ՄիջազգայինՔաղաքական

Լուկիանով. «2023 թ. ընթացքում պահպանւեց աշխարհաքաղաքական անորոշութիւնը, սակայն տրւեցին նաեւ մի շարք «պատասխաններ»»

«Անցած տարին բաւականին ծանր աշխարհաքաղաքական տարի էր, որը տւեց մի շարք պատասխաններ, սակայն ընդհանուր առմամբ պահպանեց անորոշութիւնն ու անկայունութիւնն աշխարհում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆեօդոր Լուկիանովը՝ անդրադառնալով 2023թ. աշխարհաքաղաքական զարգացումներին ու սպասելիքներին։

Նա նշեց, որ ինչպէս եւ պէտք էր ակնկալել նախորդ տարւայ զարգացումներից, 2023 թ. եւս յագեցած էր բաւականին բուռն զարգացումներով, լարւած էր, սակայն տւեց մի շարք հարցերի պատասխաններ։

Նա նշեց, որ յատկապէս ծանր ու նոր էին այս տարի զարգացումները Մերձաւոր Արեւելքում Գազայի հակամարտութեան շուրջ, ինչպէս նաեւ ԼՂ-ի սեպտեմբերեան դրամատիկ իրադարձութիւնները, երբ հայերը զանգւածաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ տեղափոխւելով Հայաստանի Հանրապետութիւն։

«Ոչ պակաս ուշագրաւ էին զարգացումներն Ուկրաինայում ՌԴ յատուկ օպերացիայի շրջանակում։ Անցած տարի պարզ դարձաւ, որ Ռուսաստանի դէմ Արեւմուտքի ու Ուկրաինայի իշխանութիւնների ծրագրած, այսպէս կոչւած, հակայարձակման օպերացիան տապալւում է, որը վճռորոշ կէտ դարձաւ այս հակամարտութիւնում, քանի որ Արեւմուտքում աւելի յաճախ են սկսել Ուկրաինային խորհուրդ տալ բանակցութիւնների ճանապարհով գնալ եւ համաձայնութիւնների գալ Ռուսաստանի հետ։ Այս մասին Ուկրաինայի իշխանութիւններն արդէն ուղիղ են խօսում, դժգոհութիւններ յայտնում՝ ինչպէս Արեւմուտքի քաղաքականութիւնից, այնպէս էլ՝ այն սպառազինութեան քանակից, որն Արեւմուտքը տրամադրում է, թէեւ Արեւմուտքն իսկապէս մեծ ռեսուրսներ ներդրեց Ուկրաինայում Ռուսաստանի դէմ, այդ թւում՝ հակայարձակման օպերացիան յաջողութեամբ իրականացնելու համար։ Ռուսաստանն այս ընթացքում բեկումնային քայլեր չի արել, աւելի հանգիստ է հակադարձել բոլոր ճակատներում Արեւմուտքի «յարձակումներին», եւ այդ մարտավարութիւնն իրեն արդարացրել է: Նրան, ինչին ձգտում էին ՌԴ հակառակորդները, չեն կարողանում հասնել, թէեւ, այնուամենայնիւ, շատ անսպասելի զարգացումներ եւս եղել են, ինչպէս ՌԴ-Գերմանիա տնտեսական համագործակցութեան լիովին զրոյացումը, պատժամիջոցների հետեւանքները»,- նման կարծիք յայտնեց վերլուծաբանը։ Ըստ նրա, սպասւող տարւայ ընթացքում այս ամէնը շարունակւելու է։

Ռուսաստանի քաղաքականութիւնը, նրա խօսքով, իր դաշնակից եւ հարեւան երկրների նկատմամբ ունեցել է երկու ուղղութիւն, որոնցից առաջինը եւ գլխաւորը՝ գործնական, որը միտւած էր լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են ստեղծւած իրավիճակի պատճառով, ինչպէս նաեւ աւելի պակաս վճռական ու ազդեցիկ քաղաքականութիւն՝ ռեսուրսների անբավարարութեան պատճառով։

«Այս ամենի ֆոնին այս երկրների կարեւորութիւնն աճել է ՌԴ-ի համար, բայց արտասովորն այն է, որ չկայ ռեսուրս այդ փաստին բաւարար քաղաքական արձագանգ տալու համար։ Յետսովետական տարածքում փոփոխութիւնները կը շարունակւեն, Ուկրաինայում ստեղծւած իրավիճակը նպաստեց, որպէսզի խնդիրները եւ փոփոխութիւնները խորանան, սակայն դրանք շատ աւելի վաղուց էին սկսւել։ Եւ այստեղ, ինչպէս տեսնում ենք, Արեւմուտքը լուրջ պայքար է մղում Ռուսաստանին դուրս բերելու նպատակով, Հայաստան-Ադրբեջան Խաղաղութեան համաձայնագիրը արեւմտեան որեւէ մայրաքաղաքում ստորագրելու նպատակով։ Սակայն, որքանով հասկանում եմ, բացի այդ համաձայնագրից՝ կան շատ հարցեր, որոնց պատասխանները չկան, թէ ի՞նչ է սպասւում Ղարաբաղը լքած հայերին, արդեօք նրանք ունենալո՞ւ են հնարաւորութիւն վերադառնալ, ի՞նչ երաշխիքներ եւ ո՞վ է տալու։ Հարցերը չափազանց շատ են, եւ թէեւ կայ մեծ ցանկութիւն, սակայն բարդ է առաջ շարժւել առանց Ռուսաստանի»,- ասաց նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button