
Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման առիթով՝ Ապրիլի 24-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպւած համահաւաքի ընթացքում, ներկաներին իրենց խօսքերը փոխանցեցին` Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը:
Ստորեւ ներկայացնում ենք խօսքերից հատւածներ:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի խօսքերից հատւածներ
«Հարիւր տասը տարի առաջ մի արիւնոտ գարնան տեղի ունեցաւ մի ողբերգութիւն, որը ցնցեց մարդկութեան խիղճը։ Աւելի քան մէկուկես միլիոն հայեր, պարզապէս այլ ինքնութիւն ունենալու մեղադրանքով, դարձան չարագուշակ ու կանխամտածւած որոշման զոհ։ Այս ցեղասպանութիւնը, կազմակերպւած ծրագիր էր մի ժողովրդի աշխարհի պատմամշակութային աշխարհագրութիւնից զեղչելու նպատակով:
1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը պատերազմի անխուսափելի հետեւանքը չէր, այլ քաղաքական լծակ՝ մի չարաբաստիկ նախագծի. նախագիծ, որը սիստեմատիկ կերպով իրականացւեց բռնի տեղահանութիւնների, սովի, դաժան սպանութիւնների եւ մշակութային արժէքների ոչնչացման ձեւով եւ յանգեցրեց մի ժողովրդի ֆիզիկական եւ հոգեւոր զեղչմանը իր մայր հայրենիքից»:
Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց, որ Թուրքիայի ներկայի կառավարութիւնը որը օրինաւոր ժառանգորդն է Օսմանական կայսրութեան, կատարւածի պատմական ու բարոյական պատասխանատւութիւնը ընդունելու փոխարէն, հերքում է այն, իսկ ժխտելը համազոր է այդ ոճրագործութեան շարունակման: Նա ընդգծեց, որ ժխտման մոդելը այսօրւայ աշխարհի այլ բռնապետների համար դարձել է խորհրդանիշ, ովքեր ոգեշնչւած նոյն վայրագութիւններից, վերացնում են ժողովուրդների էթնիկ, մշակութային եւ կրօնական ինքնութիւնը. սկսած Ղարաբաղի հայ բնակչութեան նկատմամբ ռասիստականքաղաքականութիւնից, որը յանգեցրեց նրանց բռնի տեղահանմանը, մինչեւ Գազայում Սիոնիստականմանկասպան ռեժիմի ոճրագործական գործողութիւնները,եւ տարածաշրջանի իրաւազրկւած ժողովուրդների դէմ անպատասխան մնացած յանցագործութիւնները։ Իր ելոյթի այլ բաժնում պատգամաւորը ընդգծեց. «Իրանի վեհ ժողովրդի դիտանկիւնից իրաւազրկւածը համարւում է իրաւազրկւած, դա լինի 1915-ին աքսորի ճանապարհներին մահապատժի ենթարկւած հայ երեխան, թէ այսօր Գազայում պաղեստինցի երեխան, ով օկուպացիոն ռեժիմի էքսպանսիոնիստական ու դաժան քաղաքականութեան զոհն է դառնում: Իրաւազրկւածը անկախ ռասայից եւ կրօնից, արժանի է օգնութեան եւ պաշտպանութեան, իսկ կեղեքիչը՝ լինի այն երէկւայ օսմանցին, թէ այսօրայ Սիոնիստական ռեժիմը, դատապարտւած է եւ արժանի է պատժի»։
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի խօսքից հատւածներ
«Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանեան Թուրքիայի իշխանութիւնների ծրագրած եւ իրականացրած հրէշաւոր ոճրագործութեան նպատակը՝ հայութեան ամբողջական բնաջնջումն էր, իսկ հետեւանքը՝ հայ ժողովրդի հայրենազրկումը եւ մեր իսկ բնօրրանում հայութեան ֆիզիկական, պատմական, հոգեւոր եւ մշակութային ներկայութեան իսպառ բացառումը:
Հայոց Ցեղասպանութիւնն իրականացման օրւանից դարձել է ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային պատմութեան այնպիսի դրւագ, որը հնարաւոր չէ ջնջել դիւանագիտական վաւերագրերից ու դուրս թողներ 21-րդ դարի ժամանակագրութիւնից, անգամ այն մարդկանց յիշողութիւնից, ում նախնիներն են իրականացրել ցեղասպանութիւնը»:
Խօսքի այլ բաժնում այսպէս էր ասւած. «Անառարկելի իրողութիւնների նկատմամբ ժխտողական քաղաքականութիւնը, որը Թուրքիան վարում է արդէն մէկ դարից աւել, շարունակում է լրջագոյն մարտահրաւէրը մնալ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրաւակարգի իրագործման համար:
