ԱտրպատականՀամայնք

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Վարդան Վարդանեանի մահւան տխուր առիթով

Սրտի դառն կսկիծով իմացանք իրանահայ կեանքում փայլուն անցեալ, ու ծառայական մեծ զոհողութիւններով իր ազգի կեանքում ղեկավարի դիրք զբաղեցրած ճարտարագէտ՝ Վարդան Վարդանեանի մահւան գոյժը:

Ազգային կեանքի ծառայութեանը սահմանափակում չճանաչող անձ եղաւ հանգուցեալ Վարդան Վարդանեանը, որը Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի աշխատանքներին իր 16 տարիների անձնւէր մասնակցութիւնից յետոյ իսկ, չդադարեցրեց ազգային ծառայութեան անխոնջ աշխատանք կատարել: Իրանահայութեան կեանքի պատմագրքում ոսկէգիր են ճանաչւելու այն էջերը, որոնք քաղաքական եւ դիւանագիտական նուրբ մօտեցումներով է արձանագրել հանգուցեալը:

Երկրի քաղաքական վերիվայրումների, արտաքին աշխարհից հասնող սպառնալիքների եւ ռազմաքաղաքական բարդ իրավիճակների ներկայ ժամանակահատւածում, ինչքա՜ն կարիքն ենք զգալու Վարդան Վարդանեանի նման քաղաքագէտ, ու փորձառութեամբ հիւսւած մտքերի, որոնք անցեալում դարբնւած հոգով ու մտքով օգնելու էին մեզ:

Վատառողջ վիճակում իսկ, Վարդան Վարդանեանը յաճախակի զանգերով իր ուրախութիւնն էր յայտնում մեզ, մամուլից ընթերցելուց յետոյ Ատրպատականի հայոց պատմաբոյր թեմի աշխոյժ ծրագրերը, գնահատելով Թեմական խորհրդի եւ երիտասարդութեան աշխատանքները Թաւրիզում եւ Ուրմիայում:

Այս տխուր առիթով, որպէս առաջնորդ՝ անձնապէս, եւ Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան անունից խորապէս ցաւակցում ենք հանգուցեալի տիկնոջ՝ Անահիտին եւ զաւակներին, ու բոլոր հարազատներին, ինչպէս նաեւ իր պատկանած կուսակցութեան եւ կառոյցներին մաղթելով, որ Աստւած լո՜յս երանութեան մէջ հանգչեցնի Վարդան Վարդանեանի հոգին, եւ բոլորին պարգեւի Ս. Հոգու անսպառ մխիթարութիւնը:

Վշտակից՝

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

Related Articles

Back to top button