Հայաստան - ԱրցախՄշակութային

Երեւանի ինտելեկտուալ կոլորիտն էլ աւելի աղքատացաւ

Շաքէ Հաւան-Կարապետեան․ «Արտ Բրիջ»-ը «Հիմա փակելու ժամանակն է»

Երեւանի «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանը փակւում է։ Գրախանութ-սրճարանի 22 տարւայ գործունէութեան մասին «ԵՐԵՒԱՆ»-ին պատմել է «Արտ Բրիջ»-ի հիմնադիր տիկին Շաքէ Հաւան-Կարապետեանը, իսկ մի քանի երեւանցիներ պատմել են այս վայրի հետ կապւած իրենց յուշերի մասին։

Շաքէ Հաւան-Կարապետեան

«Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանի հիմնադիր

Ես Երեւան եմ եկել 99 թւականին։ Որոշեցի, որ կը մնամ, յետոյ գտայ այս տարածքը, որն ինքը թելադրեց, թէ ինչ պիտի լինի ներսում։ Մենք բացւեցինք 2001 թւականին։ Այն ժամանակ այս կոնցեպտը առաջինն էր, գիրք քիչ կար, գրքի որակը շատ վատն էր, այսօրւայ հետ համեմատելու չէ, եւ ես ուրախ եմ, որ տեսայ գրքի որակի փոփոխութիւնը:

Արդէն 2001 թւականի սեպտեմբերին որոշեցինք, որ պիտի երկրորդ սրահն էլ բացենք։ Իհարկէ, սկզբում ոչ մէկը չէր պատկերացնում, որ այն կաշխատի, ամէն մարդ բացասական էր խօսում: Մեր սրահում պիտի ցածր երաժշտութիւն լինէր, որակ լինէր, մեր սերւիսը պիտի տարբերւէր, մարդը պիտի հնարաւորութիւն ունենար գիրքը կարդալ, ապա նոր գնել այն:

Առաջին գրախանութն էինք, որ բացւում էր 8։30-ին։ Նպատակը այն էր, որ եթէ մարդ ուզում է աշխատանքի գնալուց առաջ սուրճ խմի՝ թերթ կարդալով (ի դէպ, մեր սեփական թերթն էինք հրատարակում որոշ ժամանակ), յետոյ գնայ, մենք տալիս էինք այդ հնարաւորութիւնը: Մենք այն ժամանակ մօտ վեց-եօթ մշտական յաճախորդ ունէինք, որ գալիս էին թերթ կարդալու:

Մենք նաեւ անում էինք ցուցահանդէս-վաճառքներ, գումարը վերցնում էինք վաճառքից յետոյ։ Առաջին երեք ամիսներին ես խնդրում էի, որ գան մարդիկ, իսկ այսօր ամենուր ցուցահանդէս-վաճառք է: Սկսեցինք նաեւ տարբեր հրատարակչութիւններից գրքեր ներմուծել, դարձանք այն գրախանութը, որ խօսում է հայ գրողներից, հայկական գրքերից, արւեստից:

Ես կարծում եմ, յոյս ունեմ, որ չեմ սխալւում, որ ամէն ինչ իր ժամանակը ունի։ Այն ժամանակ ես տեսայ, որ գրախանութ-սրճարան բացելու ժամանակն է եւ հիմա զգում եմ, որ փակելու ժամանակն է: Ես յաճախորդներ ունեմ այսօր, որ իրենք իրօք իմ աչքի առաջ են մեծացել, իրենց ծնողներն են եկել, յետոյ եկել են իրենք փոքր ժամանակ, իսկ հիմա մեծացել են եւ գալիս են: Խնդրում եմ՝ սխալ չհասկանաք, սա շատ նուրբ կէտ է, ես կարծում եմ՝ ամէն մարդ մի դեր ունի, կարծում եմ՝ «Արտ Բրիջ»-ը իր դերը խաղացել է, հիմա մեր դերը վերջացել է:

Մենք, ցաւօք, կրկնօրինակելու մէջ վարպետացել ենք, ու, ցաւօք, կրկնօրինակում ենք շատ վատ, կիսատ, բայց գոնէ կրկնօրինակման ժամանակ պիտի իրենից հազար անգամ աւելի լաւ անես դա: Թումանեանի վրայ մի ժամանակ ձկան խանութ կար, կողքը մէկ այլ ձկան խանութ բացւեց, իսկ հիմա ոչ մէկը չկայ, դա վատ է, այդպէս չպիտի լինի։

Մենք չենք փակւում որեւէ ֆինանսական խնդրի պատճառով, չնայած սովորաբար այդպէս է լինում, մեր խնդիրը այլ է, աւելի խորն է. ինքն իր դերը խաղացել է: Ես չէի ուզենայ ուղղակի հեռանալ, չէ՞ որ ես էլ եմ սիրում ձեզ, դուք եթէ չլինէիք, մենք չէինք լինի, սա շատ ուժեղ շղթայ է, ամէն անգամ խօսելիս, ես ինքս էլ յուզւում եմ:

Պատկերացնում եմ, որ իմ յաճախորդներին չեմ տեսնելու, իմ աշխատակազմում մարդիկ ունեմ, որ 18-22 տարի է, ինչ աշխատում են ու ինձ էլ բարդ է կտրւել այդ ամէն ինչից: Ինձ համար դեկտեմբերի 23-ը շնորհակալութեան օր է, որ պիտի յայտնենք այն մարդկանց, որոնք այսքան տարի մեզ հետ են եղել:

