Գազան՝ լրագրողների սպանդանոց. 63 օր, 63 սպանւած լրագրող
Միզազգային ԶԼՄ-ների կոչն ուղղւած Իսրայէլին. «Դադարեցնել լրագրողների որսը»
«ԱԼԻՔ» – Լրագրողները եւ ԶԼՄ-ների աշխատակիցները միաձայն արձագանգելով Գազայի հատւածի իրադարձութիւնների լուսանցքում լրագրողների թիրախաւորումն արձանագրած «Լրագրողների պաշտպանութեան կոմիտէ»-ի փաստերին, յայտարարում են. «Որպէս միջազգային լրագրողական հանրութեան անդամներ՝ մենք կոչ ենք անում դադարեցնել լրագրողների սպանութիւնը եւ ցանկացած սպառնալիք ուղղւած լրատւամիջոցներին, որոնք, յատկապէս, լուսաբանում են Իսրայէլի ռմբակոծութիւնները՝ Գազայում ու Լիբանանում, ինչպէս նաեւ դատապարտում ենք տարածաշրջանում աճող բռնութիւնների երեւոյթը: Կոչ ենք անում բոլոր կողմերին պաշտպանել մեր բոլոր գործընկերներին»:
«Մենք կանգնած ենք մեր բոլոր գործընկերների կողքին եւ դատապարտում ենք լրագրողների սպանութիւնը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը պաշտպանել մամուլի ազատութիւնը եւ երաշխաւորել լրատւամիջոցների աշխատակիցների կեանքն ու անվտանգութիւնը: Մենք պահանջում ենք դադարեցնել լրագրողների դէմ յանցագործութեան անպատժելիութիւնը եւ կոչ ենք անում պատասխանատւութեան կանչել մեղաւորներին»,- ընդգծւած է յայտարարութեան մէջ։
Պաղեստինցի լրագրողները, որոնք իրենց առաքելութիւնն են իրականացնում Գազայի հատւածում, դա անում են կոտորածների եւ աւերածութիւնների պայմաններում՝ բացայայտելով արհաւիրքն ու աղէտը, որը կարող էր անտեսանելի մնալ միջազգային հանրութեան համար: Այնտեղ գտնւող լրագրողները ռմբակոծութիւնների հետեւանքով ոչ միայն կորցրել են իրենց տներն ու ընտանիքի անդամներին, այլեւ բախւել են կեանքի ծանր պայմանների՝ սահմանափակ սննդի, ջրի եւ էլեկտրականութեան պատճառով, եւ գտնւում են լիակատար պաշարման մէջ, իսկ Գազայի հատւած մուտք գործելու արգելքը եւ կապի խափանումներն աւելին են ճնշում տեղեկատւութեան հոսքը»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Յայտարարութեան մէջ նշւած է նաեւ, որ վերջին 8 շաբաթների ընթացքում լրագրողները ապրել են ամենամահաբեր շրջանը վերջին 30 տարիների համեմատ (1992 թւականից CPJ-ն սկսել է տւեալների հաւաքագրումը), երբ «Լրագրողների պաշտպանութեան կոմիտէ»-ն (CPJ) սկսեց լրագրողների դէմ իրականացւող խոշտանգումների ու դեմարշով դէպքերի ու տւեալների հաւաքագրումը:
Յորդանան գետի օկուպացւած արեւմտեան ափում իսրայէլական բանակը ձերբակալել է առնւազն 19 լրագրողի, հիմնականում նրանց տների վրայ կատարած գրոհների ժամանակ»,- ասւում է յայտարարութեան մէջ:
CPJ-ն արձանագրում եւ հետաքննում է լրագրողների եւ լրատւամիջոցների աշխատողների մասին բոլոր հաղորդումները, որոնք զոհւել, վիրաւորւել կամ անհետ կորել են պատերազմում, որը հասցրել է կոչւել լրագրողների ամենամահաբեր շրջանը 2023-ին:
Ստորեւ բերւած տւեալների ցուցակը CPJ-ի ամբողջական հաշւետւութիւնն է պատերազմում լրագրողների մահւան դէպքերի շուրջ:
Արժէ նշել, որ CPJ-ի տւեալների բազան չի արտացոլում զոհերից շատերի անունները, քանի դեռ ամբողջութեամբ չեն ուսումնասիրւել նրանց հետ կապւած հանգամանքները:
Դեկտեմբերի 11-ի դրութեամբ CPJ-ի նախնական հետաքննութիւնը ցոյց տւեց, որ առնւազն 63 լրագրողներ եւ լրատւամիջոցների աշխատողներ են սպանւել ընդհանուր 19000 սպանւածների թւում: Նշւած վիճակագրութիւնից 18000-ը պաղեստինցիներ են, որոնք պատերազմին զոհ են գնացել Գազայում եւ Յորդանանի արեւմտեան ափում: Նոյնի համաձայն ընդհանուր սպանւածներից 1200-ը՝ իսրայէլցի են:
