Յուշերեկոյ նւիրւած իրանահայ բարերար եւ ազգային-հասարակական գործիչ Արսէն Մինասեանի յիշատակին եւ «Մուսիօ» գրքի շնորհանդէսը

Իրանահայ բարերարներ, ազգային-հասարակական գործիչներ եւ Իրանի երկնակամարում բազմազան ոլորտներում իրենց անմնացորդ ներդրումը բերած նւիրեալները, միշտ իրենց ուրոյն դերը ու տեղը ունեն ոչ միայն համայնքում,այլ նաեւ Իրանում եւ նոյնիսկ միջազգային ասպարէզում:
Այս նւիրեալներից էր հանգուցեալ բժիշկ, ազգային-հասարակական գործիչ եւ գաղափարական նւիրեալ դոկտ. Արսէն Մինասեանը: Մարդ, ում անունը միշտ յարգանքով ու ակնածանքով է նշւում յատկապէս Իրանի Գիլան նահանգում:
Թւականիս յունւարի 13-ին մեծարանքի իւայատուկ միջոցառում էր կազմակերպւել, ի յիշատակ Իրանի առաջին շուրջօրեայ դեղատան, հաշմանդամների առաջին կենտրոնի հիմնադիր բարերար դոկտ. Արսէն Մինասեանի: Միջոցառումը, որը իրականացաւ Գիլանի համալսարանի «Հեքմաթ» դահլիճում, նախաձեռնել էին՝ Գիլան նահանգի էլիտաների հիմնադրամը, Գիլանի համալսարանը, Գիլանի բժշկագիտական համալսարանը, Ռաշտ քաղաքի իսլամական քաղխորհուրդը եւ մի խումբ բարերաներ ու քաղաքացիներ:
Միջոցառումը զուգորդւած էր ելոյթներով:
Գիլանի էլիտաների հիմնադրամի պատասխանատու Ֆարհադ Շիրինին այդ մասին իր ելոյթի ընթացքում ասել է. «Նման միջոցառումների նպատակն է երկրի պարծանքներին ու էլիտաներին ծանօթացնել երիտասարդներին ու համայնքին: Արսէն Մինասեանը գիլանցի այն ականաւոր բարերաներից էր, ով հասարակութեան խոցելի խաւին պաշտպանելու առումով բազմազան ոլորտներում կարեւոր քայլեր է ձեռնարկել: Նա այն անձն էր ,ում ծառայութիւնները յիշարժան են»:
Գիլանի համալսարանի ռեկտոր Մոհամադ Դուսթարը Արսէն Մինասեանին նկարագրելիս նշեց. «Նրա մասին խօսելիս չենք անդրադառնում նրա գիտական ոլորտին, այլ նրա անձնազոհութիւններին, բարերարութեանը եւ մարդ արարածի նկատմամբ նրա հոգատարութեանը: Նա կարող է հանդիսանալ խորհրդանիշը ժամանակակից հասարակութիւնների համար»:
Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ Գիլան նահանգի համալսարաններում յեղափոխութեան առաջնորդի կենտրոնի պատասխանատու հոջ. Ալի Մուհամմադ Աբբասին: Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Մի երկրի կապիտալը դրա նիւթական ռեսուրսներն ու հարստութիւնները չեն, այլ անւանի դէմքերն ու բարերարները, ինչպէս Արսէն Մինասեանը, որոնք պէտք է ներկայացւեն հասարակութեանը»:
«Շահիդ Բեհեշտի» համալսարանի պրոֆեսորադասախօսական կազմի անդամ Նարգես Հոսէյն Մորադին եւս իր ելոյթի ընթացքում ընդգծել է. «Մենք հասարակութեանը պէտք է ծանօթացնենք այնպիսի յիշարժան ու մնայուն դէմքերի, ինչպէս Արսէն Մինասեանին, ովքեր անկոտրում կամքով իրենց փորձառութիւնները եւ գիտելիքները իգործ են դնում ժողովրդի դժւարութիւնները կարգաւորելու հարցով: Մեր մեծ Իրանը պարծենում է այն բարի,բարեգործ եւ արժանապատիւ անհատներով, ովքեր դարձել են յիշարժան իրենց անձնուրացութեան, գիտութեան ու կարողականութեան շնորհիւ: Արսէն Մինասեանը մէկն էր այդ անհատներից»:
Միջոցառմանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ընթերցեց Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը: Պատգամի ընթացքում անդրադարձ էր կատարւել ազգային-հասարակական գործիչ եւ բարեգործ Արսէն Մինասեանի անմնացորդ ժառանգութեան մասին ու բարձր գնահատւել նրա անմոռաց յիշատակը:
Օրւայ առիթով իր խօսքը փոխանցեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, Արսէն Մինասեանի հարազատներից եւ նրա յիշատակին «Սայեէ Մասիհ» գրքի հեղինակ Իսակ Իւնանէսեանը: Իր ելոյթի ընթացքում նա իր գոհունակութիւնը յայտնեց Աստծուն, որ արարել է Արսէն Մինասեանի նման մարդու եւ նշեց. «Այսօր որպէս նա իր իրանցի եւ որպէս հայ կարող եմ հպարտանքով խօսել Իրանի վեհ ժողովրդի դիմաց յանձինս Արսէն Մինասեանի նման մարդու»: Նա ընդգծեց. «Արսէնի մասին կարելի է անդրադառնալ երկու ոլորտներից: Նախ նրա մարդասիրական ոլորտը, քանզի նա բարեգործութեան համար որեւէ սահման չէր ճանաչում: Իսկ երկրորդ ոլորտը նրա հայրենասիրութիւնը եւ Իրանասիրութիւնն էր»:
Միջոցառման ընթացքում տեսակապի միջոցով իր խօսքը փոխանցեց առաջնորդութեան Բանիմացների խորհրդում Գիլանի ժողովրդի ներկայացուցիչ եւ «Ահլէ Բէյթ» համաշխարհային համագումարի գլխաւոր քարտուղար այաթ. Ռեզա Ռամեզանինով անդրադարձաւ բարեգործութեան կարեւորութեանը:
Արսէն Մինասեանի յուշերեկոյի ընթացքում Գիլանի պետական համալսարանի նւագախումբը մի քանի կտոր հնչեցրեց նրա յիշատակին:
Միջոցառման աւարտին շնորհանդէսը կատարւեց գիլանցի հետազօտող եւ գրող Մոհամմադ Ռանջբարի գրչին պատկանող «Մուսիօ» գրքի, որը անդրադառնում է Արսէն Մինասեանի կենաքին ու գործունէութեանը: Ծրագրի աւարտին Էլիտաների հիմնադրամի գնահատագիրը եւ Արսէն Մինասեանի կիսանդրին յանձնւեց Իսակ Իւնանէսեանին, նաեւ հաշմանդամների ու տարէցների կենտրոնի տնօրէնին:
Նիւթը կազմել է ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