Հայաստան - ԱրցախՄիջազգային

Սերգէյ Մելքոնեան. «Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր նպատակները Հարաւային Կովկասում»

Վերջին երեք տարիները զգալի փոփոխութիւններ են բերել Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքականութիւնում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զաւթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ, գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգէյ Մելքոնեանը իրանական ԻՌՆԱ լրատւական գործակալութեան համար։

«Չորս տարի անց իսրայէլական ներկայութիւնն ընդլայնւել է Ադրբեջանի կողմից վերահսկւող՝ Իրանին սահմանակից տարածքում։ Իսկ վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է զէնքի գլխաւոր մատակարարը Հայաստանի համար։ Նոր խաղացողների յայտնւելու հետ կապւած՝ Ադրբեջանը եւ Թուրքիան նոր նպատակներ են առաջադրում։ Այդ նպատակներն են ազդելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան վրայ»,- նշել է նա։

Ո՞րն է նոր նպատակների անհրաժեշտութիւնը

Իր կազմաւորումից յետոյ 30 տարւայ ընթացքում Ադրբեջանը իր պետական ինքնութիւնը կառուցել է Հայաստանի հանդէպ ատելութեան վրայ, – ընդգծել է Մելքոնեանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդիրն ընդամէնը փոքր մանրամասն էր։ Թուրքիան, որն Ադրբեջանի գլխաւոր մրցակիցն է, շարունակում է Բաքւի ռազմավարական գիծը։

Անկարան կազմակերպեց Հայաստանի շրջափակումը, որը շարունակւում է մինչ օրս՝ հրաժարւելով կարգաւորել յարաբերութիւններն այնքան ժամանակ, մինչեւ որ Երեւանը լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի յանձնման միջոցով։ Այս կէտն է գլխաւոր նախապայմանը Անկարայի եւ Երեւանի յարաբերութիւնների կարգաւորման գործում։

Երրորդ ղարաբաղեան պատերազմի ժամանակւանից՝ 2020 թ., անցել է երեք տարի։ Հայաստանը պաշտօնապէս հանել է իր զինւած ուժերը Լեռնային Ղարաբաղից եւ յարաբերութիւնների կարգաւորման բանակցութիւններ է վարել Ադրբեջանի հետ։ Բաքուն շարունակում էր նոր պահանջներ ներկայացնել, որոնք Երեւանը կատարել է. Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչում, ներառեալ Լեռնային Ղարաբաղը։ Սակայն աւելի ուշ պահանջները դուրս եկան Լեռնային Ղարաբաղի սահմաններից։

Նախ՝ Ադրբեջանին Հայաստանի տարածքից բնակավայրերի յանձնում, որը Բաքուն համարում է իր «անկլաւները»։ Երկրորդ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի ապահովում Հայաստանի տարածքով Թուրքիայի եւ Ադրբեջանի միացման համար։

«Այսպիսի մօտեցումը ցոյց է տալիս, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնները չեն սահմանափակւում միայն Լեռնային Ղարաբաղով։ Խաղաղութեան պայմանագրի քննարկման գործընթացում Բաքուն պնդում է, որպէսզի փաստաթուղթը ներառի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը 86.600 քառակուսի կիլոմետր տարածքում, որի մէջ մտնում է Լեռնային Ղարաբաղը։ Բայց Բաքուն հրաժարւում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։ Դա Բաքւի ծաւալապաշտական մտադրութիւնների կարեւոր ցուցիչ է։

Շուշիում, իսկ յետոյ Ստեփանակերտում ադրբեջանական դրօշը բարձրացնելով՝ Ալիեւը կատարեց իր «պատմական առաքելութիւնը»։ Հակահայկական նարատիւը պահպանելու համար Ալիեւը պէտք է նոր գլոբալ նպատակներ առաջադրի»,- ընդգծել է փորձագէտը։

Որո՞նք են նոր նպատակները

2020 թ. պատերազմից յետոյ Բաքուն սկսել է օրակարգում ներառել «Զանգեզուրի միջանցք» եւ «Արեւմտեան Ադրբեջան» նարատիւները։ Դրանք կրում են ծաւալապաշտական բնոյթ եւ ստանում են Թուրքիայի աջակցութիւնը, – նշել է Սերգէյ Մելքոնեանը։

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը կարեւոր եւ կարճաժամկէտ նախագծերից է։ Այն նախատեսում է ուղիղ կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Հայաստանի տարածքով, ինչը պաշտօնապէս ամրագւել է 2021 թ. Շուշիի հռչակագրում։ Այդ նախագիծը ոչ թէ տնտեսական է, այլ քաղաքական, յայտարարել է Թուրքիայի ղեկավարութիւնը։