Առաջին աշխարհամարտից յետոյ նոր թափ առած մարդու իրաւունքների պաշտպանութեան, իրաւունքի գերակայութեան ու արդարադատութեան միջազգային համընդհանուր մեխանիզմների կատարելագործմանը միտւած ջանքերը շարունակում են ստւերում մնալ՝ թուրքական պետութեան եւ նրա դաշնակից Ադրբեջանի խիստ դատապարտելի այս քաղաքականութեամբ:
Անպատժելիութիւնը ծնում ու արդարացնում է նոր յանցագործութիւններ:
Ցաւալիօրէն էթնիկ ու կրօնական ատելութեան հիմքով ցեղասպանական քաղաքականութեան վտանգները, որը ցաւօք դեռ մինչ օրս շարունակւում են, անվաւէր են դարձել մեր ժողովրդի համար: Սրա ցաւալի ու ամենաթարմ ապացոյցները 2020 թւականի պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի փաստագրւած յանցագործութիւններն են՝ ուղղւած էթնիկ հայերի դէմ: Էթնիկ ու կրօնական հիմքով ատելութեան քարոզն ու դրանով մոտիւացւած յանցաւոր գործողութիւններն ադրբեջանական պետութեան կողմից պետական մակարդակով իրականացւեցին արցախահայութեան նկատմամբ: Նպատակը պարզ էր՝ հայեաթափել Արցախն իր բնիկ ժողովրդից, վերացնել հայկական բազմադարեայ մշակոյթի կոթողներն ու նմուշները, ջնջել հայկականութեան հետքը եւ անհնարին դարձել իրենց բնօրրանում ապրող հայերի կեանքը:
Հիմնականում պիտի որոշի ու ոտքի կանգի ինքը հայ ժողովուրդը, իսկ մեր ժողովրդի պահանջը յստակ է. Հայոց Ցեղասպանութիւնը եւ Արցախ երկրի, ժողովրդի բռնի գրաւումն ու տեղահանումը պէտք է ստանայ իրաւական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական»:
Նա խօսքը այսպէս եզրափակեց. «Ոգեկոչելով Մեծ Եղեռնի անմեղ նահատակների յիշատակը՝ մեր հայեացքն ուղղենք ապագային՝ յանուն մեր պետականութեան ու հայ ժողովրդի յարատեւութեան»:
Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեան.
Յանցաւոր է «Լինելու» համար, վճռական է՝ «Մնալու»
«Լռութեան եւ անտարբերութեան մէջ թաթախւած աշխարհում, ուր զարկ են տալիս անարդարութիւնը, կեղեքումը, չարիքը, բռնութիւնը եւ հակամարտութիւնները, իւրաքանչիւր զգօն մարդու պարտականութիւնն է պայքարել եւ արձագանքել վայրագութիւնների դէմ:
Անշուշտ ցաւալի է Հայոց Ցեղասպանութեան մասին մտորումները՝ այն խորը վէրքը, որին կարող չէ բուժել անգամ 110 տարի անցած ժամանակը: Այն վէրքը, որ պարբերաբար բորբոքւում եւ արիւնահոսում է թշնամու վայրագութիւններից, որոնցից խոշորագոյնն էր՝ վերջերս տեղի ունեցած Արցախի պաշարումը, զինագրաւումը եւ բնակիչների բռնիտեղահանումը: Թւում է թէ ոչինչ չի փոխւել այս 110 տարիների ընթացքում:
Անկասկած, այնինչ տեղի ունեցաւ 1915 թւականին եւ շարունակւում է առ այսօր, հիմնովին փոխել է իւրաքանչիւր հայի աշխարհայացքը: Նա այժմ տարբեր ակնոցով է դիտում ամէն ինչ: Նրա հոգում ու մտքում մի խոր անցք է բացւել եւ նա իր էութեան ամենախորունկ շերտերում զգում է իր զոհերի ներկայութիւնն ու կանչը»:
Վերապատւելին պատգամի այլ բաժնում նշել էր. «Այս թեմայի շուրջ մտորումները թէեւ ցաւալի, սակայն սրբարար, եւ ինչպէս ասում են աստւածաբանները, նոյնիսկ ազատարար է:
«Ազատագրական» աստւածաբանները վաղուց համոզւած են, որ տառապելն ու դրա մտապահումը, ինքնին կեղեքման ընդիմութեան մի մասն է կազմում: Հետեւեաբար, եթէ այդ համատեքստում դիտենք ցեղասպանութիւնը, կը համոզւենք, որ պատմական տեղեկատւութեամբ եւ չարագործութեան հեղինակների դատապարտմամբ, հնարաւոր է կանխել նման սարսափելի ու աղետալի ողբերգութիւնների կրկնութիւնը…: Նշելի է նաեւ պատմական յիշողութեան եւ մարդկայնութեան անհերքելի յարաբերութիւնը: Իրադարձութիւնների մտապահման եւ բարոյականութեան միջեւ ուղղակի կապ կայ, այնպէս որ, պատմական յիշողութեան ջնջել կամ խեղաթիւրելն ազդում է նաեւ քաղաքական դիրքորոշման:
