Հայաստան - ԱրցախՄիջազգային

Կարէն Խանլարեան. «Իրանն աւելի շատ մտահոգւած է Ադրբեջանում Թուրքիայի ներկայութեամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելութեամբ»

Իրանը, խօսելով արտատարածաշրջանային ուժերի առկայութեան մասին, աւելի շատ մտահոգւած է ՆԱՏՕ-ական Թուրքիայի ներկայութեամբ Ադրբեջանում եւ Արցախի օկուպացւած տարածքներում, քան Հայաստանում՝ ԵՄ դիտորդների ներկայութեամբ։ Այս մասին նոյեմբերի 28-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւոր, պատմաբան Կարէն Խանլարեանը։

Նրա խօսքով՝ Թեհրանի այս մօտեցումը վերաբերում է Թուրքիային ոչ թէ որպէս առանձին երկրի, այլ որպէս ՆԱՏՕ-ի անդամի։

Նա կարծում է, որ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կը նշանակի ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ Իսրայէլի ներկայութիւն ողջ Հարաւկովկասեան տարածաշրջանում։

«Կարծում եմ՝ Իրանի հիմնական մտահոգութիւնը սրա հետ է կապւած, այլ ոչ թէ ԵՄ առաքելութեան։ Բացի այդ, եթէ Թուրքիան ազատ ելք ունենայ դէպի Ադրբեջան, կարող է վերահսկողութեան տակ վերցնել Կասպից ծովը։ Դա կը նշանակի, որ Կենտրոնական Ասիան մինչեւ Պակիստան կը գտնւի ՆԱՏՕ-ի ռազմական վերահսկողութեան տակ»,- յաւելեց Խանլարեանը։

Նա ենթադրում է, որ այս պահին Սիւնիքի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի յաւակնութիւնների դէմ հիմնական զսպիչն Իրանի սկզբունքային դիրքորոշումն է։

«Եթէ Իրանը միջամտի Մերձաւոր Արեւելքի գործընթացներին, եւ ուշադրութիւնը Հարաւային Կովկասի նկատմամբ թուլանայ, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Սիւնիքի դէմ ռազմական ագրեսիայի յաւանականութիւնը կը մեծանայ։ Սակայն նման սցենարը քիչ յաւանական է»,- ընդգծեց պատմաբանը։

Նրա գնահատմամբ՝ Թեհրանը կարող է նոյնիսկ առանց ռազմական միջամտութեան այլ երկրներին հետ պահել անցանկալի գործողութիւններից, ինչպէս դա տեղի է ունենում Մերձաւոր Արեւելքում։

«Իրանը հզօր քաղաքական եւ դիւանագիտական ​​լծակներ ունի Ադրբեջանի վրայ։ Այս լծակները սկսել են տեսանելի լինել 2016 թւականի քառօրեայ պատերազմի ժամանակ։ Եւ այսօր այդ լծակներն էլ աւելի են ուժեղացել»,- պարզաբանեց Խանլարեանը։

Ինչ վերաբերում է «3+3» ձեւաչափին, ապա Իրանն այն դիտարկում է ոչ թէ որպէս հակամարտութիւնների կարգաւորման հարթակ, այլ որպէս յետկոնֆլիկտային իրավիճակի քննարկման հարթակ։

«Այս առումով ձեւաչափը կարող է օգտակար լինել ողջ տարածաշրջանի համար։ Բայց եթէ Ադրբեջանը փորձում է օգտագործել «3+3»-ը կոնֆլիկտային հարցերը լուծելու համար, ապա Հայաստանը պէտք է ուշադրութիւն դարձնի դրան»,- ասաց պատմաբանը։

Եթէ ​​Երեւանը ձգտում է դիւերսիֆիկացնել իր յարաբերութիւնները, ապա Իրանն այս առումով կարող է լավ գործընկեր դառնալ ոչ միայն անվտանգութեան, այլեւ այլ ոլորտներում, վստահ է նա։

«Ես կարծում եմ, որ դիւերսիֆիկացիան չպէտք է շփոթել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութեան հետ»,- եզրափակեց նախկին պատգամաւորը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button