Tour of Armenia-ի առաջին յաղթողը՝ Իտալացի Սիմոնէ Ռականին

Հայաստանում առաջին անգամ անց է կացւել միջազգային բազմօրեայ պրոֆեսիոնալ հեծանւավազքը՝ Tour of Armenia-ն: Մրցոյթն աւարտւել է սեպտեմբերի 13-ին՝ Երեւանում կայացած չորրորդ եւ եզրափակիչ մրցափուլով։
Ընդհանուր դասակարգման յաղթող է ճանաչւել իտալացի հեծանւորդ Սիմոնէ Ռականին՝ Ukyo թիմից։ Երկրորդ տեղը գրաւել է դանիացի Քեւին Բիելը, իսկ երրորդը՝ իտալացի Լուկա Կովիլին։
Երեւանում կայացած վերջին մրցափուլի յաղթողը դարձել է իտալացի Միշելէ Գազոլին։ Հեծանւորդները 9.4 կմ երկարութեամբ քաղաքային շրջապտոյտն անցել են 10 անգամ՝ ընդհանուր 94 կմ։
Մրցաշարի լաւագոյն թիմ է ճանաչւել Չեխիան ներկայացնող ATT Investments-ը։ Լեռնային դասակարգման առաջատարի՝ «Լեռների արքայի» կոչմանն ու կապոյտ մարզաշապիկին արժանացել է իտալացի Լէոնարդօ Վեսկոն, իսկ լաւագոյն երիտասարդ հեծանւորդ է ճանաչւել Քեւին Բիելը։
Մրցաշարը մեկնարկել էր սեպտեմբերի 10-ին՝ Գաւառից, եւ չորս մրցափուլերի ընթացքում 16 միջազգային թիմերի մասնակիցներն անցել են 500 կմ աւելի ճանապարհ։
Պարգեւատրման արարողութեան ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Tour of Armenia-ն շարունակական բնոյթ է կրելու:



