Էհսան Մովահեդեանը վերլուծել է. «Թէ ինչպէս է Բաքուն ուղեկցում սիոնիստներին Իրանի դէմ բացւած ճակատներում»
«ԱԼԻՔ» – Իրանի դէմ կազմւած բլոկում, յատկապէս Մերձաւոր Արեւելքի զարգացումների ֆոնին, որտեղ սիոնիստական ռեժիմը բաց երկնքի տակ ցեղասպանութիւն է իրականացնում պաղեստինաբնակ Գազայի հատւածում, Բաքուն ստանձնել է Իսրայէլին վառելանիւթով ապահովող աղբիւրի դերը:
Ըստ վերլուծական կենտորնների՝ Բաքուն շարունակելու է Անկարայի հետ միասին աջակցել Թել Աւիւին, քանի որ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ի Հայաստանեան հատւածի խնդիրն ամբողջութեամբ լուծւած չէ: Այնպէս, որ միջանցնքների ենթատեքստով պատերազմների լուսանցքում փորձ է արւում հարւածի տակ պահել մրցակից ուղիների անվտանգութիւնը, ինչպիսին փորձագէտների վկայութեամբ, անցեալ շաբաթ Չաբահարում ահաբեկչական գործողութիւն իրականացնելն էր, որը տողատակերում միտւած էր «Հիւսիս-Հարաւ»-ի անվտանգութեան վարկանիշի իջեցմանը:
Միջազգային յարաբերութիւնների աւագ փորձագէտ, Կովկասի հարցերով վերլուծաբան դոկտ. Էհսան Մովահեդեանն իր տելեգրամեան ալիքում հրապարակած կարճ անդրադարձով վերլուծել է խնդիրը՝ «Թէ ինչպէս է Բաքուն ուղեկցում սիոնիստներին Իրանի դէմ բացւած ճակատներում»:
Հինգ կէտերից կազմւած վերլուծութիւնում փորձագէտն անդրադարձել է հետեւեալ խնդիրներին.
- Իսրայէլը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրայ գործողութիւնից առաջ մեծ քանակութեամբ զէնք է ուղարկել Բաքու եւ այդ գործընթացը շարունակում է նաեւ այսօր։
- Իրանի սահմաններից հիւսիս գտնւող տարածքներում Իսրայէլի ներկայութիւնն արդարացնելու միակ միջոցը պատերազմական պայմանների լարումն ու սրումն է։ Բաքուն, Հայաստանի հետ սահմանին հայկական կողմի ռազմական յենակէտերի ամրացման ու զինելու մասին քարոզչութեամբ, ինչպէս նաեւ Երեւանին Իրանի կողմից ռազմական օգնութիւն տրամադրելու լուրեր տարածելով, փորձում է արդարացում գտնել Հարաւային Կովկասում սիոնիստների ներկայութեան համար, ինչը կոչւած է (ըստ Բաքւի քարոզչամեքենայի) նոր պատերազմի դէպքում աջակցել Բաքւին:
- Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ յարձակումը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, որի հետ միաժամանակ Հայաստանի հետ սահմանին Բաքուն իրականացրել է զօրքի կուտակում: Իսկ այդ օրերին հակաիրանական քարոզչութիւնը Բաքւում հասել էր իր գագաթնակէտին։ Մէկ այլ հաղորդման համաձայն՝ Բաքւի լրատւամիջոցները եւ որոշ պաշտօնեաներ դեռ նախօրէին յստակ յայտարարել էին ապրիլի առաջին կէսին Հայաստանի վրայ սպասւող յարձակման մասին։ Իրանի դեսպանատան վրայ Իսրայէլի յարձակման համընկնումը Բաքւի բանակի տեղաշարժի եւ Իրանի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցչի հարաւկովկասեան տարածաշրջանի երկրներ այցի հետ պատահականութիւն չէ։
