ՄիջազգայինՔաղաքական

Ալիեւների ընտանիքին կից լրատւամիջոց. «Հութիները կը բացե՞ն «Զանգեզուրի միջանցք»-ը»

«ԱԼԻՔ» – Բաքւի հարցերով ուսումնասիրութիւնների կենտրոն՝ «Ադրբեջանի հետազօտութիւններ» տելեգրամեան ալիքի հաւաստմամբ, Բաքւում հրատարակւող եւ Ալիեւների ընտանիքին պատկանող Yeni Musavat օրաթերթը «Հութիները կը բացե՞ն «Զանգեզուրի միջանցք»-ը» խորագրով յօդւածում անդրադարձել է Մերձաւոր Արեւելքի հակամարտութիւններին, մասնաւորապէս Կարմիր ծովում հութիների գործողութիւններին եւ արձանագրել, որ հութիները «ահաբեկչական» խմբաւորում են, որն իբր օգտագործւում է Իրանի կողմից տարածաշրջանում լարւածութիւն առաջացնելու նպատակներով:

«Ադրբեջանական հետազօտութիւններ» տելեգրամեան ալիքի վերլուծաբան Աքրամ Հաջիզադէն Իրանի փորձագիտական շրջանակների ուշադրութեանն է յանձնել այն փաստը, որ անհրաժեշտ է օր առաջ մուտք գործել բացւող էջի տարածք եւ քողարկւած մօտեցումներն իր մէջ բացայայտող բոլոր կոդերով վերլուծել, որպէս զգայուն կենտրոնից հրապարակւած արտահոսք:

Օրաթերթի խմբագրականում նշւած է նաեւ այն մասին, որ իբր Մեծ Բրիտանիան Սիւնիքը ճանաչում է «Զանգեզուր» անունով, եւ այն ճանաչել է, որպէս Ադրբեջանի Հանրապետութեան տարածք:

Թերթը գրել է. «Իրանի կողմից աջակցւող հութիները շարունակում են յարձակումները Կարմիր ծովից անցնող նաւերի վրայ: Ամերիկեան (ԱՄՆ) եւ բրիտանական ռազմական ինքնաթիռները ռմբակոծում են (Եմէնում գտնւող) հութիների դիրքերը։ Բայց այս գործընթացը վերահսկելն անհնարին է։ Մերձաւոր Արեւելքին աւելի մեծ քաոս է սպառնում»:

Գաղտնիք չէ, որ ասիական երկրների եւ Եւրոպայի միջեւ ապրանքաշրջանառութեան զգալի մասն իրականացւում է Կարմիր ծովով, մէկ այլ բաժնում գրել է Yeni Musavat-ը: «Այս երթուղին ներկայումս սպառնալիքի տակ է։ Այդ սպառնալիքը Բաքւին տալիս է մանեւրելու լայն հնարաւորութիւններ: Այս կերպ Ադրբեջանի Հանրապետութիւնը ստանում է կրկնակի հնարաւորութիւն բարձրացնելու «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը»,- շտապում է գրել թերթը։

Բաքւեցի մեկնաբանը յաւելել է. «Փաստն այն է, որ Կարմիր ծովի բանալին Իրանի ազդեցութեան տակ գտնւող հութիների ձեռքում է։ Բայց «Զանգեզուր»-ի դէպքում Իրանը ոչինչ անել չի կարողանայ: Այն իմաստով, որ տարածաշրջանում (Հարաւային Կովկաս) ոչ մի ահաբեկչական խմբաւորում կապւած չէ Իրանի հետ։ Ուստի՝ Իրանը չի կարող ենթադրեալ ահաբեկչական խմբաւորումների միջոցով հիբրիդային պատերազմ վարել Զանգեզուրի շրջանում: Այսինքն՝ այն մեթոդը, որն Իրանը կիրառում է այնպիսի երկրներում, ինչպիսին Սիրիան, Իրաքը, Լիբանանը, կամ Եմէնն են «Զանգեզուր»-ի դէպքում չի աշխատի։ Ուստի՝ Իրանի անմիջական միջամտութիւնը «Զանգեզուրի միջանցք»-ում անհրաժեշտ կը լինի։ Իսկ սա չափազանց մեծ վտանգ է Իրանի համար»։

Ալիեւների քարոզչամեքենան յաւելել է, որ անկասկած, Արեւմուտքը մեզնից լաւ գիտի այս մասին։ «Փաստն այն է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը գտնւում է Իրանի ազդեցութեան գօտուց դուրս»,- ընդգծել է յօդւածագիրը։

Յօդւածի մէկ այլ հատւածում նշւած է, որ Կարմիր ծովում տիրող իրավիճակի եւ Իրանի հայեացքների արդիւնքում, «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ ասիական եւ եւրոպական երկրների հետաքրքրութիւնը կտրուկ աճել է։ «Պայմաններն այժմ Ադրբեջանի համար շատ բարենպաստ են: Պաշտօնական Բաքուն պէտք է խելամտօրէն օգտագործի ստեղծւած իրավիճակը: Անհրաժեշտ է բաց չթողնել (հակառակորդի համար) արմագեդոնային այս հնարաւորութիւնը»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button