Առանց պատճառի չէ, որ ցեղասպան ոճրագործները, որոնք իրենց նենգութեան ստեւրն են գցել ոչ միայն 20-րդ դարի, այլեւ 21-րդ դարի վրայ, պարբերաբար փորձում են շուռ տալով, ջնջելով եւ աղաւաղելով պատմական փաստերը, փախչել իրենց մութ գործերից: Այս խեղաթիւրման մի մասը կատարւում է լեզւական դաշտում՝ միտումնաւոր ոչ համապատասխան բառապաշար, ոճ եւ անորոշ գրականութիւն օգտագործելով, ինչը ակնյայտ է ոչ միայն Թուրքիայի ներկայիս կառավարութեան քաղաքական գրականութիւնում, այլեւ այս ամէնի պարագլուխ՝ Սիոնիստական ռեժիմում:
20-րդ դարի նշանաւոր աստւածաբան Իւրգեն Մոլտմանը, բռնադատութիւնների մտապահման մասին ասում է. «Բռնադատւածներին եւ պատերազմական յանցագործութիւնների զոհերին մոռանալը, հաւասարազօր է նրանց կրկին սպանութեան»:
Վստահաբար կեղեքւածութեան յիշողութիւնն ինքնին ապաքինման կարիք ունի, սակայն մոռանալ այնինչ պատահել է տուժածների եւ զոհերի հետ կամ անտեսել ու աչք փակել այնինչի վրայ, որ այսօր կատարւում է նմանատիպ պարագաներում, հաւասար է մեղաւորների յանցագործութիւններին մեղսակցութեան:
«Անդրադառնալով ապրիլեան եղեռնին՝ կենտրոնանանք բուն «Ցեղասպանութիւն» բառի վրայ եւ դրա գերակշռութիւնը նմանատիպ տերմինների նկատմամբ։
Նիւ Եօրքի համալսարանի վերլուծական փիլիսոփայութեան դասախօս, դոկտոր Փոլ Պօղոսեանը «Ցեղասպանութեան հասկացութիւն» վերնագրով յօդւածում վերլուծում է այս տերմինի նշանակութիւնը եւ դրա գերակշռութեան պատճառները՝ պնդելով, որ ապրիլեան եղեռնը չպէտք է անւանել «ջարդ», «սպանութիւն» կամ որեւէ այլ բան, այլ հայ ժողովրդի բռնի տեղահանումը եւ կարգաւորւած էթնիկ զտման ենթարկելը միայն կարելի է արտայայտել «Ցեղասպանութիւն» լեզւական արտայայտութիւնով:
Ինչպէս գիտենք, այս բառն առաջին անգամ օգտագործել է Ռաֆայէլ Լեմկինը 1944 թւականին՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեանը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքացիական զոհերին»,- ընդգծեց Վերապատւելին։
Նա ասաց. «Սխալ տրամաբանութիւններից մէկը, որին դիմում են յանցագործները, լինի դա Հայոց Ցեղասպանութեան, թէ Գազայի, Լիբանանի եւ Պաղեստինի անմեղ ժողովրդի պարագան, զոհերի թւի չափազանցման պնդումն է: Սակայն, ըստ վերը նշւած բացատրութեան, թէկուզ մէկ մարդու սպանութիւնը կարելի է համարել ցեղասպանութեան նմուշ։
Ժան-Պոլ Սարտրը, ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփան, ով նաեւ քաղաքական պայքարների նկարագիր ունի, ասում է. «Իւրաքանչիւր մարդու մէջ ներկայ է ողջ մարդկային համայնքը: Հետեւաբար, այնինչ պատահում է մէկ անձի հետ, տեղի է ունենում ամբողջ մարդկային համայնքի հետ»:
Ցաւօք, քանի որ աշխարհում բացակայում է ցեղասպաններին դատապարտելու եւ պատժելու կամքը, այսօր մենք բախւում ենք դրանց արդիացած եւ թարմացւած տարբերակների կրկնութեանը՝ Արցախում, Գազայում, Լիբանանում, Սիրիայում եւ Պաղեստինում։
Եզրափակելով՝ ուզում եմ մէջբերել մի հատւած Դոստոեւսկու «Գրառումներ մեռեալ տնից» հաւերժական ստեղծագործութիւնից։
Ռուս, խորամիտ հեղինակը, որը յայտնի է մարդկային հոգեկան աշխարհի խաւար հատւածներում խորամուխ լինելուն, գրքի մի հատւածում, ասում է. «Ոմանք արիւնարբու են. նա, ով մէկ անգամ ճաշակել է մէկ այլ մարդու մարմնին ու արեան տիրելու եւ նրան նւաստացնելու ուժը, չի կարող յաղթահարել այս գայթակղութեանը: Այս պահւածքը մի տեսակ կախւածութիւնն է. այն զարգանում է եւ դառնում հիւանդութիւն։ Այս հիւանդագին սովորութիւնը ապականում է մարդու սիրտը եւ տանում նրան դիւային ու այլասերւած վարքի, այնպէս որ նրա մարդկայնութիւնից ոչինչ չի մնում»։
Եթէ չէք հաւատում 160-ամեայ այս գրութեանը, պարզապէս նայէ՛ք Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոսկորների թմբի սրտաճմլիկ լուսանկարին, որին յաջորդում է Գազայի մանուկ նահատակի չորացած ձեռքի պատկերը, որը իր տան աւերակներից՝ անմեղութեան եւ զրկանքի ծածանած դրօշակն է»։
«ԱԼԻՔ»