ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան Սոբհանի. «Երկակի ստանդարտների քաղաքականութեան միջոցով տարածաշրջանում կայունութիւն ապահովելն անհնար է»

«ԱԼԻՔ» – Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին, երէկ՝ ապրիլի 16-ին հանդիպել է լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում, Մեհդի Սոբհանին անդրադարձել է Իսրայէլի նկատմամբ Իրանի պատժիչ գործողութեանը:

Ղարաբաղեան 2-րդ պատերազմում հայ զինւորներին իսրայէլական զէնքով էին սպանում

Խօսելով Երեւանում որոշ եւրոպական դեսպանատների թւիթերեան գրառումների մասին, դեսպան Սոբհանին նշել է, որ նրանք թւիթերեան իրենց էջերում հայերէնով եւ պարսկերէնով տարածում են իրենց երկրների ղեկավարների միակողմանի եւ ոչ ճիշտ դիրքորոշումը Իսրայէլի նկատմամբ Իրանի իրաւական պատասխանի վերաբերեալ:

«Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց կեղծ քաղաքականութեան ազդեցութեանը եւ վարկաբեկել Իրանը հայկական հասարակական կարծիքում։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծաւորութիւնը եւ չփորձել Հայաստանին ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտութիւնների մէջ։

Այստեղ գիտեն, որ սիոնիստական ​​ռեժիմը Հարաւային Կովկասում անկայունութեան հիմնական գործօններից մէկն է, եւ որ Ղարաբաղեան երկրորդ պատերազմում հայ զինւորներն իսրայէլական զէնքից էին զոհւում։

Երկակի ստանդարտների քաղաքականութեան միջոցով տարածաշրջանում կայունութիւն ապահովելն անհնար է: Ձեր պահւածքը եւ ձեր անտրամաբանական աջակցութիւնը չար ռեժիմին բացարձակ չարիքը դարձնում են սովորական:

Եթէ ​​կայունութիւն էք փնտրում, ազնիւ եղէք։ Ահաբեկչութիւնը լաւ կամ վատ չէ: Այս ընտրողական մօտեցումը միայն խրախուսում է սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրութիւնը եւ տարածաշրջանը տանում դէպի պատերազմ։

Իրանի քաղաքականութիւնը հիմնւած է խաղաղութեան եւ բարեկամութեան առանցքի վրայ: Մեր ուղերձը տարածաշրջանին եւ ամբողջ աշխարհին խաղաղութիւն, անվտանգութիւն եւ առաջընթաց է բոլոր երկրների համար։

Հարեւանութեան քաղաքականութիւնն Իրանի գլխաւոր առաջնահերթութիւններից է»,- նշել է դեսպանը։

Պէտք է յոյսը դնես միայն քեզ վրայ եւ պաշտպանես քո անվտանգութիւնը

Ըստ նրա՝ միջազգային համակարգի անգլուխ աշխարհում, որտեղ միջազգային կազմակերպութիւնները անտեսում են միւս անդամների իրաւունքները, իսկ իշխանութեան մէջ գտնւողները աչք են փակում, պէտք է յոյսը դնել միայն քեզ վրայ եւ պաշտպանել սեփական շահերն ու անվտանգութիւնը։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում սիոնիստական ​​ռեժիմը բազմիցս ահաբեկչական յարձակումներ է իրականացրել Սիրիայում իրանական դիրքերի եւ իրանցի մի շարք ռազմական խորհրդատուների դէմ։

Մենք բազմիցս զսպւածութիւն ենք ցուցաբերել, քանի որ չենք ձգտում մեծացնել լարւածութիւնը Արեւմտեան Ասիայում:

Սակայն սիոնիստական ​​ռեժիմը, կարծես, սխալ ազդանշաններ է ստացել եւ անցեալ շաբաթ ԱՄՆ-ի արտադրութեան հրթիռային յարձակումներ է իրականացրել Դամասկոսում մեր երկրի դեսպանատան վրայ, յարձակում միջազգային իրաւունքի դէմ, որը յանգեցրել է պաշտօնական դիւանագիտական ​​անձնագրեր ունեցող մեր 7 ռազմական խորհրդականների մահւան:

Տարածաշրջանում լարւածութեան եւ պատերազմի տարածումը կանխելու համար մենք կոչ արեցինք շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ։

Սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Անգլիայի խոչընդոտների պատճառով Անվտանգութեան խորհուրդը նոյնիսկ յայտարարութիւն չարեց՝ դատապարտելով ագրեսիան եւ յարձակումները անձեռնմխելի վայրերի վրայ։ Միջազգային իրաւունքը անտեսւեց, եւ կրկին բացայայտւեցին արեւմտեան երկրների երկակի ստանդարտները։

Մենք տասը օր սպասեցինք դիւանագիտական ​​ջանքերի՝ սիոնիստական ​​ռեժիմի դէմ պատժիչ միջոցները դատապարտելու եւ դիտարկելու համար:

Տարօրինակ է, որ նոյն արեւմտեան երկրները, կապւելով մեզ հետ, չդատապարտելով սիոնիստական ​​ռեժիմի կողմից միջազգային կանոնների խախտումը, մեզ զսպւածութեան կոչ արեցին։

Այդ իսկ պատճառով Իրանը այլ ելք չունէր, քան պաշտպանել իր շահերը, եւ Իրանի Զինւած ուժերը կիրակի առաւօտեան գործողութիւններ իրականացրեցին օկուպացւած տարածքում գտնւող թիրախների դէմ։ Մեր յարձակումները սահմանափակ էին եւ ուղղւած էին միայն այն կենտրոնների վրայ, որտեղից ռազմական յարձակումներ էին իրականացւում մեր եւ Դամասկոսում մեր դեսպանատան դէմ։

Ի տարբերութիւն սիոնիստական ​​ռեժիմի, որը սպանում է երեխաներին, մենք չենք յարձակւել որեւէ քաղաքացիական կենտրոնի վրայ՝ ներառեալ հիւանդանոցները, հասարակական վայրերը, դպրոցներն ու համալսարանները կամ սովորական քաղաքացիները: Մեր գրոհները շատ դիպուկ էին, եւ մենք հասանք մեր նպատակներին։

Գործողութիւնները կատարւել են ՄԱԿ-ի Հռչակագրի 51-րդ յօդւածի եւ պաշտպանութեան մեր օրինական եւ բնական իրաւունքի հիման վրայ։

Ցաւօք, մեր օրինական եւ իրաւաչափ պատասխանից յետոյ, որոշ եւրոպական եւ արեւմտեան պետութիւններ Իրանի օրինական պաշտպանութիւնը ներկայացրել են որպէս ագրեսիւ քայլ, ինչը նշանակում է հող նախապատրաստել սիոնիստական ​​ռեժիմի նոր արկածախնդրութեան համար։

Անհնար է մի կողմից կոչ անել նւազեցնել լարւածութիւնը, միւս կողմից՝ թոյլ տալ երեխաներին սպանող ռեժիմին տարածաշրջանը վերածել պատերազմական գօտու»,- նշել է նա։

Հարաւային Կովկասում անկայունութեան գործօններից մէկը Իսրայէլի ռեժիմն է

Խօսելով Հարաւային Կովկասի մասին, դեսպան Սոբհանին Հարաւային Կովկասում անկայունութեան գլխաւոր գործօններից մէկը համարել է սիոնիստական ռեժիմին:

«Այս վարչակարգը, բացի տարածաշրջանում միլիտարիզմ զարգացնելու փորձից, փորձում է նաեւ լարւածութիւն ստեղծել Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ»,- ընդգծել է նա։

Նրա խօսքով՝ եթէ ինչ-որ տեղ ռազմատենչութիւն է զարգանում, դա մեծացնում է բախումների վտանգը, իսկ բախումների թւի աճը յանգեցնում է ապակայունացման եւ սպառնում է անվտանգութեանը։ Սա ազդում է տարածաշրջանի ժողովուրդների, ինչպէս նաեւ Իրանի վրայ։

«Ակնյայտ է, որ ռեժիմը փորձում է լարւածութիւն ստեղծել Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ, քանի որ այս ռեժիմը մեր թշնամին է»,- ասել է Մեհդի Սոբհանին։

Թեհրանը հարեւանների անվտանգութիւնն իր անվտանգութիւնն է համարում

Շարունակելով հարաւկովկասեան թեման, Մեհդի Սոբհանին նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութիւնը նւազեցնելու կարեւոր գործօններ են երկխօսութիւնն ու դիւանագիտութիւնը, ինչպէս նաեւ ազգային ինքնիշխանութեան յարգումը եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմանների եւ միջազգային իրաւունքի անձեռնմխելիութիւնը:

Ըստ նրա՝ պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել:

«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարւածութեան հնարաւոր աճից։ Լարւածութեան աճը վնասում է տարածաշրջանի ժողովուրդներին, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւաններին։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում պահպանել հանգստութիւն, կոչ ենք անում զսպւածութիւն ցուցաբերել եւ շարունակել երկխօսութիւնը խաղաղութեան շուրջ»,- նշել է դեսպանը։

Նա յստակեցրել է, որ Իրանը հարեւանների անվտանգութիւնն իր անվտանգութիւնն է համարում։

Անհնար է անտեսել սահմանների անձեռմխելիութեան մասին Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խօսքերը

Դեսպան Սոբհանին յիշեցրել է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխութեան վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան կարմիր գծերը չեն փոխւել, եւ միջազգայնօրէն գծւած սահմանների փոփոխութեանը դէմ է արտայայտւել Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, ինչն անհնար է անտեսել:

«Մենք կտրականապէս դէմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմանների փոփոխութեանը։

Եթէ ​​կան սահմանային խնդիրներ, ապա դրանք պէտք է լուծւեն երկխօսութեան միջոցով՝ հիմնւած ընդհանուր ընկալումների, ինչպէս նաեւ երկրների ազգային ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան յարգման վրայ։ Մենք կողմնակից ենք միջազգայնօրէն ճանաչւած սահմանների ճանաչման խաղաղ ճանապարհին»,- յստակեցրել է նա։

Արտատարածաշրջանային ուժերը փորձում են որոշումներ կայացնել տարածաշրջանի համար

Դեսպան Սոբհանին նշել է, որ արտատարածաշրջանային ուժերի մասին խօսելիս Իրանը նկատի ունի ովկիանոսից այն կողմ գտնւող երկրներին, որոնք եթէ ինչ-որ բան պատահի դեմոգրաֆիական եւ այլ խնդիրների առջեւ չեն կանգնի:

«Ովկիանոսի այն կողմից գալիս են այստեղ եւ փորձում են որոշումներ կայացնել այս տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշել է նա։

Մեհդի Սոբհանին ասել է, որ խօսքը եւրոպական որոշ երկրների եւ ԱՄՆ-ի մասին է։

Նա պարզաբանել է, որ տարածաշրջանային երկրներ են համարւում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան։

«Ռուսաստանը սահման ունի Կովկասի հետ, այն չի համարւում ոչ տարածաշրջանային երկիր»,- յաւելել է նա։

Հայաստանն ու Հարաւային Կովկասը չպէտք է վերածւեն աշխարհաքաղաքական մրցակցութեան դաշտի

Մեկնաբանելով Եւրոյանձնաժողովի ղեկավարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հետ Հայաստանի վարչապետի  ապրիլի 5-ին Բրիւսէլում կայացած հանդիպումը, դեսպան Սոբհանին ընդգծել է, որ պաշտօնական Թեհրանի մտահոգութիւնն այն է, որ Հայաստանն ու ողջ Կովկասը չվերածւեն աշխարհաքաղաքական մրցակցութեան դաշտի եւ որ Հայաստանի արտաքին յարաբերութիւնների զարգացումը տեղի չունենայ այլ երկրների հաշւին։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանութիւնները Իրանին յայտնել են, որ արտաքին քաղաքականութեան դիւերսիֆիկացումն ուղղւած չէ Իրանի հետ յարաբերութիւնների դէմ։

«Հայաստանի իշխանութիւնները յայտնել են, որ այս հանդիպումն ուղղւած չէ որեւէ երրորդ երկրի դէմ։ Նրանք ասել են, որ հանդիպման նպատակը եղել է Հայաստանի տնտեսութիւնը հզօրացնելը եւ Ղարաբաղից տեղահանւածների համար աջակցութիւն ստանալը։

Մենք դէմ չենք Հայաստանի իշխանութիւնների՝ տնտեսութիւնը զարգացնելու եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանւածների խնդիրները լուծելու ջանքերին։ Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրաւունքն է»,- ասել է դեսպանը։

Հայաստանը Իրանի շնչուղին է դէպի հիւսիս, իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դէպի հարաւ

Անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին, Մեհդի Սոբհանին նշել է, որ կապի ոլորտը երկու երկրների միջեւ համագործակցութեան կարեւոր ոլորտներից է:

«Հայաստանն Իրանի շնչուղին է դէպի հիւսիս եւ Սեւ ծով, իսկ Իրանը Հայաստանի համար Իրանի շնչուղին է դէպի հարաւ, դէպի Պարսից եւ Օմանի ծոցեր, դէպի Հնդկաստան»,- ասել է նա։

Դեսպանը պարզաբանել է, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպէս երեք միլիոնանոց շուկայ, այլեւ՝ որպէս հարթակ, որի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ երկրների 200 միլիոնանոց շուկայ։

«Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որի հետ Իրանը ընդհանուր ցամաքային սահման ունի»,- յիշեցրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button