Փշէպսակ անապատների շրջանակողը միացաւ իր աբստրակտ հորիզոններին
ՀԱՏԻՍ – «Առաջին անգամ 4 տարեկանում տաքուկ քուրսու տակ նստած նկարել եմ անձրեւ: Պատուհանից դուրս վարար անձրեւ էր տեղում ու լաւ էի զգում նկարելիս: Դա իմ ամենավառ յիշողութիւնն է , որ նոյն թարմութեամբ վայելում եմ ամէն անգամ վերյիշելիս»:
Վերջերս իր մահկանացուն կնքած Սիրակ Մելքոնեանը նոյն բառերով է յիշում իր առաջին նկարչութիւնը, որով պատմում է մանկուց ունեցած նկարելու իր ցանկութեան մասին:
Թերթիս այս համարով հրապարակւած նիւթերից մի քանիսը «Պայման» հանդէսով, կամ իրանական արւեստի ու գրականութեան ուղղւածութեամբ թերթերում լոյս տեսած նիւթերի թարգմանութիւնն են:
«Նիաւարան» պատմամշակութային համալիրի «Ջահաննամա» թանգարանում՝ դոկտ. Քիանուշ Մոթաղեդիի ելոյթը՝ Սիրակ Մելքոնեանի ստեղծագործութիւնների վերլուծութեան թեմայով, եւս տեղ է գտել այս էջում:
Կեանքից հեռացել է Իրանի «Նկարիչների եւ քանդակագործների ազատ խմբի» եօթ հիմնադիրներից մէկը՝ Սիրակ Մելքոնեանը
Սիրակ Մելքոնեանը, Տորոնտոյում իր մահկանացուն կնքեց օգոստոսի 19-ին 93 տարեկան հասակում: Նա ոչ միայն «Նկարիչների եւ քանդակագործների ազատ խմբի» եօթ մնայուն անուններից մէկն էր, որը ոչ միայն հայեցակարգային մօտեցումով արւեստ է հաստատել Իրանի վիզուալ արւեստում, այլեւ եղել է Իրանում գրքերի շապիկների ձեւաւորման առաջամարտիկներից մէկը: Սիրակը 1981 թւականին Իրանից մեկնել էր Յունաստան, ապա հաստատւել Կանադայում։
Սիրակ Մելքոնեանը ծնւել էր 1930 թւականին Թեհրանում։ 1950-ականերին եղել է ակտիւ նկարիչ, մասնակցել է խմբային ցուցահանդէսների, ինչպէս նաեւ ունեցել է անհատական ցուցահանդէսներ Թեհրանում, Նիւ Եօրքում, Լոս Անջելէսում, Տորոնտոյում, Մոնրէալում, Փարիզում եւ Գերմանիայում։ Նրա կտաւները պահւում են մասնաւոր եւ հանրային-թանգարանային հաւաքածոներում։
Մելքոնեանը գեղարւեստական գործունէութեանը զուգահեռ շուրջ կէս դար դասաւանդել է ուսումնական կենտրոններում, որից երեք տարին անցել է Թեհրանի ԲՈՒՀ-ական հաստատութիւններում։
Ժամանակին արւեստի տեսաբաններից Ալէն Բուսքէն տեսնելով Փարիզում Սիրակի աշխատանքները, գրել է նրա մասին. «Ամէն սերնդից հազիւ կարելի է գտնել 3 կամ 4 արւեստագէտի, ով առաջին հայեացքից կը գրաւի մարդուն կամ նոյնիսկ նեղելու է իր ստեղծագործութեամբ: Ինչպիսին՝ Մելքոնեանն է։ Նա պէտք չունէր ասելու, որ ուշադրութիւն դարձրէք ինձ, նոյնիսկ դրա կարիքը չունէր նա: Մենք վստահ չենք, թէ ինչպէս է պէտք չափել նրա արւեստը, կամ ինչպէս հասկանալ նրան։ Նա վեր է իր ժամանակի արւեստից: Ներկերն ու վրձնահարւածը վարպետօրէն է ընտրւած, իսկ զգացմունքները՝ վառ արտայայտւած են։ Նա զարմանացնող է, օժտւած է պարզութեամբ ու միաժամանակ բարդ է»:
