Մեծարանքի հանդիսութիւն նւիրւած ՀՕՄ-ի վաստակաշատ անդամուհի՝ Ռոնիկ Մեջլումեան-Գոլոյեանին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, հոկտեմբերի 16-ի երեկոյեան ժամը 4:00-ին, հանդիսապետութեամբ Թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, Ուրմիայի «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վաստակաշատ անդամուհի, եւ «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչուհի՝ Ռոնիկ Մեջլումեանի մեծարանքի հանդիսութիւնը:
Բացման խօսքով բարի գալուստ մաղթեց ՀՕՄ-ի վարչութեան ատենադպրուհի Լինէթ Մեջլումեանը: Նա ողջունեց Թարգմանչաց տօնի առթիւ հաւաքւած ներկաներին, ինչպէս նաեւ սոյն առիթը համալրող մեծարանքի հանդիսութեան մասնակիցներին. «Այս օրը թող մեզ սովորեցնի, թէ ինչքան կարեւոր է մեր մշակոյթը փոխանցել յաջորդ սերունդներին: ՀՕՄ-ի միջոցով կազմակերպւել է գեղարւեստական եւ գնատականի ձեռնարկ» ասաց նա, օրւայ ծրագրի ցանկը ներկայացնելով: Ապա Հայ Մշակոյթի պատմական ներդրման եւ հայ ժողովրդի գոյութեան յաւերժացման մասին դասախօսեցին ուսուցչուհիներ՝ Օֆելիա Սայեադեանը եւ Ռուզաննա Մուրադեանը: Նրանք ներկայացրին հայոց Այբուբենի հնարման հրաշքը Մաշտոցեան ջանքերով, ինչպէս նաեւ դրա զարգացման ընթացքը դարերի տեւողութեամբ:
Կրթարանի երեխաները, իրենց ուսուցչուհիների Օֆելիայի եւ Նարինէ Մեջլումեանի ղեկավարութեամբ հարւածային նւագարաններով հանդէս եկան, եւ ապա՝ Կրթարանի պարուսոյց Ցօղիկ Մուրադեանի ցուցմունքով, աշակերտուհիները պարով խանդավառեցին հանդիսականներին, իսկ Մոնթէ Իւհաննայեանը շնորհալի ձայնով մեներգեց, ծափողջոյններ խլելով հանիսականներից:
Ուսուցչուհիներ Նարինէ Մեջլումեանը եւ Ցօղիկ Մուրադեանը ասմունքով հմայեցին ներկաներին, հայ մշակոյթը փառաբանելով:
Ծրագրի երկրորդ բաժնում տեղի ունեցաւ մեծարանքի հանդիսութիւնը, երկարամեայ կրթական մշակ, եւ տասնամեայ տեսչուհի ՀՕՄ-ի «Նայիրի» կրթարանի՝ Ռոնիկ Մեջլումանին նւիրւած:
Երախտիքի խօսք արտասանեց ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի ատենապետուհի Լալա Ֆարհադեանը: Նա յատկապէս ասաց. «Հայոց լեզուն է մեր ժողովրդի գոյութեան հզօրագոյն միջոցը: Դարեր շարունակ շատ ազգեր եկել են ու անցել, իսկ հայ ազգը եղել է անխորտակելի ու հզօր», ասաց նա, անդրադառնալով հայ մշակոյթի կոթողային կերպարին: Ապա նա խօսեց Ռոնիկ Մեջլումեանի անձնդիր ծառայութեան, յատկապէս կրթական ոլորտում, եւ մանաւանդ «Նայիրի» կրթարանում, որպէս տեսչուհի. «Ռոնիկը տաս տարիներ հոգատարութեամբ եւ սիրով կատարեց իր նւիրեալ առաքելութիւնը մեր Կրթարանում: Նա ամբողջ ժամանակը ջանք է թափել մեր երեխաների համար, միշտ ժպիտով, սիրով, խանդաղատանքով: Նա իր կողքին միշտ ունեցել է ՀՕՄ-ի վարչութիւնը, Սրբազան Հօր օրհնութեամբ եւ բարձր հովանաւորութեամբ: Ռոնիկը անցեալ տարիներում նաեւ մտերիկ ընկերուհին դարձաւ ոչ միայն երեխաներին, այլեւ նրանց ծնողներին», շեշտեց նա:
Առաջնորդ Սրբազանը բեմ հրաւիրւելով, առաջին հերթին անդրադարձաւ հայ մշակոյթի փրկարար զօրութեան, որի շնորհիւ գոյատեւում է մեր ազգը: Նա խօսեց նաեւ ներկայ ժամանակներին մեր պետութեան եւ եկեղեցւոյ բախումնային դառն իրավիճակի մասին, անդրադառնալով այն կարեւոր դերին, որն ունեցել է հայոց եկեղեցին մեր մշակութային ծաղկմանը եւ դրանով մեր ազգի գոյատեւման գործում:
Սրբազանը ցաւով անդրադարձաւ, որ սոյն ծրագրին մասնակցող երեխաները ապագային երբ կարդան այս մասին, յիշելու են, որ իրենց ներկայացրած այս հանդէսի օրը հայրենիքում ձերբակալւել են բազմաթիւ եկեղեցականներ եւ կալանքի տակ են ենթարկւել բանտում:
Սրբազան Հայրը բարձրօրէն գնահատելով օրւայ մեծարեալին, նշեց, որ Ռոնիկ Մեջլումեանի ծառայութիւնը պտղաւորւելու է Կրթարանի կեանքում, եւ անցնող սերունդները միշտ յիշելու են նրան, ու երախտապարտ են լինելու:
