Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային

Հայ ըմբշամարտի կրկնակի յաղթանակները միջազգային ասպարէզում

Բաքւում՝ Ջանէս Նազարեանի պատւին հնչել է Հայաստանի օրհներգը. Նարեկ Նիկողոսեանը՝ Եւրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնութեան բրոնզէ մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Ջանէս Նազարեանը (71 կգ) երկրորդ տարին անընդմէջ դարձել է մինչեւ 17 տարեկանների յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ Բաքւում կայացած եզրափակչում 4։3 հաշւով յաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուեւին։

Եզրափակչում առաջին մրցափուլից յետոյ Նազարեանը զիջում էր 1։3, սակայն երկրորդում կարողացաւ բեկել գօտեմարտի ընթացքը եւ կամային յաղթանակ տանել։

Պարգեւատրման արարողութեան ժամանակ Բաքւում բարձրացւեց Հայաստանի պետական դրօշը եւ հնչեց Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հրապարակած տեսանիւթում երեւում է, որ հանդիսատեսի մի մասը սուլոցներով է արձագանգել թէ՛ պարգեւատրմանը, թէ՛ Հայաստանի օրհներգի հնչեցմանը։

Նազարեանը եզրափակիչ էր հասել առանց որեւէ միաւոր զիջելու՝ նախնական չորս գօտեմարտերում ընդհանուր 34։0 հաշւով յաղթելով Նորւեգիայի, Թուրքիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին։ Այս տարի նա նաեւ դարձել էր մինչեւ 17 տարեկանների Եւրոպայի չեմպիոն՝ բոլոր մրցակիցներին յաղթելով 37։0 ընդհանուր հաշւով։

Հայ ազատ ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսեանը (79 կգ) դարձել է մինչեւ 20 տարեկանների Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր՝ վճռորոշ գօտեմարտում յաղթելով ադրբեջանցի մրցակցին։

Հայ մարզիկը, թէեւ հանդիպման ընթացքում զիջում էր 10։2 հաշւով, կարողացել է բեկել պայքարի ընթացքը եւ գօտեմարտն աւարտել վաղաժամ՝ տուշէով, նւաճելով բրոնզէ մեդալ։

Related Articles

Back to top button