«Իւրաքանչիւր աշխատանք մեզ գամում է տեղում ու սիրտը բացում մեր առջեւ։ Մէկ էլ նկարի բոլոր գաղտնիքները յանկարծ հասանելի են դառնում: Երբեմն նկարչի հայեացքը ստիպում է մեզ նայել վերեւից, իսկ մենք վարպետօրէն սկսում ենք դիտել ու տեսնել ամէն ինչ, եւ վերջում գերեվարւում ենք ողջ էութեամբ։ Սակայն եթէ յաջողւի վերագտնել խաղաղութիւնն ու ներկայութիւն զգալ, կերեւայ, որ Սիրակ Մելքոնեանի մասին մեր գիտելիքներն են խորանում, սակայն, զգում ենք նրա պատկանելութեան ու բնակւելու հողի ու ծննդավայրի մասին գաղափար կազմելու պահանջ: Այն հողի, որը նա Իր վերացական ու սուֆիական մտածողութեան մէջ դառնում է արւեստի գործ մեզ ցոյց տալու համար։ Մինչդեռ իրականում նրան այսուհետ պէտք է փնտրել համաշխարհային մակարդակով արւեստի կենտրոնում»։
Մանուկ հասակում հօր աշխատանքի պատճառով, որը զինւորականների համար կօշիկներ էր ձեւում, տեղափոխւում են Արաք, որտեղ մինչեւ 12 տարեկանն այդ քաղաքում է անցնում: Թեհրան վերադառնալուց յետոյ նրանք հաստատւում են Հասան Աբադ թաղամասում։ Սիրակ Մելքոնեանը դեռ մանկուց է սիրել նկարելը։ Երբ նա 12 տարեկան էր, հայրը նրան տանում է Ալեքս Գէորգիզ անունով ասորի գաղթականի մօտ, ում մօտ էլ փոքրիկ Սիրակը սովորում է բասմէ-նկար (կլիշէաձեւ տպագրութիւն) եւ իւղաներկի արւեստը։
Մարկոս Գրիգորեանի հետ ծանօթացել է պատանեկութեան տարիներին՝ միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ:
Մելքոնեանը նոր աշխարհի հետ ծանօթացել է Մարկօ Գրիգորեանի հետ ընկերութեան եւ շփւելու միջոցով։ Երբ Սիրակը 15 տարեկան էր, Մարկօն մեկնում է Իտալիա՝ կրթութիւնը շարունակելու։ Այնտեղից նա Սիրակին ուղարկում էր թերթերից կտրած նիւթեր ու նկարներ, արւեստի նորութիւնների մասին, եւ, ինչով Սիրակն աւելի լաւ էր գաղափար կազմում ժամանակակից գեղարւեստական իրադարձութիւնների մասին՝ միջազգային մակարդակներում: Իրան վերադառնալուց յետոյ Մարկօն Թեհրանում կազմակերպեց եւ հիմքը դրեց Իրանի վիզուալ արւեստի ամենակարեւոր իրադարձութիւնը՝ Նկարչութեան բիենալէի։
Մարկօ Գրիգորեանն իրանական վիզուալ արւեստում մոդեռնիզմի առաջամարտիկներից է եւ իրանական վիզուալ արւեստի բնագաւառում ազդեցիկ իրադարձութիւնների ու հոսանքների հիմնադիրներից էր: Նա Ֆերդուսի հրապարակում բացեց Թեհրանի առաջին պատկերասրահներից մէկը՝ «Էսթետիկ»-ը: Սիրակի ստեղծագործութիւնների երկու անհատական ցուցահանդէսների անցկացումը «Էսթետիկ» պատկերասրահում (1936 թւականի գարնանը եւ աշնանը) նրա արհեստավարժ գործունէութեան կարեւորագոյն իրադարձութիւններից են եղել։
Սիրակ Մելքոնեանը Թեհրանի բիէնալէից յետոյ մեկնում է Իտալիա՝ համալսարանում սովորելու, բայց շուտով թողնում է համալսարանը եւ նախընտրում ուսումը շարունակել պատկերասրահների, թանգարանների, եւ բնութեան գրկում։
1981 թւականին Մելքոնեանների ընտանիքը տեղափոխւում է Յունաստան, որտեղ մէկ տարի մնալուց յետոյ իրենց բախտը փորձում են նաեւ Գերմանիայում ու Անգլիայում, սակայն շատ շուտ վերադառնում են Յունաստան, որտեղից յաջողւում է տեղափոխւել Կանադա:
Գաղթականի կեանքով ապրելու առաջին տարիները շատ դժւար են անցնում Մելքոնեանների ընտանիքի համար։
Յունաստանում կեանքը հեշտ չէր։ Բնակութեան թոյլտւութեան խնդիրը, եկամուտ լինել չլինելու, եղած գումարը վերջանալու եւ նման սահմանափակումները դժւար իրավիճակ էին ստեղծել, սակայն Սիրակի ընտանիքը յաղթահարում է այդ շրջանը, յատկապէս, իր կնոջ աջակցութիւնն զգալով, ինչպէս նաեւ ընկերների օգնութիւնն ունենալով։
Նոյն դժբախտ իրավիճակում նա իր ընկերներից մէկի տանը միանգամեայ օգտագործման ստւարաթղթի վրայ նկարած իր աշխատանքների ցուցահանդէսն է կազմակերպում։ Նրա գործերից շատերը վաճառւում են: Կանադա տեղափոխւելու առաջին տարիներին Կանադայի Բանֆ քաղաքում գտնւող Ալբերտայի համալսարանը նրան շնորհում է գրաֆիկայի պրոֆեսորի կոչում եւ շնորհում՝ դասաւանդելու առիթ համալսարանում, որպէսզի հնարաւոր լինի ճանապարհի ծանր բեռը, թէկուզ մի փոքր, թեթեւացնել նրա ուսերից։
Մելքոնեանը Կանադայում ապրելու առաջին տարիներին աշխատել է ծագումով մէկ այլ իրանցու տպարանում՝ ապրուստը հոգալու համար։ Չնայած գեղանկարչութեան իր եզակի կարողութեանը, նա երբեք չէր ցանկանում ընդունել պատւէրով աշխատանք, նոյնիսկ երբ ուղեւորութեան ճանապարհին կրած դժւարութիւնների է բախւել, նա չի նկարում պատւէրով ոչ մի թեմա:
Սիրակ Մելքոնեանը կարեւոր ցուցահանդէսներին մասնակցող անուններից է եղել միշտ: Դրանց թւում են նրա անհատական ցուցահանդէսները «Էսթետիկ» պատկերասրահում, Թեհրանի նկարչական բիենալէում, «Ազատ նկարիչների եւ քանդակագործների խմբի» կարեւոր ցուցահանդէսները, Իրանի եւ Հնդկաստանի մշակութային համագործակցութեան, «Զանդ» պատկերասրահի, «Մահ» (լուսին) պատկերասրահի, Իրանի ժամանակակից արւեստի թանգարանի, Նիւ Եօրքի, Իրան-Պակիստան համագործակցութեան խմբի ժամանակակից արւեստի ծրագրի, Արեւմտեան Գերմանիայի ժամանակակից նկարիչների, Շւէյցարիայի Բազէլի, Փարիզի Գրանդ Պալէի, Վաշինգտոն Վաշի արւեստի ցուցահանդէսները…