Դա առաջնահերթ է նաեւ Ադրբեջանի համար։ 2023 թ. ամռանը «Զանգեզուրի միջանցք»-ը անպայման կը բացւի՝ ուզի դա Հայաստանը, թէ ոչ»։ Աւելի ուշ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը յայտարարեց, որ «Բաքւի համար այլեւս հետաքրքիր չէ «Զանգեզուրի միջանցք»-ը Հայաստանի տարածքով»։

Դիսկուրսի այս փոփոխութիւնը հնարաւոր դարձաւ Իրանի ակտիւութեան շնորհիւ, որը ստիպեց Բաքւին համաձայնել իր առաջարկին գոյութիւն ունեցող երթուղու արդիականացման մասին՝ Իրանի տարածքի միջով։ Այսպիսով, Թեհրանը ժամանակաւորապէս թուլացրել Հայաստանի վրայ ռազմական եւ քաղաքական ճնշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Բայց այս ամիս Ալիեւը նորից յայտարարեց, որ «պէտք է ազատ հասանելիութիւն լինի Ադրբեջանից Նախիջեւան, ուստի չպէտք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանային ընթացակարգեր»։

Այլ խօսքով՝ Ադրբեջանի նախագահը խօսում է միջանցքի մասին՝ չօգտագործելով «միջանցք» բառը։ Ուստի ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն հրաժարւել իրենց ծաւալապաշտական մտադրութիւններից, այդ թւում եւ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում, չէ՞ որ հիմնական նպատակն աւելի գլոբալ է»,- նշել է փորձագէտը։

Մելքոնեանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ակտիւօրէն կառուցել «Արեւմտեան Ադրբեջան» նարատիւը։ Դրա համաձայն՝ ժամանակակից Հայաստանը «Արեւմտեան Ադրբեջանն» է։ Հանրային կարծիքում սա արմատաւորւում է հետեւեալ կերպ։ Նախ՝ պետական ալիքները լուսաբանում են նորութիւններն ու եղանակի տեսութիւնը Հայաստանի տարածքից որպէս «Արեւմտեան Ադրբեջան», իսկ պետական հաստատութիւնների ներկայացուցիչները պաշտօնական յայտարարութիւններում օգտագործում են միայն ադրբեջանական տեղանուններ։ Երկրորդ՝ պատրաստւում է համապատասխան ենթակառուցւածք «Արեւմտեան Ադրբեջանի հանրոյթի» տեսքով։ Այն ուղիղ պետական աջակցութիւն է ստանում նախագահ Ալիեւից։ Այսպէս հանրային գիտակցութեան մէջ կառուցւում է նոր ծաւալապաշտական մտադրութիւն։

«Պանթուրքիստների շրջանում արդէն պառակտում է սկսւել։ Օրինակ, Թուրքիայի տարածքում յայտարարւել է «Գէյչա-Զանգեզուրի հանրապետութեան» ստեղծման մասին։ Դրա «հիմնադիրների» կարծիքով՝ այն ներառել է ժամանակակից Հայաստանի տարածքի մի մասը։ Բաքւում նախաձեռնողների ձերբակալութիւնից յետոյ յայտարարութիւն հնչեց, որի համաձայն՝ «Գէյչա-Զանգեզուրի հանրապետութիւնը» դադարեցնում է իր գոյութիւնը, իսկ «վերադարձն Արեւմտեան Ադրբեջան» հնարաւոր է նախագահ Ալիեւի ճիշտ ուղու եւ «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» աշխատանքի շարունակման դէպքում»։

Ուստի պառակտումից յետոյ տեղի է ունենում համախմբում Հայաստանի տարածքի վրայ վերահսկողութեան հաստատման հէնց Բաքւի պետական գծի շուրջ։

Այսպիսով, չնայած «Զանգեզուրի միջանցք» նախագիծն իրականացնելու անկարողութեանը կարճ ժամկէտում՝ գաղափարը կապւած է «Արեւմտեան Ադրբեջանի» երկարատեւ ծաւալապաշտական հեռանկարի հետ։

Ուստի ցանկացած պայմանաւորւածութիւն Երեւանի եւ Բաքւի միջեւ լինելու է ոչ թէ խաղաղութիւն, այլ հրադադար պատերազմների միջեւ։ Բաքւի եւ Անկարայի ծաւալապաշտութիւնը կարելի է զսպել միայն ուժերի հաւասարակշռութեան հաստատման միջոցով։ Ուստի Հայաստանի կողմից զէնքի ձեռքբերումը պաշտպանական նպատակներով առաջացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կտրուկ արձագանգը։ Չնայած դրան՝ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման միակ միջոցը Բաքւի եւ Անկարայի ծավալապաշտական պլանները մեղմելն ու չէզոքացնելն է»,- գրել է հայ վերլուծաբանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button