Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ յուլիսի 27-ին, նշում է Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը, որը Եկեղեցու հինգ տաղաւար տօներից է եւ կոչւում է նաեւ Այլակերպութեան տօն կամ Վարդավառ:
Վերջինս հին հայկական տօնի անւանումն ունի, որից պահպանւել է նաեւ միմեանց վրայ ջուր ցողելու սովորոյթը:
Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է: Մեր Տէր Յիսուս Քրիստոս, համաձայն Աւետարանի՝ Ս. Պետրոս, Ս. Յակոբոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղօթելու:
Աղօթքի պահին Յիսուս նրանց առաջ պայծառակերպւում է. «Դեմքը փայլեց, ինչպէս արեգակը. եւ Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպէս լոյսը» (Մատթէոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջեւ Քրիստոս խօսում է շուրջ հազար տարի առաջ վախճանւած Մովսէսի եւ հրեղէն կառքով երկինք համբարձւած Ս. Եղիա մարգարէի հետ:
Այս տօնը յայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տօնի ժամանակ ժողովրդական սովորոյթներից է միմեանց վրայ ջուր ցողելն ու աղաւնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկութիւնը, Նոյի աղաւնուն: Սովորութիւն է նաեւ ծաղիկներով զարդարւելը, ինչն Աստւածորդու փառքի երեւման առթիւ մեծ ուրախութեան արտայայտութիւն է:
«Վարդավառ» ժողովրդական անւանումը, հաւանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորութիւնից:
Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի «Վարդավառ» անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է իր պատեանի մէջ եւ բացւելով` երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուս մինչեւ այլակերպութիւնն Իր մէջ կրում էր աստւածային էութիւնը եւ պայծառակերպւելով` յայտնեց Իր Աստւածութիւնը:
Վարդավառի տօնին նախորդում է շաբաթապահք: Իսկ յաջորդ օրն, ինչպէս տաղաւար բոլոր տօներից յետոյ, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցեալների հոգիների համար մատուցւում է Ս. Պատարագ եւ կատարւում հոգեհանգիստ:
Պայծառակերպութեան տօնով հաստատւեց այն ճշմարտութիւնը, որ Յիսուս Աստծոյ Որդին է: Աստծոյ պատգամն է առաքեալներին եւ ողջ աշխարհին. «Նրան լսեցէք»: