ԻրանՄիջազգային

Դեսպան Սոբհանիի յայտարարութիւնն ու Ալիեւի տեղի տւած ներւերը

«ԱԼԻՔ» – Փուեա Հոսէյնին, Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական յարաբերութիւնների ուսումնասիրութեան կենտրոնի ղեկավարը, Իրան-Հայաստան բարեկամական խմբի տելեգրամային ալիքում գրառում է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի նախօրէին «Civilnet»-ին տւած հարցազրոյցին՝ ադրբեջանական կողմի արձագանգին՝ նշելով, որ Բաքուն շանտաժի փոխարէն պէտք է փոխի Իրանի հետ խօսելու իր անհեթեթ ոճն ու ազատւի հիւանդ վերաբերմունքից:

Յիշեցնենք, որ Բաքուն «սադրիչ» անւանելով դեսպան Սոբհանիի՝ հարցազրոյցում կատարած յայտարարութիւնները, դատապարտել է դրանք։ Յիշեցնենք, որ դեսպանը հարցազրոյցում յայտարարել էր, որ ՀՀ վերահսկողութիւնից դուրս երթուղիներ գոյութիւն ունենալ չեն կարող:

Նոյն կապակցութեամբ Բաքւի Հանրապետութեան ԱԳՆ խօսնակ Այխան Հաջիզադէն երէկ յայտարարել է, որ նման յայտարարութիւնները թուլացնում են Բաքւի եւ Թեհրանի յարաբերութիւնները, ապա իրեն թոյլ է տւել Իրանին թելադրել, որպէսզի պաշտօնական Թեհրանը համապատասխան միջոցներ ձեռնարկի դեսպանի յայտարարութիւնների առնչութեամբ։

Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական յարաբերութիւնների ուսումնասիրութեան կենտրոնի ղեկավարը արձանագրել է նաեւ, որ Բաքւի այսօրինակ ինքնավստահութիւնը Իրանի պետական համակարգ ներթափանցած պանթուրքիստների գործողութիւնների արդիւնք է: «Մենք լիովին աջակցում ենք մեր երկրի յարգարժան դեսպան պրն. Սոբհանիի յստակ եւ վճռական ձեւակերպումներին: Իրանի հանդէպ Ադրբեջանի Հանրապետութեան վարած տարիների ծուռ եւ հիւանդ վերաբերմունքը հանդուրժելը, նրանց տւել է կեղծ ինքնավստահութեան եւ պատրանքի առիթ: Եթէ որեւէ ​մէկը միւս կողմի խօսքերը չափաւորել պահանջելու իրաւունք ունի, ապա դա Իրանն է: Այդ ինչպէս եղաւ, որ Բաքուն Իրանի երդւեալ թշնամու (սիոնիստական ​​ռեժիմի) ոտքը բացեց դէպի Իրանի սահմաններ: Կամ ինչպէս թաքֆիրական ահաբեկիչներին Իրանի սահման բերելով, նրանց հաստատեց այնտեղ»,- նշել է նա:

Փուեա Հոսէյնին նաեւ յիշեցրել է Իրանի դէմ աշխատող Բաքւի քարոզչամեքենայի համակարգւած գործողութիւնները, եւ յաւելել. «Իրանի վարած յստակ եւ որոշիչ քայլերի արդիւնքում է, որ մինչ այժմ խափանւել է «Զանգեզուրի միջանցք» դաւադրութիւնը, ինչը կոչւած է կտրելու Իրանի եւ Հայաստանի հազարամեակների սահմանը, շնչահեղձ դարձնելու համար Իրանը: Այս մասին նոյնիսկ Էրդողանն է խոստովանել: Իսկ Ալիֆի ներւերը տեղի են տալիս այն փաստի համար, որ Իրանը ստիպեց նրանց ընտրել իր թելադրած այլընտրանքային ճանապարհը, Իրանի տարածքով անցնող ճանապարհը»։

Նա յաւելել է, որ անհրաժեշտ է յստակեցնել, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը, եւ Հայաստանի բոլոր հաղորդակցական ճանապարհները պէտք է լինեն Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ, եւ երրորդ կողմի վերահսկողութիւն բացառւում է:

«Իրանը ճանաչում է Ղարաբաղի հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը եւ յորդորում է յարգել եւ պաշտպանել դրանք։ Իրանը ցանկանում է դադարեցնել նաւթի առաքումը մահմեդական երկրներից Իսրայէլ, որի ամենամեծ արտահանողն Ադրբեջանն է»,- արձանագրել է փորձագէտը եւ կարեւորել, որ Արեւմտեան Ասիայից մինչեւ Կովկաս Իրանը տարածաշրջանային կարեւորագոյն դերակատարն է, իսկ որքան շուտ դա հասկանան Բաքւի մոլորեալ իշխանութիւնները, այդքան էլ լաւ կը լինի հէնց նրանց համար:

Սիոնիստական ​​ռեժիմի պարտւող ձիու վրայ խաղադրոյք կատարելը եւ Իրանից հեռանալը լաւ հետեւանքների չի յանգեցնի: Վաղ թէ ուշ նրանք պէտք է հասկանան, որ իրենց ձեռնտու է միայն յարաբերութիւնների շահաւէտ տեսակը, Իրանի հետ յարաբերութիւնների խորացում: Նրանք պէտք է հասկանան, որ Իրանը լուռ չի մնայ նրանց նկրտումների ու անհաւասարակշիռ կեցւածքի նկատմամբ եւ այդ հարցում Իրանը որեւէ կողմի հետ չի կատակելու»,- նշել է Փուեա Հոսէյնին:

Related Articles

Back to top button