- Իրանը բազմիցս է զգուշացրել Բաքւին Հայաստանի հարաւային շրջանի դէմ յարձակման փորձի եւ կեղծ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին։ Քանի որ հիմնական նպատակը Իրանին աշխարհաքաղաքական փակուղի մատնելն է։ Իսրայէլը յոյս ունի, որ այս միջանցքի ստեղծմամբ Բաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարի կողքին ունենալու է եւս մէկ էներգետիկ հոսքագիծ: Իսկ այդ միջանցքով Իրանի սահմանին ՆԱՏՕ-ի ուժերի, պանթուրքական անջատողականների, թաքֆիրականների, ահաբեկիչ «Մոջահեդների» եւ միապետականների կողքին ապահովելու է իր ներկայութիւնը: Այսպիսով սիոնիստները ողջունում են Բաքու-Երեւան լարւած վիճակը եւ նշւած էներգետիկ հոսքագծի անվտանգութիւնը երաշխաւորելու նպատակով մեծացնելու են էսկալացիայի բռնկման հնարաւորութիւնը:
- Եւ սա վկայում է, որ Ալիեւի ռեժիմը համակարգում է իր հակաիրանական եւ հակահայկական գործողութիւնները Նեթանիահուի հետ, ամէն ինչ ստուգելով նրա հետ։ Սակայն պէտք է հաշւի առնել, որ Բաքուն նման դերի տարողութիւնը չունի եւ առաջացնելու է իր հարեւանների զայրոյթը: Ալիֆի ռեժիմին մութ ապագայ է սպասւում»։
Նոյն կապակցութեամբ պատասխան գրառում է հրապարակել Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Ալի Սաղայեանը: Դիւանագէտը նշելով, որ Բաքւի եւ Թել Աւիւի յարաբերութիւնները նորութիւն չեն ու ոչ էլ գաղտնի են, նշել է, որ այն սկսւել է դեռ Էլհամի հօր ժամանակւանից՝ Ադրբեջանի Հանրապետութեան անկախանալու առաջին շրջանից: Պրն. Սաղայեանը յաւելել է. «Արդէն տեսել ենք այդ յարաբերութիւնների հետեւանքները՝ 2020 թւականի պատերազմի տեսքով, երբ սիոնիստական ռեժիմի եւ Թուրքիայի մատակարարած սպառազինութիւնը բերեց Բաքւի գերազանցութեանը Երեւանի նկատմամբ»:
Նախկին դեսպանը յաւելել է, որ իր ընկալմամբ, թէեւ Դամասկոսում Իսլամական Հանրապետութեան դեսպանատան հիւպատոսական բաժնի վրայ յարձակումից յետոյ (Բաքու-Երեւան իրավիճակը սրելու) սիոնիստական ռեժիմի հետ կապւած ապացոյցներ չի ներկայացրել դոկտ. Մովահեդեանը, այնուամենայնիւ, ցանկացած երկիր ինքնապաշտպանութեան համար կարող է զէնք գնել, լինի դա Երեւանը, թէ Բաքուն: «Մինչդեռ Իրանի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցչի տարածաշրջան կատարած այցը նորութիւն չէ»,- շարունակութեան մէջ նշել է դիւանագէտը եւ յիշեցրել, որ նշւած այցի ձեռքբերումը միայն մէկ լուսանկար էր, որտեղ նա հրապարակել է ԻԻՀ-ում Բաքւի եւ Բաքւում Ռուսաստանի դեսպանի հետ համատեղ լուսանկարը:
Սաղայեանը յիշեցնելով Մոսկւայի դերի մասին նշել է, որ Ռուսաստանը դեռեւս ունի իր շահերը Հարաւային Կովկասում, իսկ դէպի արեւմուտք նոր էներգատարի ստեղծումը թանկ է նստելու հեղինակների վրայ:
«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միակ երկիրն է, որը Հարաւային Կովկասի հարցում ունեցել է իր արդիւնաւէտ դերակատարութիւնը, յատկապէս, Բաքու-Երեւան պատերազմում Գերագոյն առաջնորդի յստակ դիրքորոշումը կապւած՝ սահմանների անփոփոխ լինելու հարցում»,- եզրակացրել է Ալի Սաղայեանը՝ յիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան ընդգծած կարմիր գծերի մասին: