ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանցի փորձագէտը յորդորում է շրջանառութիւնից հանել «Զանգեզուր» թիւրիմացութիւնը

«ԱԼԻՔ» – Եթէ Թեհրանում կայացած «3+3» ձեւաչափով  հանդիպման արդիւնքների մասին փորձում է լռել պանթուրքիստական թեքումներով լրահոսը, ապա Իրան-Հայաստան շահերին, եւ, առհասարակ,  տարածաշրջանի կայունութեանը համընթաց գաղափարներով փորձագէտների ջանքերով լաւագոյնս լուսաբանւում է արտգործնախարարների մակարդակով հանդիպումը, այդ թւում, նաեւ, բարձրաձայնւում թերացումների ու բացթողումների մասին:

Այդօրինակ գրառմամբ է հանդէս եկել տարածաշրջանի հարցերով աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին:

Փորձագէտն իր միկրոբլոգով հրապարակած «Tweet»-ում բարձր է գնահատել կարգաւորման ուղղութեամբ  Իրանի նախաձեռնութիւնը, միաժամանակ յիշեցնելով նախաձեռնող կողմին համապատասխան պահւածքի եւ ելոյթի տեսակի թերութիւնների մասին:

Նա իր գրառումը հասցէագրելով ԱԳ նախարար  Ամիր Աբդօլլահեանին,  նշել է. « Շնորհակալութիւն, «3+3»-ի համար: Երկու սխալ ձեւակերպման մասին էի ուզում յիշեցնել. Առաջինը՝ «Զանգեզուր» տերմինի օգտագործման մասին է: Դա նշւում է (տողատակերով), որպէս տարածքային պահանջ, եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան խախտում է: Երկրորդ՝ քանի որ երթուղին անցնում է Իրանով (Արաքսի գետեզրով անցնող ճանապարհով), ուստի «Զանգեզուր» անւան օգտագործումն անհիմն է, եւ, յատկապէս,  զգուշանալ է պէտք իրենց խորհրդատուի տեղ դրած այն թիւրիմացութիւններից, ովքեր Կովկասի հարցում հաշւի չեն առնում Իրանի ազգային շահերը»:

Դոկտ. Քազեմին մէկ այլ գրառմանը նախօրէին անդրադարձել էր Գազայում սիոնիստական ​​ռեժիմի դաժան յանցագործութիւններին, եւ յաւելել. «(Կովկասում) բնիկ հայերից Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուց յետոյ, Ալիեւների ընտանիքը դարձաւ սիոնիստներին Ղարաբաղում բնակեցնելու ծրագրի կապալառուն:  Ղարաբաղցիներին բռնի սովի ենթարկելն ու ոճրագործութեան եւ ռազմական տեռորի 9 ամիսներից յետոյ, այս ընտանիքը որպէս Սուխնոտի (Հրէական գործակալութիւն) մասնաճիւղ, իրականացնելու է երկրորդ Իսրայէլի ստեղծումը հայերից զաւթած տարածքներում»։

Նոյն՝ «3+3»-ի կապակցութեամբ ուշագրաւ գրառում է հրապարակել ռազմական փորձագէտ եւ կործանիչների օդաչու Ռեզա Խոսրաւին:

Ռազմաօդային ուժերի փորձառու օդաչուն հրապարակած «Tweet»-ում նշել է. «Թուրքիան ու Ադրբեջանը զօրավարժութիւններ են անցկացնում հէնց Հայաստանի Սիւնիք նահանգի հարեւանութեամբ։ Այս պատրւակով Հայաստանի սահման են տեղափոխում մեծ թւով հրետանի ու ծանր տեխնիկա։ Այն կիրառւում է, յատկապէս, հիպոթետիկ (ենթադրեալ) թշնամու պաշտպանական գիծը հատելու առաջադրանքով:

Փաստն այն է, որ Իլհամ Ալիեւը գրոհեց ու գրաւեց Ղարաբաղը՝ օգտագործելով ռուսների զբաղւածութիւնից՝ Ուկրաինայում։

Հիմա միգուցէ նա օգտւի Գազայի ճգնաժամի վրայ Իրանի կենտրոնացումից եւ անցնի «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրի իրականացմանը»։

Նա շարունակութեան մէջ յաւելել է. «Սակայն մի բան պարզ է, որ պանթուրքիզմի վերջնական նպատակը Իրանի հիւսիսարեւմտեան շրջանների տարանջատումն է մայր հողից։ Այս խնդիրն քայլ առ քայլ առաջ է գալիս: Իսկ այն հանգոյցը, որը կարելի էր ձեռքով բացել 2020 թւականին, եթէ շարունակենք նոյն ոճով, ապա ընդամէնը մի քանի տարի անց՝ այլեւս չեն կարողանայ արձակել ատամներով անգամ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button