Ապա, Սրբազանը հրապարակաւ ընթերցեց գրած Օրհնութեան Գիրը, նւիրւած մեծարեալ տեսչուհուն: Այնտեղ նա արձանագրել էր.«Ատրպատականի հայոց թեմի առաջնորդական Մեր ծառայութեան ընթացքում, գոհունակ սրտով ու քաղցրագոյն զգացմունքով ենք հետեւել Ձեզ, որ ուսուցչական ասպարէզում տասնամեակներ ծառայելուց յետոյ, Ձեր հանգստեան կոչւելու ժամանակամիջոցն իսկ ծառայեցրիք, գաղութի նոր առաքելութեան:
«Ուրմիայում, Հայ Օգնութեան Միութեան հովանաւորութիւնը վայելող «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանը մէկ տասնամեակից առ այսօր, վայելում էր Ձեր նւիրեալ ծառայութիւնը, որպէս տեսչուհի, մանկական սոյն կրթարանի ուսումնական, ընկերական եւ հայեցի դաստիարակութիւնը գեղազարդող անձ:
Ուսուցչական Ձեր կեանքը հիմնադըրւել է ուսումնական տարիները աւարտելուց յետոյ: 1963 թւին, առաջին աշակերտներից հանդիսանալով Ուրմիայի հայոց «Անուշիրաւան» դպրոցի, այն աւարտել էք, եւ ապա Ձեր ուսումը շարունակել «Շահդուխթ» դպրոցում: Միջնակարգի ուսումից յետոյ Առողջապահութեան բարձրագոյն դպրոցը պատւով աւարտելով, նւիրւել էք ուսուցչական ասպարէզի, հայոց «Մասիհա» կրթական հաստատութիւնում, ամբողջացնելով 30 տարիների նւիրեալ ծառայութիւնը:
Ընտանիք կազմելուց եւ զաւակների տէր լինելուց բացի, ազգային ծառայութեան եւ մեր հաւաքական կեանքին Ձեր մասնակցութիւնը եւս գովելի աշխատանք է, որը մինչեւ այսօր շարունակում էք կատարել: ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի գործունէական կեանքում մնայուն ներկայութեամբ, միշտ սատար էք հանդիսացել, եւ շարունակում էք հանդիսանալ, մարդասիրական այս կառոյցի նպատակասլաց աշխատանքին:
Ատրպատականի հայոց հնաբոյր մեր թեմի ժամանակակից պատմութեան էջերում, Դուք արժանի դարձաք արժանաւորապէս յիշւելու, որպէս հայ մանկըտւոյն դաստիարակութեան նւիրեալ մի անձ, «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի յարկի տակ: Աւելին, Ձեր երիտասարդական տարիներից սկսեալ, որպէս ազգային կառոյցների գործունէութեանը հաւատացող անձ, նւիրւեցիք անդուլ ծառայել, եւ անվճար մասնակցութեամբ արժէքաւորել ազգաշէն իւրաքանչիւր առիթ:
Այժմ, երբ հանգստեան էք կոչւում, վստահ ենք Ձեր դաստիարակչական կնիքը ընդերկար մնալու է նոր սերնդի վրայ, եւ միւս կողմից կազմակերպչական աշխատանքների ալիքը, դարձեալ շարունակւելու է Ձեր միջոցաւ, այս անգամ նոր եռանդով, ու անցեալի քաղցր յուշերով ամրացած:
Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան երախտագիտութիւնը փոխանցելով, անձնապէս օրհնում ենք Ձեզ, գնահատելով Ձեր անխոնջ նւիրումը: Մեր աղօթքը եւ մաղթանքն է, որ Աստւած Ձեզ միշտ ծաղկուն պահի մեր համայնքում, նոր իրագործումներ յաջողեցնելու առիթ ընծայելով», ասւում է Սրբազան Հօր «Օրհնութեան Գիր»-ում:
Երախտագիտական սրտառուչ խօսքով ելոյթ ունեցաւ մեծարեալը: Նա առաջին հերթին փառք տւեց Աստծուն, որ առիթ էր ընծայել իրեն, ծառայել ուրիշին. «Անցնող տաս տարիների ընթացքում ամբողջ հոգով մտայ փոքրիկների աշխարհը… Շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր նրանց, ովքեր անցնող տարիներին եղել են իմ կողքին, զօրակցել ու աջակցել ինձ», ասաց նա, շնորհակալութիւն յայտնելով առաջնորդ Սրբազան Հօրը, Սեդա Մեջլումեանին, ուսուցչական կազմին, տասը տարիների ընթացքում Կրթարանի յարկում եղած ծնողներին, նաեւ մասնաւորի ՀՕՄ-ի վարչութեանը, եւ մանաւանդ իր ընտանիքի բոլոր անդամներին:
Հանդիսութիւնը իր լրմանը հասաւ յուշանւէրների յանձնման պահով, ինչպէս նաեւ յիշատակի լուսանկարներով, խմբային աշխատանքի լծւած բոլոր միութիւնների ներկայութեամբ: Բոլորը հերթաբար մօտեցան մեծարեալին, եւ ապագայի բարեմաղթութիւններ կատարեցին նրան: Ուշ երեկոյին բոլորը վերադարձան իրենց բնակարանները գոհունակ սրտով, խոստում տալով շարունակել ազգի կեանքը:















