Միջազգային

Փարիզի Աստւածամօր տաճարը կը բացւի դեկտեմբերի 7-ին

«ԱԼԻՔ» – Փարիզի Աստւածամօր տաճարի հանդիսաւոր բացումը հնգամեայ վերականգնումից յետոյ տեղի կունենայ 2024 թւականի դեկտեմբերի 7-ին։ Տօնակատարութիւնները կը սկսւեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կը վերադառնայ 2019 թւականին հրդեհից փրկւած Տիրամօր եւ մանկան 14-րդ դարի արձանը։ Յայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Տաճարի բացման արարողութիւնը կը հեռարձակւի ամբողջ աշխարհում։ Յաջորդ օրը կը լինի առաջին պատարագը, որին ներկայ կը լինի նախագահ Մակրոնը։

Յիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկւել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետեւանքով փլւել է տաճարի աշտարակը, ժամացոյցը։ Տաճարի վերականգնումը սկսւել է 2022 թւականին։ Ֆրանսիայի կառավարութիւնը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը։ Այդ թւում՝ նախագծել 19-րդ դարի գմբէթի կրկնօրինակը, որն ամբողջութեամբ այրւել է հրդեհի ժամանակ։

Փարիզի Աստւածամօր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնւել էր հեթանոսական Յուպիտերին նւիրւած տաճարի վրայ։ Կառուցումը տեւել է մօտ 200 տարի։ 1991 թւականին տաճարն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում։ Փարիզի Աստւածամօր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Իւրաքանչիւր տարի աւելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարւում է Փարիզի ամենաշատ այցելւող յուշարձանը:

Related Articles

Back to top button