Բայց «Արտ Բրիջ»-ը չի լուծարւում, մենք մեր աշխատանքները անելու ենք, հնարաւոր է լրիւ մէկ այլ բան բացւի: Ես չեմ սիրում կրկնել, ես չեմ ուզում բացել բիզնես, որն արդէն կայ եւ մրցակցել, ես սիրում եմ նորը ստեղծել, նոր գաղափարներ դնել:

Անահիտ Արամունի Քեշիշեան

Գրականագէտ

Անգլերէն մի արտայայտութիւն կայ՝ home away from home, տուն՝ տնից հեռու։ Ես որպէս նոր եկած հայրենադարձւած առաջին տարիներին այդ տանը պէտք ունէի, եւ «Արտ Բրիջ»-ը այդ տունը դարձաւ ինձ համար, դարձաւ ու մնաց։ Մինչ այդ էլ կար, բայց չէի մտածում, որ այդքան հարազատ կը դառնար ինձ համար։ Անկեղծ ասած, ես իմ կեանքում շատ եմ տեղափոխւել, միայն Լոս Անջելէսում 9 տուն եմ փոխել, բայց «Արտ Բրիջ»-ի դադարելը ինձ վրայ ամենաշատն է ազդել, ամենածանրն եմ տարել, որովհետեւ այդ տունը ես չէի հիմնել, իմ սարքածը չէր, կար, իսկ եթէ չկայ ուրեմն չկայ, ես չեմ կարող ստեղծել։

«Արտ Բրիջ»-ում նաեւ հանդիպում էի մարդկանց շատ անսպասելի, այնպիսի մարդիկ, որոնց հետ կամ անցեալ ես ունեցել կամ ընկերներդ են, կամ քեզ պէս հայրենադարձ են, «Արտ Բրիջ»-ը սիրուն ու գրաւիչ է նաեւ մարդկանց շնորհիւ, ուզում եմ, որ շատ լաւ լինի Շաքէի համար հետագայում:

Արամ Պաչեան

Գրող

«Արտ Բրիջ»-ն ինձ համար մի վայր էր, որտեղ իսկապէս կարող էիր զրուցել։ Ստեղծւած էր հանդիպման ու զրոյցի մշակոյթը։ Երեւանը մենախօսի ու մենախօսութեան քաղաք է` արդէն վաղուց։ «Արտ Բրիջ»-ում կարեւոր զրոյցներն եմ յիշում. անգամ մարդկանց հետ, որոնց այլեւս չեմ հանդիպել։ Շնորհակալութիւն, «Արտ Բրիջ»։

Յասմիկ Խալափեան

Ինձ համար քաղաքի ամենահարազատ վայրն էր, եթէ մենակ եմ ու ուզում եմ ճաշել կամ հանգստանալ, կամ պէտք է մէկին սպասեմ, չեմ յիշում քաղաքում այլ տեղ, որ կարող եմ հանգստանալ: Տարիներ առաջ բացւած «Արտ Բրիջ»-ը այսօր էլ պահպանեց իր հիմնադրած մշակոյթը, ու դա ինձ շատ է դուր գալիս: Տղայիս հետ էլ հանդիպման վայր էր մեզ համար, միշտ իրեն էստեղ եմ սպասել, ինձ համար ցաւօտ է շատ, շատ եմ ափսոսում այս վայրը, կեանքիս լաւագոյն պահերը, կարելի է ասել, այստեղ են անցել:

Արմէն Գրիգորեան 

Այստեղ ես եկել եմ եւ գործընկերներիս, եւ ընկերներիս եւ կնոջս հետ: Ես ինքս մարդու իրաւունքներով եմ զբաղւում, դիսկրիմինացիային դէմ եմ պայքարում, ու միշտ գիտէի, որ այստեղ շատ տարբեր մարդկանց կարող եմ տեսնել. ազգային, սեռական, կրօնական փոքրամասնութիւնների, անգամ կան քեարթու կոչւած մարդիկ, որոնք եւս միաձուլւում են այստեղ: Չկայ ճնշում մարդկանց հանդէպ անձնակազմի կողմից: Բոլոր տեսակի մարդկանց այստեղ կարող ես հրաւիրել շատ հանգիստ: «Արտ Բրիջ»-ը` որպէս Բրենդ, պէտք է մի օր վերածնւի:

Արման Սահակեան

Միջավայրը շատ հաճելի է, ինչը շատ կարեւոր է, «Արտ Բրիջ»-ը նպաստում է, որ դու քո ժամանակը հնարաւորինս լաւ անցկացնես: Ձգողական մի բան ունի մէջը, որն իհարկէ անձնակազմի շնորհիւ է, որովհետեւ շատ անմիջական են, ուշադիր են, յարգալից են: Միշտ, երբ դուրս ես գալիս, փորձում ես հանգիստդ անցկացնել, քայլերդ բերում են «Արտ Բրիջ»: Նաեւ յուշ-յիշողութիւն է «Արտ Բրիջ»-ը, որովհետեւ կեանքի որոշակի ժամ անցկացնում ես այստեղ: Իսկ կեանքն էլ յուշերի ու յիշողութիւնների ամբողջութիւն է, որոնք եթէ հաճելի են լցնում կեանքդ, քչանում են սթրեսներն էլ:

Գիտէք, մեր ծնողները, երբ երանի են տալիս 60-70-ականներին, մենք էլ մի օր այս Երեւանի մասին կը խօսենք, դա հէնց այսպիսի տեղերի շնորհիւ է: Ափսոս, որ մնալու է զուտ յիշողութիւն:

Տեքստը՝ Մարիամ Ալոյեանի
Լուսանկարները՝ Մարիամ Ալոյեանի, «Արտ Բրիջ»-ի արխիւ

Evnmag.com

Related Articles

Back to top button