ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ասադը՝ Ամիր Աբդօլլահեանի հետ հանդիպման ժամանակ. «Տարածաշրջանի իրադարձութիւնները փաստեցին, որ Իրանը ոչ միայն խօսում է, այլեւ՝ գործում է»

«ԱԼԻՔ» – Սիրիա այցելած ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը երէկ՝ փետրւարի 11-ին հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշշար Ասադի հետ:

Իսլամական յեղափոխութեան առաջնորդի եւ Հանրապետութեան նախագահի ջերմ ողջունները փոխանցելով Սիրիայի նախագահին, Ամիր Աբդօլլահեանն Ասադին է փոխանցել Իրան այցելելու՝ այաթ. Ռէյիսիի պաշտօնական հրաւէրը:

Հանդիպման ընթացքում, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Գազայի խնդիրը համարել է տարածաշրջանային եւ միջազգային գլխաւոր հիմնահարցը, նշել է. «բարեբախտաբար, Պաղեստինին աջակցելու հարցում երկու երկրներն ունեն միասնական դիրքորոշում եւ գործնական մօտեցում, եւ այս խնդրի հետ կապւած, անցեալ 4 ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ խորհրդակցութիւնները շարունակական են եղել»:

«Մենք մշտապէս մեր յստակ դիրքորոշումն ենք յայտնել Պաղեստինի եւ Գազայի առկայ ճգնաժամի վերաբերեալ, եւ ի պատասխան ամերիկեան կողմի պատգամներին ու դիրքորոշումներին, ինչպէս նաեւ Անգլիայի ԱԳ նախարարի հետ բանակցութիւններում ընդգծել ենք, որ խնդրի լուծումը Գազայում պատերազմը չէ, եւ պաղեստինցիների ցեղասպանութիւնը պէտք է անյապաղ դադարեցւի»,- ասել է Ամիր Աբդօլլահեանը՝ յաւելելով. «Եթէ ԱՄՆ-ն անկեղծ է իր պնդումներում, որ չի ձգտում ընդլայնել պատերազմի շրջանակը տարածաշրջանում, ապա պէտք է դադարեցնի սիոնիստական ռեժիմին աջակցելը, իսկ եթէ ԱՄՆ-ը դադարեցնի իր աջակցութիւնը, ապա այդ ռեժիմը չի կարողանայ շարունակել պատերազմը Գազայի դէմ, թէկուզ մէկ օրով»:

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-ամեակը շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդին, Հանրապետութեան նախագահին եւ Իրանի ժողովրդին, նախագահ Ասադն իր հերթին գոհունակութիւն է յայտնել տարբեր ոլորտներում երկու երկրների զարգացող յարաբերութիւնների կապակցութեամբ, եւ երախտագիտութիւն է յայտնել Իրանին՝ Սիրիայի կայունութեանն ու անվտանգութեանն աջակցելու համար:

Անդրադառնալով Պաղեստինի խնդրի վերաբերեալ Իրանի սկզբունքային դիրքորոշմանը, Բաշշար Ասադն ասել է. «Այն, ինչ արել է Իրանը վերջին 4 ամիսների ընթացքում՝ ի պաշտպանութիւն Պաղեստինի, կրկին անգամ աշխարհին ապացուցեց, որ Իրանը ոչ միայն խօսում է, այլեւ՝ գործում է»:

Յիշեցնենք, որ Դամասկոս կատարած այցի ընթացքում Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հանդիպել է նաեւ Սիրիայի իր գործընկերոջ՝ Ֆէյսալ Միքդադի, ինչպէս նաեւ Պաղեստինեան դիմադրութեան ներկայացուցիչների հետ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button