Իրան

Ամիր Աբդօլլահեան․ «Կը շարունակենք քաղաքական աջակցութիւն ցուցաբերել Դիմադրութեանը»

«ԱԼԻՔ» – Նշելով, որ ներգրաււած չենք եղել ՀԱՄԱՍ-ի գործողութեան մէջ, եւ դա ամբողջովին պաղեստինեան որոշում է, ԱԳ նախարարն ընդգծել է. «Կը շարունակենք զաւթողականութեան դէմ քաղաքական աջակցութիւն ցուցաբերել Դիմադրութեան շարժմանը»։

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում CBS News-ին տւած հարցազրոյցում Գազայի հատւածում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ ասել է. «Տարածաշրջանի ամերիկեան բոլոր բազաներից իսրայէլական ռեժիմին տրամադրւում են զէնքեր, այդ թւում՝ արգելւած զինամթերք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը ​​ակնյայտօրէն ներգրաււած է Գազայի դէմ պատերազմի եւ Գազայի ցեղասպանութեան մէջ»։

Parstoday-ի համաձայն՝ նա նշել է, որ հութիները Եմէնի հասարակութեան եւ ներկայիս քաղաքական համակարգի կարեւոր մասն են, եւ նրանք որոշումներ են կայացնում եւ գործում են իրենց շահերի շրջանակում, թէեւ յստակ նշել են, որ անտարբեր չեն լինելու Գազայում ցեղասպանութեան նկատմամբ։

ԱԳ նախարարն ասել է. «Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի շահերի դէմ գործող խմբաւորումները կայացրել են իրենց որոշումը եւ գործել են իրենց եզրակացութեան եւ որոշման հիման վրայ»։

Աբդօլլահեանը նշել է, որ օկուպացւած տարածքներն ունեն իրենց օրէնքները միջազգային իրաւունքի տրամաբանութեան մէջ, եւ ըստ միջազգային իրաւունքի, օկուպացւած երկրի ժողովուրդը կարող է նոյնիսկ զինւած պատերազմի մէջ մտնել՝ պաշտպանւելու համար, ուստի մենք զաւթողականութեան դէմ պաղեստինեան ազատագրական խմբաւորում՝ ՀԱՄԱՍ-ի գործողութիւնները համարում ենք միջազգային իրաւունքի շրջանակում։

«Իսրայէլը օկուպացիոն տէրութիւն է: Միջազգային իրաւունքը, որը գրւել է ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում, օկուպացւած երկրի քաղաքացիներին իրաւունք է տալիս զէնք կրել եւ պաշտպանւել։ Եթէ ​​Գազայում պատերազմն ու ցեղասպանութիւնը շարունակւեն, պատերազմի շրջանակների ընդլայնումն անխուսափելի է լինելու»,- ասել է ԱԳ նախարարը։

Related Articles

Back to top button