«Սիոնիստական ռեժիմը պատժւելու է». Ամիր Աբդօլլահեան
«ԱԼԻՔ» – «Դամասկոսից բարձրաձայն յայտարարում եմ, որ սիոնիստական ռեժիմը կը պատժւի, եւ որ ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի դեսպանատան վրայ այդ ռեժիմի յարձակման համար եւ պէտք է պատասխան տայ»: Այս մասին երէկ` մարտի 8-ին Դամասկոսում, Սիրիայի Արաբական Հանրապետութեան ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ։
«Այսօր մենք կարեւոր խորհրդակցութիւններ ունեցանք պարոն Բաշշար Ասադի հետ, եւ երկկողմ խնդիրներից բացի, կենտրոնացանք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վրայ, յատկապէս` Գազայում, սիոնիստականռեժիմի յանցագործութիւնների եւ Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ սիոնիստական ռեժիմի կողմից իրականացւած ահաբեկչական յարձակման վրայ։
Սիրիան դիմադրութեան առաջնագծում է, եւ Սիրիայի բարձրաստիճան պաշտօնեաների հետ խորհրդակցութիւնները լուրջ կարեւորութիւն են ներկայացնում Իրանի համար»,- ասել է Ամիր Աբդօլլահեանը` յաւելելով, որ պաշտօնական Թեհրանը երախտապարտ է նախագահ Ասադին եւ Սիրիայի բարձրաստիճան այլ պատասխանատուներին, որոնք Իրանի հիւպատոսութեան վրայ սիոնիստական ռեժիմի ահաբեկչական յարձակումից ի վեր, իրենց զօրակցութիւնն են յայտնել Իրանին։
Անդրադառնալով Իրանի հիւպատոսութեան վրայ սիոնիստական ռեժիմի յարձակման կապակցութեամբ ԱՄՆ դիրքորոշմանը, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Ինչո՞ւ ԱՄՆ կառավարութիւնը չդատապարտեց միջազգային կոնւենցիաները խախտող դիւանագիտական վայրում տեղի ունեցած ահաբեկչութիւնը։ Թւում է, թէ Նեթանիահուն չէր կարող նման բան անել առանց ամերիկեան կանաչ լոյսի, թէեւ ամերիկացիները Իրանին ուղերձ յղելով պնդում են, որ Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ յարձակման հարցում իրենց եւ Իսրայէլի միջեւ համակարգում չի եղել։ Սակայն, այն փաստը, որ Ամերիկան չի դատապարտում դիւանագիտական վայրի դէմ նման ակնյայտ յանցագործութիւնը, չի՞ նշանակում Իսրայէլին խրախուսել դիւանագիտական վայրերի դէմ յանցագործութիւններ կատարել»։
Ամիր Աբդօլլահեանը վստահեցրել է, որ սիոնիստական ռեժիմն անպայման կը պատժւի, իսկ թէ ինչպիսին կը լինի այդ պատասխանը կը պարզւի եւ կը ճշտւի դաշտում։
Յիշեցնենք, որ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այցելել էր Դամասկոս, մասնակցելու Իրանի հիւպատոսութեան նոր շէնքի բացմանը։