Հայաստանում բացւել է ամենախոշոր իրանական առեւտրի կենտրոնը ողջ աշխարհում
«ԱԼԻՔ» – Հայաստանում երէկ՝ սեպտեմբերի 30-ին, բացւել է իրանական առաջին եւ ամենամեծ առեւտրի կենտրոնն ամբողջ աշխարհում:
Կենտրոնի բացմանը ներկայ են եղել Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Սէյէդ Մոհամմադ Աթաբաքը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գէորգ Պապոյեանը, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին, խորհրդարանի պատգամաւորներ, դիւանագէտներ, Իրանից եւ Հայաստանից գործարարներ, արդիւնաբերական կենտրոնների ղեկավարներ եւ այլ անձինք։
Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին յայտարարել է, որ մեծ պատիւ է իրանական կողմի համար Հայաստանում բացել իրանական ամենախոշոր առեւտրի կենտրոնն աշխարհում, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամութեան մասին։
«Լիայոյս եմ, որ իրանական առեւտրի կենտրոնի շնորհիւ մեծ թափ կը հաղորդւի երկու երկրների տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւններին։ Առեւտրային, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտում երկու երկրների միջեւ յարաբերութիւնները շատ լուրջ կապիտալ կը ստեղծեն երկու երկրների ժողովուրդների համար:
Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալը թռիչքային աճ է գրանցել, յոյսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ աւելի կը նպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում յարաբերութիւնները զարգացնել»,- յայտարարել է նա:
Նախարար Պապոյեանն էլ իր հերթին յայտարարել է. «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցութիւնը եւ տնտեսական ներկայութիւնը Հայաստանում, այս կենտրոնի բացումը եւս մէկ կարեւոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների զարգացման գործում»:
Նշենք, որ առեւտրի կենտրոնը Իրանի առաջին եւ ամենամեծ մշտական առեւտրի կենտրոնն է արտերկրում։ Նախագիծն իրականացւել է իրանական կողմի ֆինանսաւորմամբ։
Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրայ ներկայացւած են 100-ից աւելի իրանական ընկերութիւններ: Սպառողները եւ գործարարները կենտրոնում կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ:
Ցուցահանդէսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդէսային տաղաւարներ, կոնֆերանսների սենեակ բիզնես (B2B) հանդիպումների համար եւ բաց տարածք միջոցառումների եւ փառատօնների անցկացման համար:
Առեւտրի կենտրոնի բացումը մեծապէս կը նպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութեան մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։