Մելքոնեանի վերջին անհատական ցուցահանդէսը՝ «Վերընթերցելով Իրանի ժամանակակից արւեստը»՝ Սիրակ Մելքոնեանը, համատեղ անցկացւել է Արիա եւ Աբ-Անբար պատկերասրահներում 2015 թւականին: Նրա աշխատանքները ցուցադրւել են նաեւ «Իրանահայեր» ցուցահանդէսում, 2018 թւականին Թեհրանի «Մեհրսան» պատկերասրահում։
Թեհրանի գեղանկարչութեան թւով հինգ բիենալեների փաստը, կարելի է համարել նախայեղափոխական շրջանում Իրանի ժամանակակից արւեստի ամենակարեւոր իրադարձութիւններից, որոնք համաշխարհային օրինակներին զիջելու ոչինչ չունեն։
Ցուցահանդէսների այս գործընթացին մասնակցել են բազմաթիւ նկարիչներ, որոնցից մի քանիսին կարելի է անւանել ազդեցիկ արւեստագէտներ իրանական գեղանկարչութեան ժամանակակից պատմութեան կտրւածքով։ Այս արւեստագէտների թւում են Սիրակ Մելքոնեանը յատկապէս։ Արւեստի այս շարժումը մեկնարկել է մշակոյթի եւ արւեստի նախարարութեան աջակցութեամբ։ Առաջին բիենալէն կազմակերպւել է Մարկօ Գրիգորեանի կողմից եւ երկրի կերպարւեստի ժամանակի վարչութեան աջակցութեամբ։
Իրանահայ արւեստագէտներից, որոնք մասնակցել կամ դերակատարութիւն են ունեցել կարելի է նշել Սիրակ Մելքոնեանի, Սերժ Աւագեանի, Ռոստոմ Ոսկանեանի, Ադիկ (Ադման) Այւազեանի, Ժ. Աբրամեանի, Նէլի Էլայեանի, Աշոտ Մինասեանի, Ա. Յարթունեանի եւ Սեդա Ասլանեանի անունները: Արժէ նշել, որ Սիրակ Մելքոնեանն էր առաջի բիենալէի յաղթողը:
Սիրակ Մելքոնեանը, Աշոտ Մինասեանի հետ միասին են արժանացել թագաւորական գլխաւոր մրցանակի՝ 25,000 ռիալի, իսկ Էդման Այւազեանը՝ կերպարւեստի գլխաւոր մրցանակին՝ 20,000 ռիալի, Ռոստոմ Ոսկանեանը՝ երկամեայի ոսկէ մեդալի։
Առաջին բիենալէից յետոյ 14 արւեստագէտ է ընտրւում մասնակցելու Վենետիկի բիենալէին: Ընտրեալների ցուցակում կարելի է տեսնել Մարկօ Գրիգորեանի, Սիրակ Մելքոնեանի եւ Էդման Այւազեանի անունները։
Նկարիչների եւ քանդակագործների «Ազատ» խումբը կազմաւորւում է 1974 թւականին Մարկօ Գրիգորեանի նախնական առաջարկով եւ ի նշան բողոքի գռեհիկ ու անբովանդակ գործերի դէմ, որոնք որպէս ժամանակակից արւեստ ցուցադրւում էին պատկերասրահներում։ Կազմելով կանոնակարգ եւ որոշելով մօտեցում՝ այս խումբը որոշեց սկզբունքային կերպով ներկայացնել մոդեռնիզմի վերջին ասպեկտները աշխարհում։
7 հիմնական անդամներով սկիզբ առած խումբը եղել է իրանական ժամանակակից արւեստի պատմութեան ամենաազդեցիկ նախաձեռնութիւններից մէկը։
Նկարիչների եւ քանդակագործների «Ազատ» խումբը ծրագրում էր այն ժամանակւայ գեղարւեստականկարեւորագոյն իրադարձութիւնները՝ կազմակերպելով ներքին ցուցահանդէսներ եւ մասնակցում արտասահմանեան ցուցահանդէսների։
Այս խմբի հիմնական անդամներից էր նաեւ Սիրակ Մելքոնեանը։ Սիրակն այս խմբի դիրքի ու կարեւորութեան մասին ասել է. «Ազատ խումբը ցնցեց այս երկրի արւեստը եւ հսկայական շարժում ստեղծեց նրանում»։
Թէեւ Մելքոնեանը միացել էր «Ազատ նկարիչների ու քանդակագործների խմբին», սակայն նա միշտ յայտնի է եղել որպէս լուռ, հանդարտ եւ լուսանցքից հեռու նկարիչ: Իր գեղարւեստական գործունէութեան ընթացքում նա միացել է միայն «Ազատ» խմբին: Իհարկէ, այս խմբի հետ համագործակցութիւնը աշխատանքային յստակ գիծ չէր, եւ անդամներից կամ հրաւիրեալ արւեստագէտներից իւրաքանչիւրն ինքնուրոյն է ստեղծագործել կամ մտածել:
Սիրակը այն քչերից էր, ով միշտ ինքնուրոյն է շարունակել իր մասնագիտական գործունէութիւնը եւ տուրք չի տւել ժամանակի պատւէրին: Յօդւածի աւարտին հեղինակը, երբ Սիրակ Մելքոնեանը դեռ ողջ էր, նշել է. «Այսօր էլ նա նախընտրում է աշխատել իր անձնական տարածքում»։
Սիրակ Մելքոնեան, անվերջ հորիզոնների յայտնագործողը Քիանուշ Մոթաղեդիի ելոյթը՝
Սիրակ Մելքոնեանի ստեղծագործութիւնների վերլուծութեան թեմայով՝ «Նիաւարան» պատմամշակութային համալիրի՝ «Ջահաննամա» թանգարանում
Սիրակ Մելքոնեանը ժամանակակից իրանցի գեղանկարիչների առաջին սերնդի առաջատար դէմքերից է, ով իր գեղարւեստական գործունէութիւնը սկսել է 1930-ական թւականներին՝ հակումով դէպի փոխաբերական նկարչութիւն եւ հայրենի կերպարների ու գիւղական բնապատկերների ներկայացում (ինչպէս իր ժամանակակիցները՝ Մեսչինիա, Զիապուր եւ Շիբանին): Նրա վաղ շրջանի աշխատանքները ֆիգուրատիւ գեղանկարչութեան, նատիւրմորտի եւ գրաֆիկայի եւ բնապահպանական գովազդի ոլորտում փորձերի համադրութիւն էին։ 1960-ականներին Սիրակը նկարել է Թեհրանի թաղամասերի բնակիչների այլաբանական կերպարները, որոնք ժողովրդագրութեան առումով նշանակալի փաստեր են նաեւ:
19 տարեկանում նրա աշխատանքները ցուցադրւել են Իրանա-ԽՍՀՄ մշակութային կենտրոնի (Vox House) ամենամեայ ցուցահանդէսում, եւ այդ ժամանակւանից, որպէս պրոֆեսիոնալ գեղանկարիչ, նրա հիմնական աշխատանքները եղել են բնանկարները կամ կերպարային նկարները, որոնք արտայայտիչ եղանակով ընդգծումներ ունեն:
Հետագայ տարիներին Մարկօ Գրիգորեանի հետ ունեցած բարեկամութիւնն ու ծանօթութիւնը նրան դրդեցին «Ստատիկ» պատկերասրահում կազմակերպել իր առաջին անհատական ցուցահանդէսը (1936 թւական):
Մէկ տասնամեակ անց, երբ որոշ նկարիչներ փորձում էին ստեղծել արւեստի ազգային դպրոց եւ առաջին փորձերն էին արւում ձեւաւորելու «Սաղախանէի» շարժման, Սիրակը խելամտօրէն ձգտում էր իր նկարչական աշխատանքում գտնել անձնական լեզու ժամանակի վարակիչ մթնոլորտից հեռու, եւ դա բերեց նրան, որ Թեհրանի առաջին բիենալէում նկատեցին նրա աշխատանքը, որտեղ նաեւ արժանացաւ Բիենալէի առաջին մրցանակին։
40-ականների կէսերին Սիրակը նոր փորձ է ձեռնարկում գեղանկարչութեան եւ ժողովրդական պատկերների ստեղծման ոլորտում, սակայն նրա կերպարներում ռէալիզմի հոսքը կամաց-կամաց փոխարինւել է խոշոր գունային բծերով: Այդ շրջանի նրա կտաւներում ի յայտ են եկել պարզ երկրաչափական ձեւեր եւ աբստրակտ աշխատանքները։
Այս տարիներին Սիրակը մի քանի ուղեւորութիւն կատարեց դէպի Աբադան ու Խոռամշահր եւ փորձեց Խուզեստանի բնութեան մասին իր տպաւորութիւնները երկրաչափական ձեւերի տեսքով պատկերել։
Հետագայում եւ մինչեւ 1965 թւականը Սիրակը փորձեր է անում երկրաչափական կոմպոզիցիաների վրայ, իսկ 40-ականների երկրորդ կէսին արդէն նրա նկարներից իսպառ անհետացաւ հայրենի տարածքներն ու սոցիալական տարրը ներկայացնելու գաղափարը։
Սիրակի «Տպաւորութիւններ Թեհրանի մասին» նկարների հաւաքածոն նկարչի պրակտիկայի փոփոխութեան ու նրա համար նոր մտածելակերպի սկիզբի հիանալի օրինակ է: Բացի անցեալի խմբակային ցուցադրութիւնների ու բիենալէներին մասնակցելուց, վերջին երկու տասնամեակների ընթացքում նա քիչ անհատական ցուցահանդէսներ է անցկացրել, սակայն միշտ եղել է զբաղւած նկարչութեամբ ու էսկիզներով: Բնականաբար չի անտեսել նաեւ գրաֆիկական աշխատանքը։
Անցնելով 50-ականների շեմը եւ Սիստան ու Բելուչեստան մեկնելուց եւ Իրանի անապատներն ուսումնասիրելուց յետոյ նա փորձեց հետեւել դեկորատիւ օրինաչափութեանը` աբստրակտ արւեստի լեզւով նոր սահմաններ անցնելու համար, որտեղ նա ոգեշնչւած էր անապատային բնութիւնից: Նրան յաջողւում է մոդեռնիստական հայեացքով նատուրալիստական գեղանկարչութեան տպաւորիչ պատում ներկայացնել պարզ ներկայացնելով այն բոլորն ինչ պատել էր իր շուրջը:
Սիրակի ցուցահանդէսը «Զարւան» պատկերասրահում (1973 թւականին) շրջադարձային էր Իրանի անապատների բնութեան անսահման հորիզոններում մաքուր վերացական ձեւը բացայայտելու համար: Այս աբստրակցիոնիստական մօտեցմամբ նա կտաւի տարածութիւն մտցրեց աբստրակտ ձեւեր, յաճախ մոնոքրոմատիկ (միագոյն), եւ իր աշխատանքում մօտեցաւ մինիմալ-աբստրակտ գեղանկարչութեանը:
Այս շրջանում, ի տարբերութիւն իր ժամանակակիցների, նա խուսափում էր առեղծւածային, կրօնական եւ առասպելական ենթատեքստերով պատմողական եւ գրական յիշատակումների ցանկացած տեսակի ներկայացումից, ինչն էլ նրան բերեց անձնական ստորագրութեանը։
Նրա համագործակցութիւնը «Ազատ նկարիչներ եւ քանդակագործներ» խմբի հետ (1974 թ.) նոր հնարաւորութեան դուռ բացեց նրա համար՝ ծանօթանալու կոնցեպտուալ արւեստի հիմունքներին եւ նոր տեսանկիւնից ստէյջաւորման արւեստին։
Այս առումով նա կարողացել է աշխատանքներ ներկայացնել ծաւալային ու քանդակագործութեան ասպրէզում, դրանք ցուցադրելով «Գանջ եւ Գոստարէ» ցուցահանդէսում (1976 թւական) «Սաման» պատկերասրահի բացօթեայ տարածքում, իսկ յաջորդ տարի՝ Wash Art ցուցահանդէսում (1977 թ.):
50-ականների կէսերից նրա նկարների կառուցւածքը նման էր Իրանի անապատի ու լեռների ցածրադիր ու բարձունքների օդային պատկերներին, որոնք իրարից բաժանւած էին սահմանային գծերով։ Յիսունականների վերջերին Սիրակի նկարները հասնում են մտաւոր հասունութեան շրջան եւ օժտւում կատարման կատարեալ մեթոդով, իսկ նրա ստեղծած յատուկ տեսողական լեզւի հիման վրայ տիեզերական ստեղծման բազմաթիւ ու բազմազան տարբերակները ցուցադրւել են ներքին ու միջազգային ցուցահանդէսներում, որտեղ ներկայացւած խորը պատկերներում երեւացող երկրի ծալքերի եւ ճեղքւածքների հատւող տձեւութիւնը, կամ լեռների ու հարթավայրերի տեսքը Սիրակի համար հնարաւորութիւն էին բացայայտելու՝ բնութեան վերացական ներկայացման նոր պատկերային կարողութեան (բազմաշերտ երկրաչափութեամբ) եւ նոր ընթերցման միջոցով:
Նկարչի 50-ականների ստեղծագործութիւնների հաւաքածոն ցոյց է տալիս նրա խորը հակումը դէպի երկրաչափական կոմպոզիցիաներ եւ գծային տարրերի կիրառում, երանգաւորման մոդեռնիստական ու մինիմալիստական մօտեցումներով:
Այս շրջանում նկարչի մտածողութեան ուղին հիմնւած է Իրանի անապատների բնութեան մէջ գոյութիւն ունեցող ձեւային համակարգի նկատմամբ յուզական փոխյարաբերութեան վրայ՝ ընդգծելու «լանդշաֆտ»-ի (աշխարհագրական թաղանթի բնական զարգացման ընթացքում առաջացած համասեռ տեղամաս, որն այլ տեղամասերից որակապէս տարբերւում է ներքին կառուցւածքով) հայեցակարգի ոճական ներկայացումը, միեւնոյն ժամանակ պատկերի կառուցւածքում նմանութիւններ եւ հակադրութիւններ արտացոլելու ընկալումը: Տես՝ «Կապոյտ» ցուցահանդէսում Սիրակի նկարը՝ «Ազատ» խմբի հետ Թախտէ Ջամշիդ ցուցահանդէսում։
Հարկ է նշել, որ 50-ականներին միտումը դէպի աբստրակտ նկարներ՝ Իրանի հողային տարածքների ու անապատների թեմայով՝ նկատելի էր նաեւ այլ նկարիչների աշխատանքներում, որտեղ հիմնականում արւած էր ծղոտի կամ աւազի հիւսւածքների վրայ: Դրանք կարելի է տեսնել Մոհսէն Վազիրի Մողադամի, Մարկօ Գրիգորեանի, Ղոլամհոսէյն Նամիի, Փարւիզ Քալանթարիի եւ Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործութիւններում, որոնք սկզբունքօրէն տարբերւում էին Սիրակ Մելքոնեանի ստեղծածից թէ՛ արտաքին, եւ թէ՛ հայեցակարգային կառուցւածքով։
Այդ իսկ պատճառով, նրա աշխատաոճը կարելի է դիտարկել որպէս արեւելեան կլիմայաբանական ներկայացման տեսակ՝ միասնական կոմպոզիցիայով, որտեղ ճշգրիտ հեռանկարային տեսանկիւնից՝ շեշտը դրւած է միաձուլւող գծերի վրայ:
Բնութիւնը հանդուրժող նկարչական ոճ, որը ձեռք է բերւում դանդաղ, բայց խորութիւն ստեղծող շարժումով:
Սիրակը Կանադա ներգաղթելուց յետոյ շարունակում է նոյն անկեղծութեամբ նկարել Իրանի հայրենի տարածքներն ու անմարդաբնակ ու մոռացւած օազիսները։
60-ական եւ 70-ականների նրա նկարների հաւաքածուն մուտիւների պարզեցման եւ նկարչի խոնարհաբար յանձնւելու իրողութեան արդիւնք էր՝ ի տարբերութիւն իրանական գունատ լեռների, անապատների ու բլուրների տեսողական յիշողութեան «տողերի» միատեսակութեանը։ Նա հեռւից էր տեսնում:
Սիրակի ստեղծագործութիւնները նոյն այդ շրջանում ոգեշնչում են դիտողին եւ ստիպում զգալ խաղաղութեան հաճոյքն ու բնական երկրաչափական համակարգի անսովոր հեռանկարը՝ նոր ընկալման գործընթացի միջոցով։ Ուղղահայեաց գունային տիրոյթը գունային զգալի հակադրութիւն ունի ֆոնային մասերի տիրոյթի հետ, եւ արդիւնքում բնութեան խորքերում թաքնւած երազկոտ տրամադրութեան պերֆեկցիոնիստական տեսքը տեսողականօրէն նորովի է թարգմանւում մեր աչքի առաջ։
80-ականներին Սիրակը նկարում էր աւելի մեծ էներգիայով, քան անցեալում, եւ հարիւրաւոր թղթէ անձեռոցիկների վրայ իր իւրայատուկ նմուշների հաւաքածոյից բացի, նրա գոյներն ու ձեւերը աստիճանաբար հասունութեան գագաթնակէտին հասան կտաւի վրայ նկարելու հարցում եւս: Նրա ընտրութիւնը լանդշաֆտի կամ անապատային բնութեան հետ, նկարչի աբստրակտ արտայայտութեամբ տպաւորութեան հետ, համեմատաբար կայուն կամ գերիշխող տեսլականի դրսեւորում էր, որը կազմակերպւել է աւելի քան կէս դար՝ հիմնւելով նկարչի յատուկ գեղագիտութեան վրայ:
Սիրակ Մելքոնեանն իր բուռն կեանքի 90-րդ տասնամեակում եւս նկարում էր, եւ նրա անխոնջ ջանքերը արդի եւ ժամանակակից գեղանկարչութեան ասպարէզում Իրանի եւ հայ նկարիչների մէջ առանձնայատուկ էջ են յատկացրել արւեստի պատմութեան ուսումնասիրութեան մէջ: Ապացոյցն այն է, որ նկարիչը կարող է հասնել խորը արտայայտութեան՝ ձեւաւորելով իր պատկերացումները շրջապատող աշխարհի մասին՝ առանց որպէս ուղեցոյց օգտւելու առասպէլներից, սոցիալական մտահոգութիւններից կամ նոյնիսկ փոխաբերական մոտիւներից: Որովհետեւ բնութիւնն է ամենայն գեղեցկութեան աղբիւրը, եւ եթէ նկարչի ստեղծագործութիւնը, ինչպէս ներկայ նկարը, ունենայ որոշակի աշխարհայեացք, այն մօտ կը լինի անհատական արւեստ հասկացութեանը, որը գործին է տալիս նաեւ համամարդկային իմաստ։