Լրագրողների համար պատերազմի ամենամահաբեր օրը դրա առաջին օրն էր՝ հոկտեմբերի 7-ը, որտեղ միանգամից ռմբակոծութեանը զոհ գնաց թւով 6 լրագրող: Իսկ երկրորդ ամենամահաբեր օրը նոյեմբերի 18-ն էր, որի ընթացքում 5 լուսանկարիչ է զոհւել:
CPJ-ի հետազօտութիւնները եւ փաստագրումները ներառում են բոլոր լրագրողներին, որոնք սահմանւում են որպէս նորութիւնների հաւաքագրման եւ տարածման գործընթացին ներգրաււած անհատներ: Կազամակերպութիւնը նշել է նաեւ, որ իր փաստագրած գործերը վիճարկող աղբիւրները մինչ օրս որեւէ ապացոյց չեն գտել, որ ցուցակագրւած որեւէ լրագրող զբաղւել է ռազմական գործունէութեամբ:
«Քննադատութիւններին պատասխանելով, Իսրայէլի բանակը Reuters եւ Agence France Press լրատւական գործակալութիւններին յայտնել է, որ չի կարող երաշխաւորել Գազայի հատւածում գործող լրագրողների անվտանգութիւնը»,- յայտնում է Reuters-ը։
Գազայում լրագրողների աշխատանքի ռիսկայնութեան բարձրացումը պայմանաւորւած է իսրայէլական ցամաքային յարձակման եւ աւերիչ օդային հարւածներով, ներառեալ հաղորդակցութեան կապերի խափանմամբ եւ, յատկապէս, էլեկտրաէներգիայի տեւական ընդհատումներով:
Աղբիւրը վկայակոչելով առկայ փաստերն ու արձանագրութիւնները յաւելել է, որ դեկտեմբերի 11-ի դրութեամբ, ինչը պատերազմի 63-րդ օրն է նաեւ, հաստատւել է 63 լրագրողի եւ լրատւամիջոցի աշխատակիցների մահ, որոնցից 56-ը պաղեստինցի լրագրողներ են, 4-ը իսրայէլցի եւ 3-ը լիբանանցի։ 3 լրագրող անհետ կորել է։
Այս թւին պէտք է աւելացնել վիրաւորում ստացած 11 լրագրողների եւս։ Պաշտօնական հրապարակումների համաձայն՝ ձերբակալւել է 19 լրագրող։
Արձանագրւած փաստեր կան նաեւ լրագրողների դէմ իրականացւած խոշտանգումների, սպառնալիքների, կիբեռյարձակումների, գրաքննութեան եւ ընտանիքի անդամների նկատմամբ իրականացւած բռնութիւնների մասին:
Յիշեցնենք, որ Գազայի հատւած մուտք գործել չի կարող ոչ ոք, ներառեալ միաջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այնտեղ նոյնիսկ West Bank-ի պաղեստինցիների մուտքն է սահմանափակւած: Աշխարհից կտրւած հատւած է Գազան:
CPJ-ն նաեւ հետաքննում է բազմաթիւ չհաստատւած տեղեկատւութիւնները սպանութիւնների, անհետ կորածների, կալանքի տակ յայտնւածների, վիրաւորման դէպքերի, սպառնալիքների, ինչպէս նաեւ ԶԼՄ-ների շէնքերն ու լրագրողների բնակարանները վնասելու մասին։
Սակայն պարզ չէ, որ սպանւած լրագրողները՝ մահւան պահին հակամարտութիւնը լուսաբանելիս էին, թէ ի՞նչ, այդուհանդերձ CPJ-ն նրանց ներառել է հաշւարկի մէջ: Ցանկը պարբերաբար թարմացւում է:
Յայտարարութիւնը լայն տարածում է գտել, յատկապէս, սոցիալական ցանցերի օգտատէրերի ու կիբեռտարածքում ակտիւ բոլոր ակտիւիստների կողմից: Պատասխան գործողութեան են անցել նաեւ սիոնիստական հակումներով օգտատէրերը, ում համար կարծես «նպատակը արդարացնում է միջոցները» բանաձեւն է խօսում, յատկապէս, երբ պատանդներին ազատելու գործողութիւնների է զոհ գնում խաղաղ բնակչութիւնը: Սիոնիստ օգտատէրերից մէկը մեկնաբանութիւն թողնելով ազգութեամբ հրեայ յայտնի լուսանկարիչներից մէկի գրառման տակ, որտեղ վերահրապարակւած է ԶԼՄ-ների համատեղ յայտարարութիւնը, գրել է.- «Լրագրողները ծանուցում են ստացել նախքան Իսրայէլի գործողութիւնները… այնտեղ՝ ծանուցման մէջ նշւած է, որ ահաբեկչութեան դէմ գործողութեան ընթացքում անհնար է թիրախաւորել միայն զինեալներին: Իսկ եթէ ՀԱՄԱՍ-ն է, ապա ահաբեկչական խմբաւորման եւ քաղաքացիական անձանց միջեւ տարանջատում չկայ: Ձեր գործն արէք եւ մի խառնւէք ձեզ չվերաբերող հարցերին»:
Լուսանկարիչն այս մեկնաբանութիւնը համարել է լռեցնելու փորձ կամ, առնւազն, դրա ազդեցութեան տակ աֆիւնաւորում ստացած ֆաշիզմի տարածում: