ԹեհրանՀամայնք

Հաւաքական տնտեսութեան համակարգ

Հայ գործարարների ցանց

ԷՄԻԼ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

 

Սիրենք թէ ոչ, տնտեսութիւնը իշխում է մարդկային յարաբերութիւնների վրայ՝ նրա տարբեր շերտերում, սկսած ընտանիքից մինչեւ միջազգային յարաբերութիւններ: Ապահովութիւն, յարգանք, ծրագրերի իրականացում, յաղթանակներ եւ այլ ձեռքբերումներ վայելելու համար տնտեսական գործօնը որոշիչ դեր է կատարում համարեայ միշտ: Բացառութիւններ իհարկէ միշտ եղել են եւ կան երբ մարդկային բարձր առաքինութիւնը հզօր է այնքան որ յաջողութեան դռները բացւում են ինքնաբերաբար ու նաեւ հակառակը՝ երբ հարստութիւնն անգամ մարդուն չի օգնում յարգանք եւ հասարակական դիրք վայելելու:  

Հեռանկար ունեցող մարդիկ ծրագրւած կեանք են ապրում եւ յաջողութեան հասնելու համար համապատասխան տնտեսական միջոցներն են առաջացնում: Պէտք է ընդունել սակայն որ ոչ բոլորն են ընդունակ տնտեսական խոշոր միջոցներ առաջացնելու, ուստի կարելի է ասել մարդիկ նայում են իրենց տնտեսական կարողութեան եւ իրենց երազանքները կերտում դրա համապատասխան: Նոյնը կարելի է ընդհանրացնել հասարակական հաստատութիւնների, տնտեսական եւ քաղաքական կազմակերպութիւնների՝ ընդհուպ մինչեւ երկրների իշխանութեան մասին:

Համայնքներ որ տնտեսական տագնապ են ապրում եւ դրանից դուրս գալու ելքը չգիտեն, մեծ երազանքներ չեն փայփայում: Ինչքան մեծ լինի անհատական եւ հաւաքական բարւոքութեան մակարդակը համայնքում, այնքան մեծ կլինի զարգացման ձգտումն ու երազանքը: Հարուստ համայնքներում ապրելով եւ զարգանալով մարդկանց մէջ ձեւաւորւում է ինքնաւստահութիւն եւ հաւատք՝ երազանքներ իրականացնելու ուղղութեամբ:

Նման մոդելով համայնք կերտելու համար, անհատի բարւոքութիւնը դառնում է մեկնակէտ: Մարդիկ անհատական մղումներով հասնում են հաւաքական շահերի եւ այսպիսով դրւում է Հաւաքական Տնտեսութեան Համակարգի կերտման հիմնաքարը:

 * * *

HIECONET նախաձեռնութիւնը հայ գործարարների կազմակերպութիւն է, որը հիմնականում նպատակ ունի հայ գործարարների համախմբումով առաջացնել հաւաքական տնտեսական ծրագրերի մշակման եւ իրականացման համակարգ:

 

«Հզօրացում Հաւաքական Տնտեսութիւն Միջոցով» կարգախօսը Հայ Գործարարների Ցանցի գաղափարախօսութեան առանացքն է կազմում, որի շուրջ է ձեւաւորւում կազմակերպութեան ուղղեգիծն ու ծրագրերը: Մեկնելով այդ գաղափարից Կազմակերպութիւնը իր գործունէութեան մէջ կարեւորում է այն սկզբունքները, որոնք համապատասխանում են սոցիալական պատասխանատւութեան չափանիշներին:

Կազմակերպութեան նպատակը եւ ծրագրերի ընդհանուր գծերրը կարելի է ներկայացնել հետեւեալ կարգով՝

  • Համախմբել Հայ գործարարներին եւ առիթ ստեղծել ծաօթանալու միմիանց հետ ու նաեւ ճանաչեցնել նրանց հայ համայնքներին ոչ միայն Իրանում այլ Հայաստանում եւ Սփիւռքում:
  • Ընդլայնել հայ գործարարների կապերը Իրանի եւ արտերկրի բիզինես ոլորտին կապւող հաստատութիւնների հետ:
  • Կազմակերպելով միջոցառումներ Իրանում եւ արտերկրում՝ անդամներին օժանդակել նոր շուկաներ մուտք գործելու ուղղութեամբ:
  • Ստեղծել միջոցներ բիզինես միջավայրի արգելքները միասնաբար յաղթահարելու համար:
  • Հովանաւորել հայ երիտասարդ նորակառոյց ընկերութիւններին եւ start up ներին:
  • Օժանդակել հայ երիտասարդութեանը աշխատանքի անցնելու ուղղութեամբ:
  • Օգնել հայկական ազգային հաստատութիւններին մնայուն տնտեսական միջոցներ ձեւաւորելու համար:

Իսկ կազմակերպութեան գործունէութեան առանցքը՝ դա համտեղ խոշոր բիզինես ձեռնակութիւնների ծրագրումը եւ իրականացումն է:

Հայ գործարարները ներկայում աշխատում են առանձին կամ փոքրաթիւ բաժնետէրերի ընկերակցութեամբ: Նրանք յաճախ յաջողակ են իրենց բիզինես ասպարէզում, յարգւած եւ սիրւած երկրի գործարար միջավայրում: Սակայն ընդհանրապէս նրանք չեն ծաւալւում այնքան որ համեմատւեն երկրի մասշտաբով խոշոր կամ նոյնիսկ միջին համարւող տնտեսական կազմակերպութիւնների հետ:

Համատեղ խոշոր բիզնես ծրագրեր իրականացնելու համար համագործակցութեան հող է պէտք պատրաստել: Խօսւում է երբեմն որ հայերը միասնական բիզինես անելու ընդունակ չեն: Իրականութիւնն այն է որ հայերը գենետիկ խնդիր չունեն եւ դա համամարդկային երեւոյթ է եւ պատճառը համապատասխան գիտութիւններին չտիրապետելն է: Բազմաքանակ բաժնետէրերով աշխատող խոշոր ընկերութիւնները եւ հոլդինգները աշխատում են այլ մակարտակի վարչագիտական հիմունքներով: Յաջողակ խոշոր հաստատութիւնները գիտականօրէն հիմնում են այնպիսի վարչակարգ որտեղ հնարաւոր է դառնում բաժնետէրերի վստահութիւնը շահել ոչ միայն թափանցիկ ֆինանսական համակարգի միջոցով այլ մի շարք այլ վարչագիտական առաջադէմ լուծումներով:

Հայ Գործարարների Ցանցը աշխատելու է ստեղծել այդ ենթահողը որտեղ հայ գործարարները կունենան մղումը համախմբւելու խոշոր բիզինես ծրագրերի շուրջ եւ միասնական ներդրումով իրականացնել այնպիսի ծրագրեր որ իրենցից որեւէ մէկը գուցէ չփորձեր միայնակ:

Միասնական բիզինես ծրագրերը ունեն մի շարք առաւելութիւններ համեմատ անհատական ձեռնակութիւնների որոնցից մի քանիսը կարելի է յիշատակել՝

  • Անհատական բիզնես ընկերութեան սեփականատէրը բազմակողմանի հարցերի լուծման հետ է առերեսւած, որոնց լուծման համար պարտաւոր է անձամբ մտահոգւել միշտ: Նման կառոյցների ղեկավարման stress-ը բարձր է եւ ձեռներեցի համար քիչ ժամ եւ էներգիա է մնում զարգացման ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համար: Խոշոր բաժնետիրական ընկերութիւններում առկայ են համախոհութիւն, մտահոգութիւնները բաժանւում են, կան բաւարար նիւթական միջոցներ մասնագէտնրից օգտւելու՝ դժւարութիւնների լուծման եւ զարգացման ծրագրերի մշակման համար:
  • Սահմանափակ կապիտալով հնարաւոր չէ մուտք գործել մրցակցային շուկաներ, այն ինչ միասնական ներդրման ծրագրերով կարելի է մրցակցել այնպիսի բիզինես ոլորտներում որտեղ են ընթանում շուկայական խոշոր շրջանառութիւնները:
  • Անձնական կամ ընտանեկան ընկերութիւնները ինչքան էլ որ նրանք երկարամեայ յաջողակ անցեալ ունեցած լինեն, եթէ սերունդները չեն յաջորդում աւագ սերնդին, բիզինեսը չի գոյատեւում: Բաժնէտիրական ընկերութիւնները յարատեւում են անկախ անձանցից, բաժնետէրը պահում է իր բաժինը եւ ժառանգութիւն թողնում յաջորդ սերնդին որպէս մնայուն եկամուտի աղբիւր:

Հայ Գործարաների Ցանց  HIECONet -ը սկսել է արդէն իր գործունէութիւնը եւ շուտով կունենայ իր անդրանիկ համաժողովը:

Կազմակերպութիւնը ունի իր կայքէջը www.hieconet.com որը առայժմս պարսկերէն լեզւով է միայն ներբեռնւած որտեղ կարելի է ծանօթանալ մանրամասնութիւնների հետ:

Հետեւէք մեզ սոցիալական ցանցերում:

Related Articles

Back to top button