

Նւէրներն ու դրամական աջակցութիւնը տրամադրւել են բարերարներ Վարդան Մանուկեանի եւ Գրիգորի Հայրապետեանի հովանաւորութեամբ։

Related Articles

Back to top button