Դատական ուժի պետ. «Կը ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ահաբեկիչներին պատժելու համար»
«ԱԼԻՔ» – Սիստան եւ Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի 11 սպաներ եւ զինւորներ նահատակւել են ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ի վաղ առաւօտեան, Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրայ տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետեւանքով: Ահաբեկչութիւնից յետոյ ժամեր անց «Ջէյշ օլ Զոլմ» («Ջէյշ օլ Ադլ») խմբաւորումը ստանձնել է այս ահաբեկչական յարձակման պատասխանատւութիւնը։
Իրանի ոստիկանութեան խօսնակ գեներալ-մայոր Սաիդ Մոնթազերոլ Մահդին անդրադառնալով ահաբեկչական յարձակմանը, ընդգծել է. «Անկասկած, այս կոյր, դաժան ու ահաբեկչական յարձակումն անպատասխան չի մնայ, եւ յանցագործները խիստ պատասխան են ստանալու»: Նա յայտարարել է, որ ահաբեկչական յարձակման հետեւանքով սպանւել եւ վիրաւորւել են մի շարք ահաբեկիչներ, ձերբակալւել է նաեւ մէկ հոգի: Ցաւօք սրտի կատաղի պաշտպանութեան ժամանակ նահատակւել են 11 ոստիկաններ:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան Դատական ուժի պետ հոջ. Մոհսենի Էժէին ցաւակցութիւն յայտնելով Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան հետեւանքով մի խումբ ոստիկանների նահատակութեան կապակցութեամբ, ընդգծել է ահաբեկչական յարձակման կազմակերպիչներին յայտնաբերելու եւ պատժելու անհրաժեշտութիւնը:
Դատական ուժի պետը ցաւակցական ուղերձում նշել է, որ Իրանի թշնամիները, որոնց զայրացրել են երկրի հզօրութիւնն ու հեղինակութիւնը, հերթական անգամ իրենց ծառայող ահաբեկչական խմբաւորումների միջոցով հեղեցին իրանցի ոստիկանների արիւնը, որոնք ապահովում էին ժողովրդի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը:
Նա նշել է, որ Սիստան եւ Բալուչեստան նահանգի դատական համակարգի պաշտօնեաները անյապաղ կը ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համաշխարհային իմպերիալիզմի հետ կապւած ահաբեկիչներին ձերբակալելու եւ պատժելու համար: