Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Յանցագործները լինելու են հետապնդման եւ արդար պատժի թիրախ»
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան առիթով հանդէս է եկել ուղերձով։
Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Իրանական ազգի չարամիտ եւ ոճրագործ թշնամիները հերթական արհաւիրքի հեղինակը դարձան Քերմանում, նահատակների անուշաբոյր շիրիմների մօտ մեծ թւով մարդկանց նահատակութեան պատճառը դառնալով։
Ազգը դարձաւ սգակիր եւ բազմաթիւ ընտանիքներ ողբում են իրենց սիրելիների մահը։ Կարծրասիրտ ոճրագործները չէին կարող հանդուրժել իրենց մեծ հրամանատարի՝ նահատակ Ղասեմ Սոլէյմանիի շիրիմ այցելելու ժողովրդի ոգեւորութիւնը։ Թող իմանան, որ Սոլէյմանիի լուսաւոր ուղու յետնորդ զինւորը չի հանդուրժի իրենց ստորութիւնն ու յանցագործութիւնը։ Թէ՛ անմեղների արիւնով ներկւած ձեռքերը, թէ՛ չարամիտ եւ յանցաւոր ուղեղները, որ նրանց մոլորութեան պատճառն են դարձել, այսուհետեւ լինելու են հետապնդման եւ արդար պատժի թիրախ։ Աստծոյ կամօք, այս յանցագործութիւնը ծանր պատասխանի է արժանանալու։
Ցաւակցում եմ զոհւածների ընտանիքներին եւ աղօթում նրանց համբերութեան համար։ Ամենակարող Աստծուց նրանց համար հայցում եմ հոգու մխիթարութիւն։ Տայ Աստւած, որ նահատակների հոգիները երկու աշխարհների տիկնոջ եւ նահատակների մօր՝ Սեդիղէ Թահերէի հիւրը լինեն։ Վշտակցում եմ վիրաւորներին եւ աղօթում նրանց ապաքինման համար»։