Հասարակական

Մայր Աթոռում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակը

Փետրւարի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` 40-օրեայ մանուկ Յիսուսի` տաճարին ընծայման տօնը, որի սկիզբն ազդարարւեց փետրւարի 13-ի երեկոյեան:

Տօնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսաւոր թափորի ուղեկցութեամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետութեամբ կատարւեց Երեկոյան ժամերգութիւն եւ նախատօնակ:

Ապա տեղի ունեցաւ տարւայ առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնւեցին աշխարհի չորս կողմերը։ Այնուհետեւ «Քրիստոս փառաց» տաղի ներքոյ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառւած մոմից Նորին Սրբութիւնը Յիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լոյսը փոխանցեց ներկայ հաւատաւոր ժողովրդին:

Արարողութեան աւարտին եկեղեցականաց թափորն ուղղւեց դէպի Մայր Աթոռի միաբանական շէնքի շրջափակ, ուր ներկայութեամբ բազում հաւատաւոր հայորդիների, Ամենայն Հայոց Հովւապետի ձեռամբ վառւեց Տեառնընդառաջի խարոյկը: Վեհափառ Հայրապետը նաեւ հաւատաւոր հայորդիներին ընծայեց խաչեր:

Տեառնընդառաջի տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակւել է նորապսակների օրհնութեան օր: Այս կապակցութեամբ փետրւարի 14-ին` Մայր Տաճարում եւ բոլոր եկեղեցիներում մատուցւող Սուրբ Պատարագի աւարտին, կը կատարւի նորապսակ զոյգերի օրհնութեան կարգ:

Yerkir.am

Related Articles

Back to top button